‘Սերժ Սարգսյանը «քնեց» պետությունը’

2685

Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը չի քնել։ Համենայնդեպս, այդպիսի կադրեր դեռ չեն հայտնվել համացանցում։ Ոմանք պնդում են, որ նա, այնուամենայնիվ, քնել է։ Ամեն դեպքում, հարկ է արձանագրել, որ այս պահի դրությամբ արժանահավատը չքնելու վարկածն է։ Սակայն, դատելով ամենից, Սարգսյանն արթուն էլ չի եղել։ Եթե նա արթուն լիներ, ապա ինչ–որ կերպ կարձագանքեր Ղազախստանի նախագահ Նազարբաևի ասածներին։

Ինչպես հայտնի է, Նուրիկը՝ Նուրսուլթան Նազարբաևը, Ղարաբաղի մասով հատուկ կարծիք էր ներկայացրել՝ ընդգծելով, որ Մաքսային միության սահմանի հարցը պետք է հստակեցվի։ Այլ կերպ ասած՝ Նազարբաևը թուրքական «նաղլն» էր արել Ղարաբաղի մասով։ Սերժ Սարգսյանը կարող էր Ղազախստանի նախագահի ասածներն օգտագործել և նշել, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել, և տնտեսաքաղաքական միավոր հանդիսացող ՄՄ–ի ներսում ընդհանուր սահմանների պահով կոնսենսուս չկա, ապա ՀՀ–ն ձեռնպահ է մնում ՄՄ մտնելուց և կմասնակցի աշխատանքներին դիտորդի կարգավիճակով։ Կամ էլ Սերժը կարող էր նախապայման դնել, որ Ղարաբաղի հարցում ՄՄ անդամ երկրները ՀՀ–ի շահերին հակասող որևէ հայտարարություն կամ գործողություն իրավունք չունեն անելու, այլապես անիմաստ է դառնում ինտեգրացիոն այդ նախագծին մասնակցելը։

Բայց դե ումից ենք ինչ պահանջում։ «Արևմտամետ» Սերժ Սարգսյանն այնպիսի արագությամբ է հիմա մտնում Կրեմլի «հետնամասը», որ էլ դու սուս։ Հայաստանի ու Ղարաբաղի շահերը նրան հուզում են այնքանով, որքանով չեն հակասում Զորի Գայկովիչի նշած «գեներալնի լինյային»։ Գյուլիստանի պայմանագրին հավատարմության երդում տալուց հետո ՀՀԿ ղեկավարից որևէ պետականամետ քայլ ակնկալելը միամտություն է։ Նրա ուշքն ու միտքը հիմա Պուտինին անսահմանորեն քծնելն է՝ քնած թե արթուն վիճակում։

Սևակ Մինասյան

www.7or.am   

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհները դժվարանցանելի են’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’