‘Սերժ Սարգսյանին ընտրելու խոստում չստացած «գազի մարդը» անջատել է գազը. Ոստիկանական «ծաղկաքաղ»’

1156

Նախագահական  ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն` փետրվարի 12-ի դրությամբ  քննարկվել և քննարկման փուլում է գտնվում  22 դեպք: Ներկայացնում ենք դրանցից ավելի ուշագրավները.

 
Մասնավորապես.

Ըստ «ժառանգություն» կուսակցության շտաբի իրավաբան Հայարփի Նարեյանի 24.01.2013 թ. ահազանգի՝ Արարատի մարզի Վանաշեն գյուղում գյուղապետ Գրիգորյանը խոչընդոտում է իրենց քարոզարշավին: 

Հայարփի Նարեյանը նույն օրը կրկին ահազանգել է   և հայտնել, որ ցանկանում են Վանաշեն գյուղում պաստառ փակցնել, սակայն գյուղապետը գումար է պահանջում:

31.01.2013 թ. քրեական գործի հարուցումը մերժվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցագործության դեպքի բացակայութան պատճառաբանությամբ:

Ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

***

2013 թ. հունվարի 31-ին www.lragir.am էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Արարատի մարզում 10 հազարական դրամ են բաժանում» վերտառությամբ հոդվածը, որում, մասնավորապես, նշվել է. «Արարատի մարզի ՀՀԿ մարզային շտաբն իր աշխատողներին ուղարկում է տնետուն, հատկապես` սոցիալապես անապահով ընտանիքների մոտ, 10 հազար դրամ տալիս, ցուցակագրում, ինչպես նաև վերցնում են բջջային հեռախոսահամարները և ուղղորդում, որ քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին: Նրանք սպառնում են, որ ընտրատարածքներում գրիչների վրա, ինչպես նաև՝ ընտրատարածքներում, հատուկ սարքավորումներ են դրված, որոնք ստուգելու են, թե ում օգտին են քվեարկել:

Մասիսից ԱԺ պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանն էլ բնակիչներին խոստանում է ջրատարներ անցկացնել, սոցիալական օգնություն ցույց տալ ուսանողներին, եթե ընտրեն Սերժ Սարգսյանին»:

Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար:

  

***

05.02.2013 թ. Երևան քաղաքի դատախազությունից ստացվել է գրություն այն մասին, որ համացանցի www.iditord.org էլեկտրոնային կայքում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից տեղադրել են տեղեկատվություն այն մասին, որ Գոռ Թամազյանի «Մեկ ազգ» կազմակերպությունն անարգել շարունակում է հակաքարոզչություն իրականացնել նախագահի թեկնածու Ր. Հովհաննիսյանի նկատմամբ, Երևանի շենքերին ու էլեկտրասյուներին «Ոչ ասեք արևմտամետ Լևոնին և Րաֆֆուն» վերտառությամբ պաստառներ փակցնելով: 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում կատարվում է հետաքննություն:

 

***

Ըստ ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի կողմից 2013 թ. փետրվարի 5-ին մամուլի ասուլիսում արված  հայտարարության՝ ՀՀ վարչական շրջանների վարչակազմերը շենքերի լիազոր ներկայացուցիչների միջոցով տնից տուն են գնում և տեղեկություններ հավաքում, այցելել են նաև Աջափնյակում բնակվող իր մոր տուն և տվյալներ հավաքել, թե տան անդամներից ովքեր են Հայաստանում, ովքեր են մեկնել, նրանց կողմից բաժանված ձևաթղթերում հարց կա նաև, թե արդյոք ընտրողը ձայնը տալու է ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Արման Մելիքյանը հայտնել է նաև, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:

 

***

02.02.2013 թ. համացանցում զետեղված «Ճնշումներ կամ հարկադրանք» հոդվածում նշվել է, որ քաղաքացի Հեղինե Սիմոնյանը ահազանգել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ և հայտնել, որ գազի տեսուչը իրենից պահանջել է անձնագրային տվյալները՝ նշելով, որ իրենց կընդգրկեն Սերժ Սարգսյանի ընտրողների ցուցակում, սակայն քաղաքացին հրաժարվել է, ինչի արդյունքում տեսուչը անջատել է իրենց տան գազը՝ պատճառաբանելով պարտքի առկայությունը:

Նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

 

***

 Նույն հրապարակման համաձայն, Կարճաղբյուրի գյուղապետի կարգադրությամբ գյուղի դպրոցի տնօրենը պարտադրել է բոլոր ուսուցիչներին՝ հավաքել անձնագրերը եւ միեւնույն ժամանակ ամեն մեկին պարտադիր հրահանգ է իջեցրել, որ ով որքան կարող է՝ ցուցակով անձնագրեր հավաքի եւ բերի իրեն ներկայացնի, եթե չի ուզում, որ տհաճ իրավիճակում հայտնվի: Ահազանգը փոխանցողը ցանկացել է անանուն մնալ: 

Նյութերն ուղարկվել են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն:

       

***

 Փետրվարի 8-ին, ժամը 11:00-ի սահմաններում, Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի 1-ին կուրսի ուսանողներ Գրիգորի Ս.-ն և Կարեն Հ.-ն թքել են Էջմիածին քաղաքի Մ. Խորենացու փողոցում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու զբոսայգու պարսպին հարակից էլեկտրասյուներին փակցված` ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի քարոզչական պաստառների վրա, որը նկատել են նշված վայրում ծառայություն կատարող ոստիկանության ծառայողները և նրանց բերման ենթարկել ոստիկանություն:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:    

  

***

Ըստ փետրվարի 10-ին համացանցում տեղադրված «Կաշառք և արտոնություններ» հոդվածի՝ Աջափնյակ համայնքում ՀՀԿ-ականները անձնագրային տվյալները տրամադրելու դիմաց առաջարկում են 20 հազար ՀՀ դրամ ընտրակաշառք: 

Հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նյութեր նախապատրաստելու համար:

 

***

Ըստ փետրվարի 9-ին համացանցում զետեղված «Ճնշումներ կամ հարկադրանք» վերնագրով հոդվածի՝ Գյումրիի «Գալա» լրահավաք հեռախոսահամարին են զանգահարում քաղաքացիներ, մշակույթի կենտրոնների, նախակրթարանների, երաժշտական, սպորտ դպրոցների   մանկավարժներ և բողոքում, որ իրենց ստիպում են ներկա գտնվել ՀՀԿ թեկնածուի հետ հանդիպմանը` սպառնալով, որ ներկայություն չապահովելու դեպքում ստիպված կլինեն աշխատանքից հեռանալու դիմում գրել: 

Հոդվածը ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

 

 

Նախորդ հոդվածը‘Թուրքական ռազմական ուղղաթիռը ներխուժել է Հունաստանի օդային տարածք’
Հաջորդ հոդվածը‘Ո՞ւմ դեմ էր ուղղված թուրք-սիրիական սահմանում որոտացած պայթյունը’