‘Սերժ Սարգսյանին չեն ընդունել եվրոպացի գործընկերները և ԵՄ ղեկավարությունը’

4113

Սերժ Սարգսյանի իրական մեկուսացման մասին է խոսում նրա  այցը Իռլանդիա (մարտի 6-7): Եվրոպական Ժողովրդական կուսակցության դուբլինյան հանդիպմանը մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ ու վարչապետեր, ԵՄ ղեկավարությունը, բարձրաստիճան պաշտոնյաներ: Նման կուսակցական ֆորումների մասնակցությունն ունի երկու հիմնական նպատակ.

-Բարձրաձայնել հուզող խնդիրները, լսելի դարձնել երկրի մոտեցումները տարածաշրջանային, գլոբալ խնդիրների վերաբերյալ:

-Երկկողմ հանդիպումներ:

Երկու հարցում էլ ՀՀԿ ղեկավարը կատարելապես ձախողվել է: Նախ՝ ելույթն իր մեջ որևէ նորություն չի պարունակում, այն պարզապես հետաքրքիր չէր եվրոպական ընտրությունների նախաշեմին հավաքված պատվիրակների համար՝ նույն ձանձրալի ձևակերպումներն են ու հերթապահ բողոք/մեղադրանքները: Առհասարակ՝ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ շնորհավորական ու ցավակցական նախապատրաստող նախագահականի ստորաբաժանման մասնագետների պրոֆեսիոնալիզմը զգալի գերազանցում է արտաքին հարաբերությունների պատասխանատուներինը: Նույնը կարելի է ասել այժմեականության և պրակտիկ օգտակարության մասով, որովհետև Սերժ Սարգսյանի բառապաշարը (նա, թերևս, միակ ելույթ ունեղոցն է, որ չի տիրապետում եվրոպական որևէ լեզվի) մնացել է նույնը, ինչպես չեն փոխվել դեպի դրականը, իսկ ավելի ճշգրիտ՝  վատթարացել են հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Չնայած բոլոր խնդրանքներին ու դիմումներին՝ եվրոպացի գործընկերները չեն պատրաստվում Սերժ Սարգսյանին օգնել որևէ հարցում, առավելեւս՝ հայ-թուրքական կամ ԼՂ հակամարտության կարգավորման հիմնախնդիրներում: Նրանք նույնիսկ Սերժ Սարգսյանի երեսը չեն ուզում տեսնել՝ այլապես ինչպե՞ս հասկանանք, որ Դուբլինում անցկացված երկու օրվա ընթացքում որևէ գործընկերոջ հետ Սերժ Սարգսյանը չկարողացավ հանդիպել: Նրա հետ չհանդիպեցին նույնիսկ Դուբլինում գտնվքող ԱԳ նախարարներ՝ միայն մեկ ԵԽ պատգամավոր ու Կիպրոսի առաջատար ուժերից մեկի ներկայացուցիչը (հանդիպման միջնորդությունը, թերևս, արել էր այդ երկրում սեփական գործերի «ժամանակավոր հավատարմատար» Տիգրան Սարգսյանը) համաձայնվեցին հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: 

Ահա թե ինչ վիճակում է հայտնվել Սերժ Սարգսյանը: Իրեն չօգնեց նաև այն հանգամանքը, որ կուսակցական միջոցառմանը իր հետ տարել էր ՀՀԿ-ի հետ կապ չունեցող պետական պաշոնյաներին` աշխատակազմի ղեկավարին, խորհրդականներին ու օգնականներին: Փաստորեն, կուսակցական շահի համար Սերժ Սարգսյանը չի խորշում նաև մտնել պետության գրպանը և օգտագործել պետական ռեսուրսները:

Վլադիմիր Կարապետյան

Հ.Գ. Կցանկանայինք ստանալ Սերժ Սարգսյանի խոսնակի մեկնաբանությունը, թե ի՞նչ միջոցներով է այս կուսակցական ֆորումին մեկնել Սերժ Սարգսյանը, և եթե դրանք կուսակցական միջոցներ են, ապա ի՞նչ գործ ունեին այդ հավաքին պետական պաշտոնյաները:

Նախորդ հոդվածը‘Պարալիմպիադայի բացումը. Ուկրաինայի հավաքականի դեմարշը’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ Երևանի հյուրանոցներից մեկում’