‘Սերժ Սարգսյանին սատարողները. «Ազգային Միաբանություն», ՍԻՄ եւ ՀՔԴՄ ‘

1289

Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային միաբանություն» կուսակցությունը, Խոսրով Հարությունյանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ) եւ Հայկ Բաբուխանյանի գլխավորած «Սահմանադրական իրավունք» միությունը (ՍԻՄ) առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու են Սերժ Սարգսյանին:  

Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Սերժ Սարգսյանին սատարելու մասին ինքը հայտարարել է դեռ անցած տարվա փետրվարին` իր նախավերջին գրքի շնորհանդեսում, իսկ վերջին` «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» գրքի շնորհանդեսի ժամանակ վերահաստատել է այդ մտադրությունը:

ՍԻՄ կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանն էլ նույն ռադիոկայանին ասել է, թե ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը Սարգսյանի թեկնածությունը սատարելու որոշումն ընդունել է անցած տարեվերջին` հաշվի առնելով, Հայկ Բաբուխանյանի ձեւակերպմամբ` «կուսակցության անդամների եւ համակիրների հոծ բանակի ցանկությունը»:

Եւ դա, ի դեպ, չնայած այն բանին, որ նիստը, որի ընթացքում Բաբուխանյանը ընթերցել էր Սերժ Սարգսյանին սատարելու մասին որոշումը, iLur.am-ի տեղեկություններով, անցել է կիսադատարկ դահլիճում, եւ «կուսակցության համակիրների հոծ բանակ» չէր նկատվում:   

ՔԴՄ-ն պաշտոնապես իր տեսակետը դեռ չի հրապարակել, բայց, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը` «կուսակցությունն իր դիրքորոշումը, անկասկած, կարտահայտի»:

Խոսրով Հարությունյանը «Ազատությանն» ասել է, որ «ակնհայտ է, որ մեր քաղաքական խորհրդի որոշումը կլինի, որ առաջիկա ընտրություններում մենք անվերապահ կպաշտպանենք Սարգսյանի թեկնածությունը»:

Աղբյուրը՝  «Ազատություն» ռ/կ 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը չի ճանաչում Պաղեստինը՝ որպես ինքնուրույն պետություն ‘
Հաջորդ հոդվածը‘Հ. Քլինթոնը դեսպան Սթիվենսի սպանության առնչությամբ հաշվետվություն կներկայացնի ‘