‘Սերժ Սարգսյանի ասածները զարմացրել են Աբխազիայի նախագահին’

2151

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հայտարարել է, որ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ չեն քննարվել աբխազական երկաթուղու հնարավոր վերաբացմանն առնչվող հարցեր: «Իսկ այդ խնդրի մասին Հայաստանի նախագահի հայտարարությունը ես, ինչպես և դուք, կարդացի ինտերնետում: Այդ թեմայի մասին մենք ոչ մեկին ոչ մի ազդանշան չենք տվել»,- gagra.biz կայքի փոխանցմամբ լրագրողներին ասել է Անկվաբը:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Սերժ Սարգսյանն պատասխանելով հարցին, թե աբխազական երկաթուղու մասին խոսակցությունները Նախագահ Պուտինի հետ Ձեր հանդիպման արդյունքում ինչ-որ ազդակ ստացե՞լ է, որքանո՞վ են դրանք իրատեսական և ե՞րբ այն կիրականանա պատասխանել է.

Ժամկետների առումով ես դժվարանում եմ ասել: Կարող եմ ասել հետևյալը, որ հենց հանդիպման ժամանակ, երբ մենք խոսում էինք Նախագահ Պուտինի հետ, նա ասաց, որ այդ օրը հանդիպելու է նաև Աբխազիայի նախագահի հետ և անպայման այդ հարցը կքննարկի: Մենք հետո ստացանք արձագանք, որ կա դրական դիրքորոշում, և պետք է ջանքեր գործադրել, որպեսզի այդ կարևորագույն խնդիրը լուծվի: Թե ի՞նչ ժամկետներում, ես դժվարանում եմ ասել: Խնդիրներ կան՝ կապված վրացական կողմի հետ, խնդիրներ կան՝ կապված աբխազական կողմի հետ, խնդիրներ կան՝ կապված ռուսական կողմի հետ, միայն մենք ենք, որ խնդիր չենք հարուցել, և ցանկություններս շատ մեծ է: Այնպես որ ես այստեղ ակնկալում եմ դրական տեղաշարժեր, իսկ դա ուղղակի հսկայական օգուտ կբերի մեր տնտեսությանը և ոչ միայն: Մենք այսօր, ցավոք, որպեսզի Մոսկվայից մեկ տոննա բեռ երկաթուղով տեղափոխենք Երևան, ծախսում ենք, նկատի ունեմ մեր գործարարներին, 190 դոլար՝ մեկ տոննայի համար: Սա սարսափելի մեծ գին է: Ուրիշ այլ հանգամանքներ նույնիսկ հաշվի չեմ առնում: Նույնն էլ արտահանման պարագայում է: Ես այստեղ մեծ հույսեր ունեմ:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում Ռուսաստանի դեսպան է նշանակվել լրտեսության մեջ մեղադրվածը’
Հաջորդ հոդվածը‘ԿԱՀ-ում ապստամբները գրավել են նախագահական պալատը’