‘Սերժ Սարգսյանի «ինքնախոստովանական ցուցմունքը»’

2309

Սերժ Սարգսյանի վերջին՝ իբրև ասուլիս մատուցված թատերական ներկայացումը սոցիալական ցանցերում շատերը որակեցին  «ինքնախոստովանական ցուցմունք»:

Անդրադառնանք դրա մի քանի ուշագրավ հատվածներին:

«Ստանալ ձայների այդպիսի քանակ՝ առանց, ներողություն բառիս համար, ծեծուջարդի, առանց սին խոստումների, առանց շոուների, կարծում եմ, որ դա, իրոք, մեծ հաջողություն է»: 

Շոուներով, ծեծուջարդով ու սին խոստումներով միշտ փայլել են ներկայիս իշխանությունները: Եվ եթե անգամ ենթադրենք, թե այս ընտրություններն անցել են առանց  վերը նշված իրադարձությունների, միևնույն է՝ սա մենք կարող ենք դիտարկել որպես Սերժ Սարգսյանի կողմից ինքնախոստովանություն՝ նախկինում գործած հանցանքների վերաբերյալ, իսկ նրա այժմյան ողջ գործունեությունը՝ այդ հանցանքների հետևանք:

«Եվ ունենալ այդպիսի արդյունքներ մի ընտրարշավից հետո, որի ընթացքում, գոնե իմ կողմից, չի հնչել որևէ լուրջ քննադատություն, սև PR չենք արել, անձնական վիրավորանք որևէ մեկին չեմ հասցրել»:

Այն, ինչ ընդդիմությունը պնդել է հինգ տարի շարունակ, Սերժ Սարգսյանը խոստովանում է մի քանի րոպեում: Սև PR, անձնական վիրավորանքներ՝ սրանք հենց այն «զինատեսակներն» են, որոնց ինտենսիվ օգտագործման արդյունքում Սերժ Սարգսյանը բռնազավթեց իշխանությունը:

«Այդպես էլ ես չկարողացա հաղթահարել շատ մեծ պրոբլեմ՝ հեշտ հաղթանակի ակնկալիքը»:

Առանձնապես մեծ գաղտնիք չէ, որ բացահայտվում է: Ուղղակի հետաքրքիր է դա լսել հենց Սերժ Սարգսյանի շուրթերից: Բոլորս գիտենք, թե ինչպիսի ջանքեր է գորածադրել միշիկական քարոզչամեքենան՝ այս ընտրություններում մրցակցության պատրանք ստեղծելու նպատակով: Սակայն Սերժ Սարգսյանն այստեղ խոստովանում է, որ թեև իշխանությունների առաջնային նպատակներից մեկը եղել է «Մրցակցային ընտրություններ» շոուի բեմականացումը, միևնույն է՝ բոլորը սպասում էին հեշտ հաղթանակի: Անկախ գործադրված ջանքերից, անկախ հենց Սերժ Սարգսյանի կողմից «հակառակորդների» հասցեին հնչող գովեստի խոսքերից, անկախ իշխանական մամուլի՝ ընդդիմադիր դիրքերից հանդես գալուց՝ ընտրությունների կանխատեսելիությունը և նրանց նկատմամբ  հետաքրքրության բացակայությունը հնարավոր չեղավ հաղթահարել:

«Հայաստանում բողոքավոր է ընդդիմությունը, բողոքավոր է իշխանությունը»:

Սա Սերժ Սարգսյանի կողմից վերջին շրջանում իշխանական բոլոր քարոզչակենտրոնների որդեգրած մարտավարության բացահայտումն է: Դժվար չէ նկատել, որ թե՛ մերձիշխանական հեռուստաալիքները, թե՛ մերձիշխանական կայքերն ու տպագիր մամուլը, մինչ իշխանական որևէ տեսակետ հրամցնելը հանրությանը, առավել վստահելի դառնալու նպատակով մեծամասամբ հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից: Սա վերաբերում է նաև տարբեր տեսակի քաղաքական գործիքներին: Որպես կանոն՝ քաղաքացիների վստահությունը շահելու համար նրանք մի քիչ բողոքում են որոշակի խնդիրներից, իսկ այնուհետև առաջարկում Սերժ Սարգսյանի լուծման տարբերակները: 

«Դուք վստա՞հ եք, որ 5 տոկոսը կհաղթահարեք: Ասաց` միասին գնանք Հանրապետականի հետ: Շատ տարօրինակ մի բան էր: Ասացի` ուրեմն Դուք առաջարկում եք, որպեսզի ես «միացնեմ» պետական, ոստիկանական ողջ մեքենան, մենք միասին մեծամասնություն ստանանք և ձևավորենք նոր խորհրդարա՞ն

Իհարկե, շատ հետաքրքիր է Րաֆֆի Հովհաննիսյանի՝  միասնական ձևաչափով հանդես գալու առաջարկը, եթե այդպիսին եղել է, սակայն պակաս ուշադրության արժանի չէ նաև Սերժ Սարգսյանի պատասխանը տվյալ հարցին: Ինչի՞ց Սերժը եզրակացրեց, որ Րաֆֆու ասածից հետևում է ողջ պետական ոստիկանական մեքենայի միացումը: Տրամաբանական բացատրություններից մեկը կարող է լինել այն, որ սա հերթական ինքնախոստովանական «սայթաքումն» է, որով Սերժ Սարգսյանը ընդունում է, թե ձայն հավաքելու, մեծամասնություն դառնալու կամ նախագահի աթոռին տիրանալու իր միակ երաշխիքը համապատասխան մեքենայի միացումն է: Երկրորդը՝ եթե Սերժ Սարգսյանը հակադարձում է՝ պատասխանը սկսելով «դուք առաջարկում եք» բառերով, ապա կարելի է ենթադրել, որ իսկապես՝ Րաֆֆու կողմից նմանատիպ առաջարկ եղել է: Ինչևէ, այս հարցերը չէին առաջանա, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չհրաժարվեր հրապարակային բանակցություններից:

« Այս երկրում շատերը վախենում են միջին կարգի գործարար հայհոյելուց, բայց չեն վախենում Հանրապետության նախագահին հայհոյելուց: Եվ երբ մեր դատարաններն իրոք արժանանան մեր ժողովրդի վստահությանը, այն ժամանակ հենց այդ դատարանների միջոցով այս հարցերն էլ կլուծենքգտնվելու են մարդիկ, ովքեր ոչ թե փողոցի անկյուններում կամ իրենց տների խոհանոցներում են քննադատելու այն մարդկանց, ովքեր չափն անցնում են, այլ հրապարակավ են դա անելու: Այն ժամանակ նրանք էլ մի քիչ կզգուշանան…»

Իհարկե, այստեղ խոսքը սեռական բնույթի կամ այլ տիպի քրեորեն պատժելի հայհոյանքների մասին չէ, մանավանդ, երբ այդպիսիք ուղղակի չկան: Ակնհայտ է, որ այստեղ խոսվում է ընդդիմության և «Սերժի՛կ, հեռացիր», «Սերժի՛կ, մարդասպան» կարգախոսների մասին: Սերժ Սարգսյանը շատ ուղիղ ասում է. «Այս կարգախոսների համար դեռ դժվար է մարդկանց բանտ նստեցնելը, բայց կգա ժամանակ, երբ դա հնարավոր կլինի անել, իսկ իմ թասիբը պահող ասրյանական փետրավորներն արդեն գործնականում կպատժեն իմ դեմ խոսողներին»:

Այսինքն՝ այստեղ բացահայտվում են ապագայի ծրագրերը: Ինչպես և տնտեսության հարցում, այդպես էլ քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանը պատրաստվում է ողջ իշխանությունը կենտրոնացնել սեփական ձեռքերում: Եվ եթե նա կարողանա հաջողության հասնել օլիգարխներին լիկվիդացնելու և երկրի միակ օլիգարխը լինելու հարցում, ապա միանգամից, եթե ոչ այդ գործընթացին զուգահեռաբար՝ ձեռնամուխ կլինի նաև ընդդիմության լիկվիդացման ծրագիրը կյանքի կոչելուն: Եվ ինչքան նվազեն Սերժ Սարգսյանի դեմ աշխատելու հնարավորություն ունեցող ֆինանսական լծակները, այդքան ավելի կմեծանա և անկառավարելի կդառնա վեջինիս իշխանությունը: Եվ ինչքան նվազի նրան հակակշռող ուժերի ազդեցությունը, այդքան նրա ձեռքերն ավելի կազատվեն: Իսկ ընդդիմությունը, ազատ մտածող ու արտահայտվող քաղաքացին, արդեն փող չեն, որ կենտրոնանան վերջինիս գրպանում, դրանք ռեալ վտանգներ են նրա իշխանության համար, որոնք արդեն կկենտրոնանան բանտերում ու հիվանդանոցներում:

Սա Սերժ Սարգսյանի ամենաբաղձալի նպատակներից մեկն է, որի իրագործումից հնարավոր կլինի խուսափել միայն հասարակական ողջ ներուժը կենտրոնացնելով Սերժ Սարգսյանից ու նրա մերձավորներից ազատվելու ուղղությամբ:

Հ.Գ. Կարելի է համաձայնել, որ սա իսկապես ինքնախոստովանական ցուցմունք էր, սակայն երբ Սերժ Սարգսյանի հանցավոր գործունեությունը շարունակվում է նույն ոգով, այն չի կարող դիտարկվել որպես մեղմացուցիչ հանգամանք:

Արեգ Գևորգյան

Նախորդ հոդվածը‘Հայաստանը ՄԱԿ-ի զարգացման աղյուսակում ետ է մնում հարևաններից’
Հաջորդ հոդվածը‘Դել Բոսկե. Ֆրանսիա ենք գնում հաղթանակի ետեւից’