‘Սերժ Սարգսյանի իշխանության գինը՝ 50 դրամ’

1124

Խորհրդարանական, նախագահական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը ոստիկանության, թաղային խուժանի, պուտանկեքի և ընտրակաշառքի օգնությամբ «խփեց» 50 և ավելի տոկոս, որպեսզի ինքն ու իր նեղ շրջապատը կարողանան 50 և ավելի տոկոսով բարձրացնել հասարակական տրանսպորտից օգտվելու գինը, ինչպես նաև մեծացնել այլ ապրանքներից ու ծառայություններից ստացվող եկամուտների չափը։

Մեկ ուղևորի հաշվարկով հավելյալ 50 դրամը, որն ուզում են հավաքել Սերժ Սարգսյանն ու նրան ենթակա մյուս գծատերերը, ընտրական ծախսերը փակելու համար է, ինչպես նաև լրացուցիչ կապիտալ կուտակելու միջոց։ 50 դրամը, ըստ այդմ, այս իշխանության գինն է, ավելի ճիշտ՝ այն գինն է, որն ուզում են հասարակությունից ստանալ վերարտադրվելու դիմաց։ Սակայն ակտիվ քաղաքացիները չեն ընդունում իշխանությունների՝ 50 դրամ լրացուցիչ աշխատելու իրավունքը։ Ասել է թե՝ 50 դրամը մեր քաղաքացիները լեգիտիմ չեն համարում, կամ որ նույնն է՝ լեգիտիմ չեն համարում իշխանությանը։

Ավելացված 50–ի փոխարեն 0 տալով՝ ՀՀ քաղաքացիները սահմանում են իշխանությունների իրական գինը։ Իսկ դա նշանակում է, որ իշխանության հարցը հիմա կախված է 50 դրամից։

Եթե Սերժ Սարգսյանը, փորձելով «Տարո՛ն ջան, սիրո՛ւն չի» էժանագին սերիալի հաջորդ մասը ցուցադրել, տեղի տա և իջեցնի ուղևորափոխադրման գինը, ապա դա միայն ծիծաղ կառաջացնի և կհամարվի թուլության նշան, ինչն իր հերթին կոգևորի պայքարողներին, ու նրանք առաջ կքաշեն նորանոր պահանջներ՝ ի վերջո ներկայացնելով Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ։ Բացի այդ, թանկացումը հետ պտտեցնելով՝ ՀՀԿ ղեկավարն այդպիսով կընդունի, որ իշխանության գինն իջել է՝ հասնելով զրոյի։

Իսկ եթե Սերժ Սարգսյանը կառչած մնա 50 դրամից, ապա բողոքի ալիքը կմեծանա՝ այդտեղից բխող բոլոր կանխատեսելի հետևանքներով։

Մի խոսքով՝ Սարգսյանն այժմ քայլ չունի անելու։ Աջ գնա՝ 50 դրամը կկորցնի, իսկ ձախ գնա՝ ինքը կկորչի։ Երկուսն էլ համարժեք կորուստներ են։

Եվ այսպես, երթուղային տաքսիներից ու ավտոբուսներից օգտվելիս վճարելով 100 դրամ, իսկ տրոլեյբուսներից օգտվելիս՝ 50 դրամ՝ ՀՀ քաղաքացին ոչ միայն կարող է արժանապատիվ կեցվածք ընդունել, այլ նաև նպաստել իշխանության զրոյացմանը։

Սերժ Սարգսյանի իշխանության գինը 50 դրամ է։ Մի՛ վճարեք այդ գինը։ Ժամկետանց ապրանքը որևէ պարագայում չի կարելի գնել։

Կորյուն Մանուկյան

www.7or.am

Նախորդ հոդվածը‘«Kicker». 2022-ի աշխարհի առաջնությունը, հնարավոր է, կանցկացվի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին’
Հաջորդ հոդվածը‘«Հայլուրի» Հայաստանում տրանսպորտը չի թանկացել (տեսանյութ)’