‘Սերժ Սարգսյանի «լայն փակված աչքերով» թռիչքը մեղվի բնի վրայով ‘

4477

Երբ մարդն զգում է իր համար ինչ-որ կարեւոր բան կորցնելու վտանգը (իսկ մարդը հիմնականում բնազդաբար զգում է դա), սկսում է ուշագրավ պահվածք  դրսեւորել: Մի կողմից՝ նա սկսում է խուճապային քայլեր եւ գործողություններ անել` կորուստը կանխելու համար, մյուս կողմից էլ` որոշ հարցերում սկսում է ավելի բացահայտ պահվածք դրսեւորել, իբր թե՝ «եթե ամբողջը պիտի կորցնեմ, էլ ի՞նչ մի ձեւեր թափելու ժամանակն է»:

Հոկտեմբերի 27-ի հերթական տարելիցին ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանը 2013-ի նախագահական ընտրություններից առաջ այլեւս ձեւականությունների հետեւից չի ընկնում: Նա չգնաց Պանթեոն` Կարեն Դեմիրճյանի հիշատակը հարգելու, չգնաց Եռաբլուր` Վազգեն Սարգսյանի հիշատակը հարգելու, որեւէ խոսք կամ ուղերձ չհղեց ժողովրդին: Փոխարենը նա այցելեց հիվանդանոցում գտնվող հայտնի դերասան Սոս Սարգսյանին (մի բան, որը կարող էր անել, ասենք` մեկ օր առաջ կամ հետո) եւ մեկնեց Դիլիջան` դիտելու Դիլիջանի թունելի ելքից մինչև քաղաքի ավտոկայարան ընկած միջպետական ավտոճանապարհի 12,8 կմ երկարությամբ վերանորոգվող հատվածը, իսկ ապա, ուշադրություն` Կոմպոզիտորների ստեղծագործական տանը հանդիպում  ունեցավ ՀՀ ստեղծագործական միությունների ղեկավարների, նաև այդ միությունները ներկայացնող երիտասարդ ստեղծագործողների հետ:

Այսինքն՝ անգամ հոկտեմբերի 27-ին Սերժ Սարգսյանը լայաղ էլ չի արել շեղվելու իր սովորական գրաֆիկից, եւ դա պատահականություն լինել չի կարող: Առավելեւս, որ խոսքը այն պաշտոնյայի մասին է, որին 2000 թվականի մարտի 3-ին, որպես նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար՝ պահանջում էին «անհապաղ զբաղեցրած պաշտոնից ազատել» «Միասնություն» դաշինքի անդամները: Պահանջողների թվում ՀՀԿ վաղամեռիկ առաջնորդ Անդրանիկ Մարգարյանն էր, այն ՀՀԿ-ի, որն այժմ ղեկավարում է Սերժ Սարգսյանը:

Ինչ խոսք, հնարավոր է` Սերժ Սարգսյանի համար հոկտեմբերի 27-ն արդեն ակտուալ թեմա չէ, մոռացված, անցած-գնացած մի բան է, որին նույնիսկ չարժե  ուշադրություն դարձնել: Բայց եթե անկեղծ լինենք, ապա իշխանությունները միշտ էլ ձգտել են մոռացության մատնել հոկտեմբերի 27-ի թեման, բայց միեւնույն ժամանակ` հրապարակային իրենց գործողություններով մեկ-մեկ պահել են ձեւական կողմը, Եռաբլուր ու Պանթեոն են այցելել, իբր թե` իրենք էլ մեզ պես հիշում եւ ցավում են կատարվածի համար: Իսկ այժմ արդեն Սերժ Սարգսյանը նույնիսկ այդ հրապարակային ձեւականությունների հետեւից  չի ընկնում: Չի ընկնում, որովհետեւ նա այդքան ժամանակ չունի. այժմ նա այլ խնդիրներ լուծելու հարցի առաջ է կանգնած: Հոկտեմբերի 27-ը պետականության հարց է՝ մի կողմից: Իր իշխանությունը պահելը, 2013-ին վերարտադրվելը` Սերժ Սարգսյանի անձնական հարցն է, նրա անձնական գերխնդիրը: Ու հիմա, երկու այդ հարցերը եկել ու զուգահեռվել են: Ու բնական է, որ Սարգսյանի տիպի գործիչն ու մարդը պետք է ընտրի երկրորդը` անձնական հարցերը գերադասելով պետական հարցերից: Ի վերջո, եթե Սարգսյանի համար պետական խնդիրները կարեւոր լինեին, ապա այդ խնդիրներն անտեսելու կամ ոտնահարելու համար նա արդեն հազար ու մեկ անգամ հրաժարականի դիմում պետք է ներկայացրած լիներ: Ուրեմն, զարմանալ պետք չէ, որ ընտրություններից առաջ Սարգսյանը նման պահվածք է դրսեւորում: Ինչպես արդեն նշեցինք, երբ մարդը (իմա` Սերժ Սարգսյանը) զգում է իր համար ինչ-որ կարեւոր բան (իմա` իշխանությունը) կորցնելու վտանգը, (իսկ մարդը, իմա` Սարգսյանը, ոչ միայն բնազդաբար, այլեւ` ներքին տեղեկատվությունների արդյունքում հաստատ զգում է դա), նա ուշագրավ պահվածք է սկսում դրսեւորել: Մի կողմից՝ նա սկսում է խուճապային քայլեր եւ գործողություններ անել` կորուստը կանխելու համար, մյուս կողմից էլ` որոշ հարցերում սկսում է ավելի բացահայտ պահվածք դրսեւորել, իբր՝ «եթե ամբողջը պիտի կորցնեմ, էլ ի՞նչ մի ձեւեր թափելու ժամանակն է»: Ու հոկտեմբերի 27-ն անտեսելու՝ Սարգսյանի պահվածքը հենց դրանով է պայմանավորված: Սարգսյանի համար այսօր յուրաքանչուր օրը, նույնիսկ ժամը խիստ կարեւոր է` իշխանափոխությունը կանխելու քայլեր ձեռնարկելու հարցում: Նա շատ լավ հասկանում է, որ ցանկացած պահի կարող է կորցնել վերահսկողությունը, նա բոլորից լավ գիտե, թե որտեղից կարող է գալ վտանգը, ինչպես է այն հասունանում, ինչ դրսեւորումներ կարող է ունենալ իր դեմ ձեւավորվող հասարակական լայն կոնսոլիդացիան, հասկանում է, որ այն ալիք առ ալիք` ի վերջո անկասկած կունենա 9-րդ ալիքի էֆեկտը եւ ընդամենը մի քանի ժամում կսրբի իր ողջ իշխանական համակարգը: Երբ մարդն զգում է, որ վտանգը դեռ մեծ չէ, նա դեռ կարողանում է պահել արտաքին ձեւական կողմը, երբ վտանգն արդեն ուժգնանում եւ սկսում է բացահայտ սպառնալիք դառնալ իր համար, մարդն էլ սկսում է ձերբազատվել ձեւականություններից, եւ նրա վարքագիծն ավելի ագրեսիվ է դառնում: Երբեմն, կողքից նայողների համար՝ նույնիսկ իրավիճակին ոչ ադեկվատ: Սերժ Սարգսյանի ներկայիս պահվածքն ընդամենը մեկ բան է հիշեցնում` թռիչք մեղվի բնի վրայով (Միլոշ Ֆորմանը թերեւս կների` իր աշխարհահռչակ ֆիլմի անունը փոքր-ինչ ձեւափոխելու եւ տեղայնացնելու համար), այն էլ` «լայն փակված աչքերով»: 

Հ.Գ. Ի դեպ, իշխանություններն օրերս առաջին ընթերցմամբ ընդունել են նվազագույն աշխատավարձը 2500 դրամով ավելացնելու մասին օրինագիծը: Ֆինանսների նախարարը պնդում էր, որ այժմյան նվազագույն աշխատավարձով` 35 հազար դրամով, առաջին անհրաժեշտության շատ ապրանքատեսակներ կարելի է գնել: 2013-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Սարգսյանները` եղբայրներով եւ փեսայով հանդերձ, կոպեկ առ կոպեկ բյուջե վերադարձնեն բոլոր թալանված գումարները, Սերժ Սարգսյանը կարող է առանձնապես դարդ չանել. իր իսկ իշխանության ֆիննախն է հայտարարում, որ 35 հազարը բավարար է բազմաթիվ ապրանքներ գնելու համար: Սարգսյաններից նրանք, ովքեր հանցագործությունների համար դատված եւ բանտում նստած չեն լինի, հաստատ սոված չեն մնա:

 

Պարգեւ Ապրեսյան  

Լուսանկարը Մարկ Անտոնյանի ֆեյսբուքյան էջից

Նախորդ հոդվածը‘Թուրքիան հերթական անգամ ռմբակոծել է սիրիական տարածքը’
Հաջորդ հոդվածը‘Մոյես. Սուարեսի տեղը ես էլ այդպես կվարվեի’