‘Սերժ Սարգսյանի հերթական տարօրինակ հայտարարությունը՝ այս անգամ՝ Ցեղասպանության թեմայով’

1635

Եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ապրիլի 24-ի առիթով իր ուղերձում «ասեր ցեղասպանություն, էլի դժգոհելու էինք, թե ինչու 2 անգամ չասեց»: Panarmenian.net-ի փոխանցմամբ, այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Պատասխանելով տեղի բնակիչներից մեկի հարցին, թե ինչ է նախատեսում Սարգսյանը ընտրվելու դեպքում անել Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Սերժ Սարգսյանն առանձնացրել է կազմված հատուկ հանձնաժողովի աշխատանքը, որի նախագահն ինքն է, իսկ խնդրի շուրջ ԱՄՆ դիրքորոշման մասին նշել է.

«Մենք 40-50 տարի ցեղասպանություն բառը չենք օգտագործել, օգտագործել ենք եղեռն բառը: Ասում էինք՝ գնանք Եղեռնի հուշահամալիր, ոչ թե ցեղասպանության: Մեզ համար այդ 2 բառերը նույնն են», — ասել է Սարգսյանը:

Այնուհետեւ, նա խոստովանել է, որ Հայաստանի իշխանությունների՝ ավելի գրագետ արտաքին քաղաքականություն վարելու դեպքում, հնարավոր է, ԱՄՆ դիրքորոշումը Ցեղասպանության ճանաչման հարցում ավելի հստակ լիներ:

«Միգուցե մեր ոչ ճիշտ շեշտադրումների պատճառով ԱՄՆ նախագահն արտասանեց «Մեծ Եղեռն» բառը, բայց ոչ թե իր գրասենյակում, այլ երկրի խորհրդարանում: Այնպես, որ եթե նա ասեր ցեղասպանություն, էլի դժգոհելու էինք, թե ինչու 2 անգամ չասեց: 100-րդ տարելիցով մենք չենք ավարտելու ճանաչման գործընթացը: 2015-ը շատ էական ու կարևոր հանգրվան է, բայց մենք պայքարելու ենք այնքան, որքան անհրաժեշտ է», — ասել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ թեեւ Հայոց ցեղասպանությունը ժողովրդի մեջ հիշատակվում է «Մեծ Եղեռն», «Զուլում» եւ այլ բառերով, բայց ի տարբերություն վերջինների, «ցեղասպանություն» (genocide) եզրույթն է, որ միջազգային իրավունքի մեջ նկարագրում է ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի Կոնվենցիայով սահմանված՝ մարդկության դեմ իրականացվող հանցագործությունը: 

Այն պետական գործիչները կամ մասնագետները (այդ թվում՝ թուրքական), որոնք հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, «ցեղասպանություն» եզրույթից խուսափելու համար սովորաբար օգտագործում են այնպիսի այլասացություններ, ինչպիսիք են` «20-րդ դարասկզբին հայերի զանգվածային կոտորածներ», «հայկական ջարդեր», «Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններ» եւ այլն: Նույն կերպ, genocide տերմինից խուսափելու նպատակով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջին տարիներին ամերիկյան քաղաքականություն ներմուծեց «Մեծ Եղեռն» ձեւակերպումը: Փաստորեն, այսօրվա հայտարարությամբ Սերժ Սարգսյանը ակնարկում է, որ իր իշխանությունը դեմ չէ նման «լղոզմանը»:  

Նախորդ հոդվածը‘Զլաթան Իբրահիմովիչ. Մեսիի հետ համեմատվելն անիմաստ է’
Հաջորդ հոդվածը‘Փարիզն ու Մոսկվան առաջարկում են միջազգայնորեն նշել Առաջին աշխարհամարտի 100-ամյակը’