‘Սերժ Սարգսյանի ուղերձը՝ «Չհեռացնեք ինձ, ես հավատարիմ եմ» ‘

1443

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ, Սերժ Սարգսյանը հանդես եկավ ելույթով, որտեղ սիրուն բառերի արանքում նաեւ մի քանի հստակ մեսիջներ հղեց:
«Կորուստներով և սխալներով հանդերձ՝ մենք անցած տարիներին արձանագրել ենք և այսօր էլ ունենք լուրջ ձեռքբերումներ»,- ասում է Սերժ Սարգսյանը: Նա, փաստորեն, ենթագիտակցորեն խոստովանում է, որ անկախության առաջին տարիների եւ այսօրվա ձեռքբերումները նույնը չեն, որ այսօր ինքն ի վիճակի չէ արձանագրել նույն ձեռքբերումները: Ինչ արած, ենթագիտակցությունը հզոր բան է: Դժվար է ենթագիտակցության դեմ պայքարելը:
«Մեր արտաքին քաղաքական թիվ մեկ մարտահրավերը շարունակում է մնալ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Որքան էլ դժվար լինի, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված բանակցությունների շարունակության համար մենք պետք է ճանապարհներ փնտրենք: Եթե Մինսկի խմբի համանախագահների ջանքերը մինչև հիմա չեն պսակվել մեծ հաջողություններով, դրա պատասխանատուն համանախագահները չեն և, առավել ևս, ոչ էլ միջազգային այդ ձևաչափը, ինչպես հաճախ փորձում են ներկայացնել մեր հարևանները: Մեղավորը նրանք են, ովքեր պարբերաբար ռմբահարում են խաղաղ բանակցությունների ընթացքն ու տրամաբանությունը: Վերջին սադրանքն այն նույն նողկալի իրադարձություններն էին, որոնք հանգեցրին մարդասպանի արդարացմանն ու հերոսացմանը: Ե՛վ մենք, և՛ միջազգային հանրությունը ավելի քան հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումնայս կապակցությամբ: Ընդունում եմ, որ շատ դժվար է այս պայմաններում մեր հասարակությանը տրամադրել հաշտեցման և նույնիսկ պատրաստել խաղաղության, բայց նաև գիտեմ, որ դա ճիշտ ճանապարհն է: Պատրաստվել խաղաղության՝ ամենևին չի նշանակում պատրաստ չլինել պատերազմի և ինքնապաշտպանության: Ասվածը նշանակում է չպղտորել մարդկանց միտքն ու հոգին հակամարդկային գաղափարներով ու այլամերժությամբ, չզոմբիացնել երիտասարդներին, ովքեր կյանք ունեն ապրելու և երկիր ունեն շենացնելու: Հայաստանում մեծացող երեխաների բարոյական ու հոգևոր պատշաճ նկարագիրն ինձ համար չափազանց թանկ արժեն: Գաղտագողի սպանությունը վախկոտների գործելակերպն է, իսկ մեր` ծնողներիս առաքելությունն է մեծացնել ազատ, գրագետ ու խիզախ զավակներ: Որքան էլ խրթին լինի պահը, մենք իրավունք չունենք դավաճանելու ինքներս մեզ»,- ասում է Սարգսյանը:
Եթե այս հայտարարությունը կարդալուց առաջ անպայման հիշենք, որ մի քանի ամիս անց նախագահական ընտրություններն են, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի: Սերժ Սարգսյանը նորից որդեգրել է այն բառապաշարն ու ոգին, որով հայտարարություններ էր անում 2008-ի նախագահական ընտրություններից առաջ: Նորից դրսին ցանկանում է համոզել, թե ինքը, հենց միայն ու միայն ինքը «էն տղեն է», ով կարող է կարգավորել այդ խնդիրները: Ու արդարանում է, թե «եթե այս 5 տարիների ընթացքում չեմ կարգավորել, ապա ոչ թե այն պատճառով, որ խոսքիս տերը չեմ եղել, այլ որովհետեւ ադրբեջանցիները քցել են»: Սարգսյանն ակնարկում է, որ ինքը նույն ձեւով շարունակելու է մոտենալ այդ խնդիրներին, եւ որ «իր փայ» խոստումը ինքը ցանկացած պահի պատաստ է կատարել:
Այս պնդումը հաստատում է հենց Սերժ Սարգսյանի հաջորդ նախադասությունը: «Անցած տարիները, եթե փորձենք բնորոշել մեկ բառով, հավատարմության տարիներ էին: Հավատարմություն մեր ժողովրդի ընտրությանը, ազատությանն ու ժողովրդավարությանը, հավատարմություն մեր դաշնակիցներին և գործընկերներին, հավատարմություն մեր արժեհամակարգին ու նպատակներին, մեր գաղափարներին ու սկզբունքներին»:
Հավատարմություն բառի փոխարեն, Սարգսյանը հանգիստ կարող էր օգտագործել «խոսքի տեր» արտահայտությունը, առավելեւս, որ իր խոսքերն ուղղված են ոչ թե ժողովրդին, այլ՝ իր ասած դաշնակիցներին ու գործընկերներին, որոնց ինքը, արդեն պարզ է՝ նախագահական նախորդ ընտրություններից առաջ կոնկրետ խոստումներ էր տվել: Այնպես որ, ինչպես տեսնում ենք, Սերժ Սարգսյանը հերթական անգամ ԼՂ հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունները փորձում է մանրադրամ դարձնել՝ հանուն սեփական պաշտոնի:
Իսկ նման բան մենք մի անգամ արդեն տեսել ենք: 2008 թվականի հունիսին՝ ռուսաստանաբնակ հայերի հետ հանդիպման ժամանակ Սարգսյանն հայտարարում էր. «Թուրքական կողմնառաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջեւ: Այլապես, այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու եւ շահարկելու միջոց»: Արդյունքում ստորագրվեցին հայ-թուրքականա արձանագրությունները, որտեղ ներառված էր նաեւ պատմական հարցեր ուսումնասիրող ենթահանձնաժողով ստեղծելու կետը, ինչից հետո թուրքական կողմն ուղղակի քցեց Սերժ Սարգսյանին՝ նորից ու հերթական անգամ հիշեցնելով, որ առանց ԼՂ հարցի կարգավորման հայ-թուրքական հաշտեցում ուղղակի լինել չի կարող: Ինչի մասին, ի դեպ, բազմիցս զգուշացրել էր ընդդիմությունը:
Ու հիմա, Սարգսյանը նորից նույն խաղով է մտնում ընտրապայքարի մեջ: «Ես բոլոր խնդիրները կկարգավորեմ, միայն օգնեք ինձ այս անգամ էլ նախագահ դառնամ» ոճով:
Հ.Գ. Ի դեպ, հակամարտությունների եւ խնդիրների կարգավորումը ինքնին բարդ ու գնահատելի արարք է: Բայց դա գնահատելի է լինում այն դեպքում, եթե հակամարտությունները կարգավորվում են ի շահ երկրի, ի շահ պետության: Մինչդեռ այս պարագայում պետք է հստակ հասկանալ, որ Սերժ Սարգսյանի կողմից ցանկացած կարգավորում կարող է լինել միայն ի շահ իր իշխանության, եւ ի վնաս մեր պետականության:

Պարգեւ Ապրեսյան

 

Նախորդ հոդվածը‘Ո՞վ կարող է փոխարինել Մասսիմիլիանո Ալեգրիին ‘
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Պավել Գրաչովը ‘