‘Սերժ Սարգսյանի ստեղծած «Ապահով Հայաստանը»’

2592

Հիմա կասեք՝ Սերժ Սարգսյանն ի՞նչ կապ ունի Գյումրիում ռուս սահմանապահի կողմից հայ ընտանիքի սպանության հետ: Չէ՞ որ մարդասպանն արդեն բացահայտվել է, եւ որևէ մեկն էլ չէր կարող կանխել այդ միջադեպը: Ու տվյալ պարագայում դուք ճիշտ դուրս կգաք: Եթե, իհարկե, չքննենք դրան նախորդող ու հաջորդող իրադարձությունները:

Եթե մի պահ դուրս գանք այս միջադեպի քննարկումից ու քննենք ցանկացած այլ միջադեպ, ապա կպարզվի, որ յուրաքանչյուր այդպիսի առանձին դեպքում Սերժ Սարգսյանը և, ինչու չէ, ամբողջ իշխող կուսակցությունը որևէ «մեղք» չունեն, որովհետեւ «դեպք է՝ պատահել է, էլի, ով ի՞նչ կարող էր անել այդ պարագայում»:

Նույնպիսի դեպք էր հայկական ուղղաթիռի խոցումը. Սերժ Սարգսյանը հո մեղք չունե՞ր, որ ադրբեջանցիները խոցեցին մեր ուղղաթիռը: Նույնպիսի դեպք էր մարդասպան Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելը. հո Սերժ Սարգսյանը մեղք չունե՞ր, որ հունգարացիները որոշեցին, խախտելով բոլոր տեսակի միջազգային իրավական նորմերը՝ մարդասպանին հանձնել Ադրբեջանին:

Նույն կերպ էլ՝ ո՞րն է Սերժ Սարգսյանի մեղքը, որ նույն մարդասպան Սաֆարովին Ադրբեջանի հերոս հռչակեցին, կամ՝ ի՞նչ մեղք ունի Սերժ Սարգսյանը, որ ամեն օր ադրբեջանցիները մեր սահմանները գնդակոծում են ու սպանում հայ զինվորների:

Կամ՝ ի՞նչ մեղավոր էր Սերժ Սարգսյանը, որ 2008 թվականի Մարտի մեկին սպանվեցին խաղաղ ցուցարարներ:Կամ՝ ի՞նչ մեղք ուներ Սերժ Սարգսյանը, որ Հոկտեմբեր 27-ին մի խումբ ահաբեկիչներ մտան ԱԺ և սպանեցին երկրի ղեկավարությանը:

Հո նա չէ՞ր ցանկանա, որ այդպես լիներ, հո նա չէ՞ր ցանկանա, որ ԼՂՀ-ն դուրս մղվեր  բանակցային գործընթացից, հո նա չէ՞ր ցանկանա, որ Հայաստանից հարյուր հազարավոր մարդիկ արտագաղթեին, հո նա չէ՞ր ցանկանա, որ Հայաստանի տնտեսությունը գտնվեր  այսպիսի անմխիթար վիճակում, հո նա չէ՞ր ցանկանա, որ համաշխարհային գողերի հավաք տեղի ունենար Հայաստանում, հո նա չէ՞ր ցանկանա, որ այսպիսի գաղջ մթնոլորտ լիներ երկրում, հո նա չէ՞ր ցանկանա, որ խիարը թարս բուսներ…

Իհարկե՝ չէր ցանկանա. ո՞ր մի ողջամիտ մարդը կցանականար, որ իր երկրում այսպիսի բաներ տեղի ունենային: Բայց ի տարբերություն մնացած մարդկանց, ովքեր կարող են միայն չցանկանալ, պաշտոնյայի կամ տվյալ ոլորտի պատասխանատուի խնդիրն էլ հենց այն է, որ այնպես անի, որ նմանատիպ բաներ տեղի չունենան, կամ, տեղի ունենալու դեպքում էլ, դրանք բացահայտվեն, որպեսզի դրանց կրկնությունը տեղի չունենա:

Իսկ եթե մարդը չի կարողանում իրեն վստահված գործը կատարել, արդեն ցանկանալ-չցանկանալը  դառնում է հազարերորդական հարց, ու որևէ տարբերություն էլ չկա, թե մարդու սիրտը որքա՞ն է ցավել տվյալ դեպքի հետ կապված:

Ամենամեծ սրտացավությունն այս պարագայում այն կլիներ, որ եթե մարդն իրեն վստահված գործը «պրավալի» է տալիս, ապա ինքն այնքան բանականություն ունենա՝ հասկանալու, որ այդ գործն իրենից լավ անողներ էլ կան: Ու հնարավորություն ստեղծի, որ ավելի լավ անողները այդ գործն անեն, ոչ թե ավելի լավ անողներին ամեն կերպ վարկաբեկի, նրանց նախկինում արած գործներն արժեզրկի՝ միայն այն բանի համար, որ ցույց տա, թե մյուսներն էլ սրանից լավ չէին կարող անել: 

Սա վերաբերում է ցանկացած բնագավառի. եթե ոստիկանապետը չի կարողանում հանցագործություն բացահայտել ու իր ձախողումները բարդում է իր նախորդների վրա, դա ոչ թե նշանակում է, որ նա չի ցանկանում բացահայտել տվյալ հանցագործությունը, այլ նշանակում է, որ ինչ-ինչ պատճառներով չի կարողանում դա անել, ու այստեղ արդեն կարևոր էլ չէ, թե ի՞նչ պատճառով, այլ կարևորն այն է, որ հանցագործությունները չեն բացահայտվում: Եթե ՊՆ-ն չի կարողանում այնպես անել, որ այսքան տարի անընդմեջ հակառակորդը իրեն սանձարձակ չզգա, ապա կրկին որևէ մեկին հետաքրքիր չէ, թե ինչո՞ւ է հակառակորդն իրեն այդպես լկտի պահում: Եթե ԱԳ նախարարությունը չի կարողանում այնպես անել, որ Հայաստանը միջազգային ասպարեզում ավելի ամուր դիրքեր ունենա, ապա առանց վերջիններիս հայրենասիրությանը կասկածելու՝ պետք է պարզապես ֆիքսել, որ այդ մարդիկ այնքան արհեստավարժություն չունեն, որ իրենց դիմաց դրված խնդիրները լուծեն:

Իհարկե, Սերժ Սարգսյանը չէր ցանկանա, որ ռուս մոլագարը սպաներ հայ ընտանիքին, սակայն ի՞նչ է արել նույն Սերժ Սարգսյանը, որպեսզի հստակեցվեն ռուսական ռազմաբազաների տեղակայման պայմանները Հայաստանում, ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը, որպեսզի սպանությունից հետո ոչ թե հանցագործը մի ողջ օր ազատ տեղաշարժվեր հանրապետությունով մեկ, ու վերջում միայն ռուս սահմանապահները նրան հայտնաբերեին, այլ հայ ոստիկանները կարողանային նրան ձերբակալել, ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը, որ այսքան տարիների ընթացքում Մարտի մեկի մարդասպանները բացահայտվեն, ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը, որ գողերի հավաք տեղի չունենա Հայաստանում, ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը, որ դիվանագիտության մեջ հաջողություններ ունենանք:

Հիմա կասեք՝ ի՞նչ կարող էր անել: Պատասխանը բխում է հենց հարցից. կարող էր Սուրիկ Խաչատրյանին չվերանշանակել մարզպետ, կարող էր գողերին արգելել Հայաստանում հավաք կազմակերպել, կարող էր Արցախի ազգային տոնին շքերթը ընդունելու ժամանակ հանցավոր հեղինակություններին չկանգնեցնել ամբիոնում, կարող էր հիվանդներին ու դիվանագիտության հետ աղերս չունեցողներին չնշանակել դիվանագիտական աշխատանքի, կարող էր պատժել նրանց, ովքեր Արցախյան պատերազմի հաղթանակը համարում են այլոց կողմից մեզ նվիրաբերված,  և այդպիսիներին հեռացներ պատասխանատու պաշտոններից, կարող էր բացահայտել Մարտի Մեկը, ….. և վերջապես, կարող էր դուրս գալ փողոց ու ականջալուր լինել, թե մարդիկ ինչ են մտածում իր և իր կողմից հռչակված «Ապահով Հայաստանի» մասին:

Միսակ Մարտինյան

 

Նախորդ հոդվածը‘Հանրապետության հրապարակի համերգը չի կայանա’
Հաջորդ հոդվածը‘Հունվարի 16-ին նաիրիտցիները նորից բողոքի ցույց կանցկացնեն ‘