‘Սերժ Սարգսյանի «Վերջ»-ը’

9903

Հայտնի չէ, թե ով է գրել Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ արտահերթ համագումարի ելույթի տեքստը, սակայն, ակնհայտ է, որ գրողը հումորով անձնավորություն է: Այն, ինչ Սերժ Սարգսյանի գլխին բերեց տեքստի հեղինակը, չէին կարող անել բոլոր ընդդիմադիր ԶԼՄ-ները՝ միասին վերցրած: Մամուլում հաճախ կարելի է հանդիպել երգիծական հրապարակումների, որտեղ երբեմն չափազանցված դրական երանգով ներկայացվում են երկրում առկա խնդիրները: Օրինակ՝ ժողովրդի աղքատ վիճակն ընդգծելու համար հաճախ սատիրան այն ներկայացնում է հակառակ կողմից, ասենք՝ նշելով, թե ժողովուրդն այնքան հարուստ է, որ չգիտե, թե ինչպես ծախսի իր գումարները: Երբ իշխանությունը բռնապետական է, դատարանները՝ կոռումպացված և իշխանություններից կախված, սատիրան նորից նույն ոճով այն ներկայացնում է դրական-չափազանցված՝ իշխանությունները ամենաժողովրդավարն են, դատարանները՝ աշխարհում ամենաարդարն ու ոչ կոռումպացվածը: Նման չափազանցությունները հաճախ ավելի ազդեցիկ են լինում, քան՝ ուղիղ քննադատությունը: Երբ մարդուն ասում ես՝ իշխանությունը բռնապետական է, նա այդ մտքից հետո այնքան չի սկսում մտորել, որքան այն ժամանակ, երբ նրան ասում ես՝ այս իշխանությունները ամենաժողովրդավարական իշխանություններն են ամբողջ աշխարհում: Շատ լավ իմանալով սեփական իշխանությունների բնույթը՝ ժողովուրդը այդ պարագայում ավելի շատ է սկսում մտորել, եզրահանգումներ անել:

Այս առումով ուշագրավ է այն ելույթը, որն ունեցավ Սերժ Սարգսյանը ՀՀԿ արտահերթ համագումարում: ԽՍՀՄ տարիների ԽՄԿԿ համագումարների ոգով կազմակերպված այդ միջոցառմանը Սարգսյանը այնպիսի հայտարարություններ արեց, որից նույնիսկ սատիրան կարող էր պապանձվել: Սարգսյանը չասաց, թե ինքը չի կատարել իր նախորդ նախընտրական խոստումները, ոչինչ չխոսեց այն մասին, թե որ ոլորտներում է ինքը խնդիրներ կամ հետքայլ ունեցել, որևէ բան չխոսեց իր բացթողումների մասին: Փոխարենը նա այնպիսի ձեռքբերումներ հիշատակեց, որ թվաց, թե Սարգսյանն ուղղակիորեն ձեռ է առնում հանրությանը:

Տեսեք՝ շուրջ 35 տոկոս աղքատ բնակչություն ունեցող երկրի քաղաքացիներին Սարգսյանն ասում է, թե «մենք կարողացանք երկիրը դուրս բերել ֆինանսատնտեսական ճգնաժամից: Կարողացանք թեթևացնել փոքր ու միջին ձեռնարկությունների հարկային բեռը: Կարողացանք հազարավոր աշխատատեղեր փրկել հանքարդյունաբերության և շինարարության մեջ: Կարողացանք լուրջ թափ հաղորդել սննդի ու թեթև արդյունաբերության ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Կարողացանք անխաթար պահել մեր ֆինանսական համակարգը: Կարողացանք անել այն, ինչ չկարողացան անհամեմատ ավելի հզոր երկրներ»: Աշխարհի 176 երկրների շարքում կոռուպցիայի ընկալման մակարդակով՝ Ալժիրի, Բոլիվիայի, Կոսովոյի, Մեքսիկայի, Ֆիլիպինների, Գամբիայի և Մալիի հետ 105-112-րդ տեղերը կիսող (կոռուպցիայի համաթիվը կազմելիս օգտագործվում է 0-ից 100 միավորանոց գնահատման սանդղակ, որտեղ 0-ն բացարձակ կոռումպացվածությունն է, իսկ 100-ը՝ կոռուպցիայի բացակայությունը) Հայաստանի ղեկավարը հայտարարում է, թե «մենք սկսել ենք քայլ առ քայլ դեպի լուսանցք տեղափոխել երկրում տասնամյակներ շարունակ արմատներ ձգած կոռուպցիան ու չարաշահումները»:

Իր մերձավորների կողմից (Սաշիկ Սարգսյան, Սաշիկ Սարգսյանի որդի՝ Նարեկ Սարգսյան, Միշիկ Մինասյան, Մհեր Սեդրակյան, Ռուբեն Հայրապետյան և այլք) ամեն օր կատարվող բացարձակ ամենաթողության ֆոնին Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե «մեր հավաքական կամքը դեմ հանեցինք ամենաթողության դրսևորմանը»:  Սեփական փեսայի կողմից ողջ լրատվական դաշտը վերահսկողության տակ վերցրած հանգամանքի ֆոնին՝ Սարգսյանը հայտարարում է, թե «մենք բացեցինք ողջ լրատվական դաշտը, վերականգնեցինք հեռուստաընկերությունների՝ եթեր ունենալու իրավունքը»: «Մենք պահանջեցինք մեր ոստիկանությունից քաղաքացուն ծառայել նորովի: Ծառայել բարեխղճորեն»,- հայտարարում է Սարգսյանը՝ թերևս մոռանալով նշել, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանի կողմից բացահայտված ամենաաղմկահարույց գործը 22 տարի առաջ գողացված «Մոսկվիչ» մեքենայի անվադողերի գողության բացահայտումն էր: Իր պաշտոնավարման ընթացքում ավելի քան 150 հազար քաղաքացու արտագաղթի մատնած Սարգսյանը դեռ հայտարարում է. «Վստահեցնում եմ ձեզ, որ ընդամենը մի քանի տարի Հայաստանից դուրս ապրած մեր հայրենակցի համար Հայաստանն այլևս անճանաչելիորեն փոխվել է»: Բա եթե սա ծաղր չէ, ապա ի՞նչ է:

Հ.Գ. Ուշագրավ է նաև Սերժ Սարգսյանի ելույթի վերջին հատվածը, որը ավարտվում է այսպես.

«Սա նո՛ր Հայաստան է և վերջ
Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է և վերջ
Սա օրենքի գերակայության և իրավունքի Հայաստան է և վերջ:
Սա տնտեսական ազատության և մրցակցության Հայաստան է և վերջ
Սա այստեղ ապրող բոլոր ազգերի, բոլոր քաղաքացիների համար պատասխանատու Հայաստան է և վերջ:
Սա միջազգային իր բոլոր հանձնառությունները հարգող Հայաստան է և վերջ
Սա իր պատմությունը հիշող, նրանից հզոր լիցքեր առնող, բայց նաև հնոտիքը իր վրայից թափող, նոր պատմություն կերտող Հայաստան է և վերջ»:

Վերջ բառի բացատրությունը, ըստ Արդի հայերենի բացատրական բառարանի, (Է.Աղայան) այսպիսին է. «Առարկայի՝ տարածության ավարտային սահման», «ժամանակի մեջ տեղի ունեցող որևէ բանի ավարտման ժամկետը, պահը՝ փուլը», «փոխաբերական՝ վախճան, մահ, կյանքի ավարտ»: Ու հաշվի առնելով, որ «և» շաղկապից առաջ Սարգսյանի տեքստում ստորակետներ չկան, ինչը «վերջ» բառը կապում է Հայաստանի հետ, նշանակում է, որ Սարգսյանը ենթագիտակցորեն ճիշտ մեսիջներ է հղում հանրությանը՝ իր խոստացած Հայաստանը ներկայիս իրական Հայաստանի ավարտն է, վախճանը:

 

Պարգև Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Բալոտելիին տուգանել են 340 հազար ֆունտով’
Հաջորդ հոդվածը‘Անահիտ Ֆարմանյանը հերքում է խոսակցությունները, թե ինքը ձգտում է ռեկտոր դառնալ’