‘Սերժ Սարգսյանի փուլի ավարտը’

1739

Երեկվանից քաղաքական շրջանակներում և հասարակության ակտիվ զանգվածի մոտ խորը հիասթափության և նվաստացման տրամադրություններ են տիրում:
Այն, ինչ կատարվեց երեկ Մոսկվայում, իհարկե, նվաստացուցիչ էր հայկական պետության համար: Բայց այս պահին շատ կարևոր է տարանջատել հարցի պրագմատիկ և հուզական կողմերը: Պետք է հստակ հասկանալ, թե ինչ կատարվեց, որպեսզի հստակ պատկերացնենք մեր անելիքը մոտ ապագայում:
Երեկ Ռուսաստանը հրապարակային պատժեց և նվաստացրեց Սերժ Սարգսյանին: Եվ պետք չէ այդ նվաստացումը վերագրել Հայաստանի Հանրապետությանը:
Երեկ Սերժ Սարգսյանը կայացրեց իր հերթական միանձնյա որոշումը:
Երեկ Սերժ Սարգսյանը տապալեց իր երկրորդ խոշոր արտաքին քաղաքական ծրագիրը: Ֆուտբոլային դիվանագիտությունից հետո, եվրաինտեգրացիոն քաղաքականությունը նրա մյուս ամենակարևոր և առանցքային ուղղությունն էր, որի շուրջ աշխատում և բանակցում էին մոտ 4 տարի:
Երեկ Սերժ Սարգսյանի նվաստացումը և քաղաքական դեմքի ու արժանապատվության կորուստը արձանագրեցին թե՛ միջազգային հանրությունը, թե՛ հայ ժողովուրդը:
Երեկ Սերժ Սարգսյանի վիճակը գրեթե նույնն էր, երբ Սահակաշվիլին հրապարակային ուտում էր սեփական փողկապը:
Ինչպես գիտենք, որևէ ժողովուրդ չի ներում իր ղեկավարի հրապարակային նվաստացումը, որովհետև դա պետության և ժողովրդի արժանապատվության խնդիրն է, մեր պարագայում նաև՝ ազգային անվտանգության:
Երեկ ավարտվեց Սերժ Սարգսյանի փուլը: Ու հիմա ոչ թե լացուկոծի ժամանակն է, այլ քաղաքական հիմնական ուժերի և հասարակության խնդիրն է արագորեն հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին և միանգամայն նոր իշխանություն ձևավորել: Միայն նոր իշխանությունը կարող է տիտանական ջանքերով շտկել իրավիճակը, բարեկամական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, նոր երկխոսության էջ սկսել Եվրոպայի և Արևմուտքի հետ, վերջապես՝ վերականգնել Հայաստանի արժանապատվությունը: 

Նյութը՝ top-news.am-ից 

Նախորդ հոդվածը‘Xотели как лучше, получилось как всегда’
Հաջորդ հոդվածը‘«Հարցազրույց Հայաստանի հետ»: Առաքել Սեմիրջյան. Հայաստանում զոմբիների պակաս կա’