‘Սերժ Սարգսյանի 3 փուլերը. Ստեր խոստանալու, ստերը չկատարելու և ստերն արդարացնելու ժամանակներ ‘

1581

Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը ակնհայտորեն կարելի է բաժանել երեք փուլի՝ ստեր խոստանալու ժամանակաշրջանի, ստերը չկատարելու ժամանակաշրջանի և ստերը չկատարելն արդարացնելու ժամանակաշրջանի: Այժմ մենք փաստացի հասել ենք այդ երրորդ փուլին:  

Ստեր խոստանալու ժամանակաշրջանը ու ստերը չկատարելու ժամանակաշրջանը

2008-ի նախընտրական ծրագրում Սերժ Սարգսյանը բազմաթիվ «լավ բաներ» էր խոստանում, որոնք, բնականաբար, չեն կատարվել: Ահավասիկ՝ մի քանի օրինակ:

Հայաստանըորին մենք ձգտում ենքպետք է դառնա ուժեղ ժողովրդավարական պետություն` կառավարման արդյունավետ համակարգով, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, գերակայողը` նրա անօտարելի իրավունքները: Հայաստանը, որին մենք ձգտում ենք, ունենալու է իր քաղաքացիների վստահությունը վայելող իշխանություն:  

Դուրս եկեք փողոց և հարցրեք, թե քաղաքացների քանի՞ տոկոսն է վստահում իշխանություններին, և արդյո՞ք  Հայաստանն այսօր ժողովրդավարական պետություն է: Պատասխանը իշխանությունների համար, միանաշանակ, ոչ այնքան հաճելի կլինի:

Հայաստանում, որին մենք ձգտում ենքբոլորը հավասար են լինելու օրենքի առջև:

Արդյո՞ք այսօրվա Հայաստանը հավասարների երկիր է: Արդյո՞ք Սաշիկ Սարգսյանը, նրա որդին՝ Նարեկ Սարգսյանն ու Ծովագյուղում ապրող Արմենը կամ Պողոսը հավասար են օրենքի առաջ, արդյո՞ք Ռուբեն Հայրապետյանն (Նեմեց Ռուբո) ու Վահե Ավետյանը հավասար էին, արդյո՞ք հավասար էին Մհեր Սեդրակյանն (Թոխմախի Մհեր) և դերասան Սերգեյ Գրիգորյանը, արդյո՞ք հավասար են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին և Սերժ Սարգսյանի փեսա Միշիկ Մինասյանը, Տարոն Մարգարյանի աներձագ Ռուբեն Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո): Ցանկը կարելի է շարունակել անվերջ:

Հայաստանում, որին մենք ձգտում ենքչեն լինելու աղքատներ, չեն լինելու արտոնյալներ:

Այսօր Հայաստանում՝ անգամ ըստ պաշտոնական թվերի, բնակչության մոտ 35 տոկոսը աղքատ է: Ընդ որում՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման արդյունքում աղքատների թիվը ոչ միայն չի նվազել, այլև՝ նույնիսկ աճել է: Եւ այդ ֆոնին ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը չխոսել Սաշիկ Սարգսյանի որդու՝ մի քանի միլիոն դրամ արժողությամբ հսկայական ծաղկեփնջից, որը վերջինս իր ընկերուհու պատվին տեղադրել էր տվել Հյուսիսային պողոտայում:

Աշխարհասփյուռ հայությունն իրապես շահագրգռված է Հայաստանի զարգացմամբ, ինչը նշանակում է, որ այսուհետ հնարավոր չէ մշակել և իրականացնել որևէ գլոբալ ծրագիր` առանց այս գործոնը հաշվի առնելու

Բավական է միայն հիշեցնել, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ ինչպես էր աշխարհասփյուռ հայությունը բողոքի ցույցեր կազմակերպում Սերժ Սարգսյանի դեմ, անվանարկում նրան, սակայն, դա չխանգարեց Սարգսյանին մինչև վերջ առաջ տանել այդ արձանագրությունները:

Մենք բաց ենք լինելու կառուցողական առաջարկությունների, քննարկումների և համագործակցության համար` կարևորելով նաև ժողովրդին ու Ազգային Ժողովին ուղերձով դիմելու սահմանադրական ինստիտուտի դերը:

Իր պաշտոնավարման ընթացքում Սերժ Սարգսյանը իրականում ԱԺ-ում ուղերձով հանդես է եկել ընդամենը 1 անգամ, իսկ հեռուստատեսությամբ՝ 2 անգամ. առաջինը նվիրված էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, երկրորդը՝ դրանց սառեցմանը:  

Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն այդ լուծումների իրականացումը:

Իրականում, սակայն, համանախագահները առաջին անգամ բարձրաձայնեցին, որ Ղարաբաղը չի մասնակցելու Մադրիդյան սկզբունքների մշակմանն ու քննարկմանը, որ դրանք համաձայնեցվելու են բացառապես Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, իսկ Ղարաբաղը արդեն կմիանա վերջում՝ Մեծ Պայմանագիր ստորագրելու ժամանակ:

Մենք պատրաստակամ ենք լինելու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման հարցում` համարելով, որ դրա հիմքում չեն կարող ընկած լինել ո՛չ  Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունից հրաժարվելու, ո՛չ ԼՂ հակամարտության հետ կապված և ոչ էլ այլ նախապայմաններ:

Իրականում, սակայն, Թուրքիայի հետ ստորագրվեցին այնպիսի արձանագրություններ, որտեղ նեռարված է նաև պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու մասին կետը, որն էլ, իր հերթին, պետք է քննարկի Հայաստանի և Թուրքիայի միջև առկա պատմական խնդիրները:

Երկրորդ սերնդի բարեփոխումները կստեղծեն լավագույն պայմաններ բիզնեսի և ներդրումների համար: Տնտեսության կարգավորումը չպետք է խոչընդոտի բիզնեսի կայացմանն ու զարգացմանը, այլ` ընդհակառակը, պետք է ծառայի հավասար պայմանների ապահովման, զարգացման աջակցության և ռիսկերի նվազեցման նպատակներին: Հայաստանի ֆինանսական համակարգը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու իրական ներուժ ունի:

2008 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ իրականացվել է 515 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում, 2012-ի առաջին կիսամյակում՝ 266.1 միլիոն դոլարի։ Ընդ որում, 2012-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 147.5 մլն. դոլար` 2011-ի հետ համեմատ նվազելով 59,7%-ով:

Մեր քաղաքականության առանցքային հարցերից մեկն է լինելու կաշառակերության ու կոռուպցիայի դեմ գործուն և հետևողական պայքարի ծավալումը:

Սակայն 2012-ի վերջին ամիսներին Սերժ Սարգսյանը տարբեր ոլորտներում իրականացված խորհրդակցությունների ժամանակ նորից խոսում է կոռուպցիայից, ատկատներից, կաշառակերությունից: Նշանակում է՝ կամ պայքար չի տարվել, կամ էլ՝ Սարգսյանն ի վիճակի չի եղել որպես նախագահ տանել  այդ պայքարը կոռուպցիայի դեմ:

Մշտական ուշադրության առարկա կհանդիսանա հեռավոր և սահմանամերձ շրջաններից բնակչության արտագաղթի կանխումը:

Իսկ ահա 2012-ի մայիսին Սերժ Սարգսյանը սահմանամերձ գյուղերի խնդիրների մասին հայտարարում էր. « Ես այդպիսի մեծ պրոբլեմ չեմ տեսնում, երբ որ խոսում են լեռնային գյուղերի մասին, խոսում են դատարկվող գյուղերի մասին, չգիտեմ այդ պրոբլեմը ինչքան է ակտուալ, որովհետև մարդը այսօր, ապրելուց լինի գյուղում, թե քաղաքում, ուզում է կյանքի համար լավ պայմաններ, և եթե այսօր կա մի գյուղ, որտեղ ապրում են 5-6 հազար մարդ, որն ապահովված է ոռոգման ջրով, խմելու ջրով։ Դպրոցները վերանորոգված են, մանկապարտեզ կա, ես կնախընտրեի, որ 7 կիլոմետր վերև ապրող 10-12 ընտանիքը իջներ այդտեղ, այս մի գյուղում ապրեր, մինչև կկարողանանք այն վերևի գյուղ էլ գազ քաշենք, կամ դպրոց կառուցենք։ Պրոբլեմները այնքան շատ են, որ այդպիսի բաների մասին մտածելը դեռևս շատ վաղ է։ Այսինքն, եթե Երևանի դպրոցը չի ջեռուցվում, մենք ի՞նչ հնարավորություն ունենք գնանք սահմանամերձ գյուղում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մենք վեր կենանք գնանք այնտեղ ապրենք։ Մենք պետք է կենսական պրոբլեմների մասին առաջին հերթին մտածենք»։

Ստերն արդարացնելու ժամանակաշրջանը

Այժմ Սերժ Սարգսյանի մոտ, ինչպես նշեցինք, սկսվել է երրորդ փուլը: Նա և իր ողջ թիմը բոլոր հնարավոր և անհնար արդարացումներն են փորձում գտնել՝ խոսելու այն մասին, թե ինչո՞ւ չեն կատարվել խոստումները: ՀՀԿ-ականները չեն խորշում ոչնչից. մեկ ասում են, թե 2008-ի տնտեսական ճգնաժամն է խանգարել Սերժ Սարգսյանին, մեկ ասում են, թե մարդիկ իրականում չեն արտագաղթում, ու ցինիկաբար ավելացնում են ընտրողների թիվը, մեկ ասում են, թե արտագաղթում են սովորելու և վերադառնալու, մեկ էլ թե՝ մարդիկ աղքատ են ապրում, քանզի գիտելիքի պակաս կա: Սակայն, որքան էլ իշխանությունները փորձեն արդարացնել Սերժ Սարգսյանի ձախողումները, ակնհայտ է, որ Սարգսյանը իր պաշտոնավարման ընթացքում ձախողվել է բոլոր ոլորտներում: Սա պարզ ճշմարտություն է: Եւ ի դեպ, միջազգային խաղացողներին և հասարակության ինչ-ինչ խավերին՝ ընտրություններից առաջ անիրականացնելի բաներ խոստացած մարդը առաջին անգամ կարող է կեղծիքներով դառնալ նախագահ, քանի որ այդ պարագայում ունենում է այդ շահագրգիռ կողմերի աջակցությունը, որոնք ակնկալում են հետագայում այդ խոստումների իրականացում: Սակայն, խոստումներ տված և չիրականացրած անձը նույն բանը չի կարող անել արդեն երկրորդ անգամ, քանզի եթե առաջին անգամ հասարակությունից բացի եղել են ինչ-ինչ խավեր, որոնք օգնել են կեղծել ընտրությունները, ապա երկրորդ անգամ անձը կորցնում է նաև այդ խավերի վստահությունը: Այնպես որ, այս նախագահական ընտրություններից առաջ կարող ենք փաստել. եթե 2008-ին Սերժ Սարգսյանը չուներ հասարակության վստահությունը, ապա այսօր կորցրել է անգամ իր աջակիցների ու հենարանի մեծ մասի վստահությունը: Այդքանից հետո Սարգսյանը նույնիսկ կեղծիքներով նախագահ դառնալու շանս չունի:

Պարգև Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Քիչ հետո հայտնի կդառնա՝ Գագիկ Ծառուկյանն առաջադրվում է, թե ոչ’
Հաջորդ հոդվածը‘Թուրք դատաբժշկական փորձագետները թույն են հայտնաբերել նախկին նախագահ Թուրգութ Օզալի մասունքներում’