‘Սերժ Սարգսյաննն աշխատանքային այցով մեկնել է Արցախ’

888

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արևելյան սահմանային զորամասերից մեկը, մասնակցել՝ սպայական անձնակազմի համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը:

Նա այնուհետ աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Ըստ President.am-ի, Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:

Հայաստանի և Արցախի հանրապետությունների ղեկավարները ներկա են գտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժություններին, անցկացրել պաշտպանական շրջանի դիտարկում: Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը զորամասերից մեկում մասնակցել են նաև Սուրբ Գևորգ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը: Այնուհետ զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն:

Նրանք այցելել են նաև Մարտակերտի շրջանի Մաղավուզի քարածխի հանքավայր, որն արդեն սկսել է քարածխի տեղափոխումը «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում ջուր-ածխային եղանակով (ՋԷԿ-ի հին էներգաբլոկների վերազինմամբ և շահագործմամբ) էլեկտրաէներգիայի արտադրություն ապահովելու համար: Էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտների համար ներդրումային կարևոր այս ծրագիրը, տնտեսության զարգացումը խթանելուց զատ, որոշակիորեն կբարձրացնի նաև ՀՀ էներգետիկ անվտանգության մակարդակը: Սերժ Սարգսյանին եւ Բակո Սահակյանին ներկայացրել են, որ Մաղավուզի հանքավայրում կառուցվում է նաև քարածխի հարստացման կոմբինատ:

Հանքավայրը շահագործող ընկերության ընթացիկ աշխատանքներին ու զարգացման ծրագրերին ծանոթանալուց հետո, Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը հաջողություններ են մաղթել ընկերությանը հետագա աշխատանքներում:

Նախորդ հոդվածը‘«Չորրորդ ինքնիշխանություն». «Եվ այդ մեկ փիղը ինքն ա»’
Հաջորդ հոդվածը‘Իտալացի 6 սեյսմաբաններ 6 տարի բանտում կանցկացնեն՝ երկրաշարժը չկանխատեսելու պատճառով ‘