‘Սերժ Սարգսյանն աքսորու՞մ է փեսային. Մամուլ’

1836

Երեկ «Հայկական ժամանակը» տեղեկություն ստացավ, որ Սերժ Սարգսյանն իր փեսային՝ Միքայել Մինասյանին, ով Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալն էր և քարոզչության գծով պատասխանատուն, որոշել է դեսպան նշանակել:

Ըստ այդ տեղեկությունների, Սարգսյանը փեսային գործուղելու է Վատիկան: Նշենք, որ Վատիկանում ՀՀ դեսպանը Վիգեն Չիթեթչյանն է: Թե ինչով է պայմանավորված սույն որոշումը, առայժմ թերևս կարելի է միայն ենթադրություններ անել: Չի բացառվում, որ Սարգսյանը որոշել է պատժել փեսային՝ փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների Սերժ Սարգսյանի համար խայտառակ արդյունքների համար: Նշենք, որ այդ արդյունքներին Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականներն իսկապես չէին սպասում և դա մեծ անակնկալ էր նրանց համար:

Սպասվում էր, որ Սերժ Սարգսյանի հրամանագիրը Միքայել Մինասյանին դեսպան նշանակելու մասին, պետք է հրապարակվեր հենց երեկ: Սարգսյանի պաշտոնական կայքում, սակայն, այդպես էլ նման տեղեկություն չհայտնվեց: Հավանականություն կա նաև, որ Միքայել Մինասյանին, այդուամենայնիվ, կհաջողվի համոզել աներոջը՝ հետ կանգնել իր որոշումից:

Արդյոք Սերժ Սարգսյանն իր որոշման մեջ հաստատուն կլինի, թե Միքայել Մինասյանին կհաջողվի ազդել աներոջ որոշման վրա, պարզ կդառնա առաջիկա օրերին:   

Նախորդ հոդվածը‘Միասնական ցուցակում՝ բոլոր ոչ իշխանական ուժե՞րը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’