‘Սերժ Սարգսյանն ընդունել է շվեյցարացի խորհդարանականներին’

859

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերի և Դոմինիկ դե Բումանի գլխավորած պատվիրակությանը:

Սարգսյանը ողջունել է շվեյցարացի խորհրդարանականների այցը ՀՀ եւ ԼՂՀ:

Նման այցերը, նրա համոզմամբ, շատ կարևոր են տարածաշրջանում տիրող իրավիճակին ծանոթանալու, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի և առկա խնդիրների, հակամարտության նախապատմությանը համակողմանի տեղեկացվածության տեսանկյունից: «Այցի ընթացքում ստացած ձեր տպավորությունները դուք կիսելու եք նաև խորհրդարանի ձեր գործընկերների և, ընդհանրապես, բոլոր այն մարդկանց հետ, ովքեր անտարբեր չեն մեր տարածաշրջանի կայունության և խաղաղության նկատմամբ: Սա շատ կարևոր հանգամանք է, որով ԼՂ խնդրի հանգուցալուծումն անհնար է առանց միջազգային հանրության մասնակցության»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նա ուրախալի է համարել այն փաստը, որ բարեկամ երկրների խորհրդարանները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հիմնախնդրի նկատմամբ, և վերջին շրջանում տարբեր երկրներից մի շարք պատգամավորական պատվիրակություններ են այցելում Լեռնային Ղարաբաղ:

Շվեյցարիայի խորհրդարանականները նշել են, որ անչափ տպավորված են ՀՀ եւ ԼՂՀ այցելություններից և այդ տպավորությունները, անշուշտ, ներկայացնելու են նաև Շվեյցարիայի կառավարությանը, որը, մի քանի ամիս հետո ստանձնելով ԵԱՀԿ-ում նախագահությունը, ջանքեր է գործադրելու նաև այս տարածաշրջանում խնդիրների լուծման, տևական խաղաղության հասնելու ուղղությամբ:

Հանդիպմանը զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած քսան տարիներին երկու երկրների միջև ձևավորվել է բարեկամական զարգացող բարձր մակարդակի միջպետական երկխոսություն, որը տարեցտարի զարգանում է թե՛ փոխադարձ այցերի, թե՛ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության միջոցով: 

 

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ բանաձեւը նաեւ Համաժողովրդական շարժման վաստակն է ‘
Հաջորդ հոդվածը‘Էրդողան. Թուրքիան Սիրիայի դեմ պատերազմի ծրագիր չի մշակում ‘