‘Սերժ Սարգսյանն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին’

751

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

Ներկայացնում ենք president.am-ի պաշտոնական հաղորդագրությունը հանդիպման մասին.

«Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել Հայաստան-ԵՄ հարաբերությունների, այդ հարաբերություններում առանցքային տեղ զբաղեցնող Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության և Ասոցացման համաձայնագրի ու դրա մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունների ընթացքի մասին:

Կողմերը գոհունակությամբ են նշել շարժունակության ոլորտում համագործակցության առաջընթացը՝ ընդգծելով, որ ստորագրվել և այժմ վավերացման փուլում են գտնվում Վիզաների դյուրացման և Հետընդունման վերաբերյալ համաձայնագրերը:

Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն խոսել է նաև Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու և նոր թափ հաղորդելու մի շարք ուղղություններով երկրում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին՝ ակնկալելով դրանց իրագործմանը ցուցաբերվող աջակցության ընդլայնում»:

Հիշեցնենք, որ Ֆյուլեն այսօր արդեն հանդիպել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ-ը Մոլդովային առաջարկում է դադարեցնել Աուրելիա Գրիգորիուի լիազորությունները’
Հաջորդ հոդվածը‘Շտեֆան Ֆյուլեի ասուլիսը. Ուղիղ’