‘Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարարին’

1097

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին:

Սարգսյանը և ՌԴ պաշտպանության նախարարը քննարկել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ու առկա մարտահրավերներին, միջազգային իրավիճակին, ինչպես նաև այսօր անցկացված «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժություններին վերաբերող հարցեր:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մակարդակից: Սերժ Սարգսյանի խոսքով, ՌԴ պաշտպանության նախարարի այցը հատկապես ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 15-ամյակի այս տարում երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների հետևողական ամրապնդման ևս մեկ հաստատումն է:

Նախարար Անատոլի Սերդյուկովը, օգտվելով հանդիպման պատեհ առիթից, ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի նախօրեին տոնի առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին եւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին, մաղթել խաղաղություն և բարօրություն:

Նախարարը գոհունակությամբ է խոսել այսօր տեղի ունեցած համատեղ զորավարժությունների մասին, որոնք նրա խոսքով, ռազմական ոլորտում սերտ փոխգործակցության վկայությունն են: Այս մասին հայտնում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

 

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը՝ օգոստոս ամսվա ԱՊՀ լավագույն խաղացող’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի առաջնություն. «Միկան» շարունակում է հաղթարշավը’