‘Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնին’

930

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է համաշխարհային կինոյի լեգենդներից մեկին՝ ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնին, ով այսօր Երևանում ներկա կգտնվի իր մասնակցությամբ նկարահանված «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերային:

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում՝ ուրախությամբ նշելով, որ Ալեն Դելոնի ստեղծած կերպարները Հայաստանում ևս մեծ ճանաչում և ժողովրդականություն են վայելում, իսկ դարավոր պատմություն և մեծ ներուժ ունեցող հայ-ֆրանսիական ջերմ բարեկամական հարաբերությունները շարունակում են վերընթաց զարգանալ:

Ֆրանսիացի անվանի դերասանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ ջերմ խոսքերի և հյուրընկալության համար, ընդգծել, որ Ֆրանսիայում մշտապես շատ ուշադիր են եղել Հայաստանի հանդեպ, հարգալից վերաբերմունք ունեն նրա մշակույթի, պատմության նկատմամբ և հստակ դիրքորոշում՝ 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում: Նա նշել է, որ հետաքրքրությամբ է հետևել շուրջ մեկ ամիս առաջ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը, իսկ անցյալ տարի՝ նաև Նիկոլա Սարկոզիի պետական այցին Հայաստան:

Սարգսյանը հետաքրքրվել է Երևանում ցուցադրվելիք «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմով՝ նշելով, որ հայերի, ինչպես և միջերկրյածովյան բոլոր ժողովուրդների համար մայրերի նկատմամբ մշտապես առանձնահատուկ վերաբերմունք է եղել, և եթե ֆիլմի հայ ռեժիսորն ու պրոդյուսերը, ամբողջ ստեղծագործական թիմի հետ միասին, ֆիլմը նվիրել են մայրիկներին, ուրեմն այն, իր կարծիքով, արժեքների հավերժության մասին է, իսկ թեման՝ բոլոր ժամանակներում և բոլոր սերունդների համար՝ մշտապես արդիական:

Ալեն Դելոնը նշել է, որ չնայած այդ լիրիկական կատակերգության մեջ փոքր մասնակցությանը, ինքն էլ մեծագույն սիրով է խաղացել իր դերը և անչափ ուրախ է Հայաստան այցի համար, որտեղ իրեն հաճելիորեն զարմացրել է իր այդքան ճանաչված և սիրված լինելը:

Նշանավոր դերասանը սիրով ընդունել է Սերժ Սարգսյանի հրավերը՝ կրկին այցելելու Հայաստան և ավելի հանգամանորեն ծանոթանալու մեր երկրին, որի մասին բազմիցս լսել է իր հայ ընկերներից, հայտնում է president.am-ը:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ականների տեսակցությունը Խաչիկյանին ընկերական բնույթ է կրել’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն կոչ է անում գալիք ընտրություններում հաշվի առնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները ‘