‘Սերժ Սարգսյան. «Այն կառավարությունը, որը չապահովի աշխատավարձի առաջանցիկ աճ, պետք է հրաժարական տա»… Սպասում ենք’

2226

«Հայկական ժամանակը» խմբագրականում գրում է. «Երեք ամիս առաջ՝ մարտի 18-ին, մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարեց՝ «…աշխատավարձերի աճը պետք է ավելին լինի, քան գնաճը»։ Հիշենք ընդամենը երեքամսյա վաղեմության՝ նախընտրական շրջանում արված այս հայտարարությունը, և անցնենք առաջ։

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել է, թե գազի և էլէներգիայի սակագների բարձրացումը կհանգեցնի 2-2.5 տոկոս հավելյալ գնաճի։ Իհարկե, Զավադյանը մի փոքր համեստություն է արել։ Հավելյալ գնաճը սպասվում է ավելի մեծ, բայց եթե նույնիսկ Զավադյանի համեստ կանխատեսումն իրականանա, ապա դա շատ մեծ թիվ է։ Խնդիրն այն է, որ այս տարվա մայիսին, անցած տարվա համեմատ՝ պաշտոնական գնաճը կազմել է 5.2 տոկոս։ Այսինքն՝ կյանքը այս տարվա մայիսին 5.2 տոկոսով ավելի թանկ է եղել, քան անցած տարվա մայիսին։ Եւ դա այն դեպքում, երբ գազն ու էլէներգիան դեռ չեն թանկացել։ Հիմա, եթե իրականանան ԿԲ նախագահի համեստ կանխատեսումները, ապա գազի և էլէներգիայի նոր սակագների կիրառումից հետո՝ հուլիսի 7-ից, եղած գնաճին կավելանա ևս 2-2.5 տոկոս, և գնաճի ցուցանիշը կհասնի 8 տոկոսի։ Որպեսզի պատկերացնենք, թե ինչ է նշանակում 8 տոկոսանոց գնաճ, ապա համեմատություն ներկայացնենք ոչ վաղ անցյալից։ 2009 թվականին, երբ մարտի 3-ին փլուզվեց դրամի փոխարժեքը, և մեկ դոլարի գինը մեկ օրվա մեջ 305 դրամից բարձրացավ մինչև 370-380 դրամի, սպառողական շուկայում շեշտակի թանկացումներ արձանագրվեցին։ Դա էականորեն նվազեցրեց ՀՀ բնակչության կենսամակարդակը։ Բայց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը արձանագրեց միայն 3-4 տոկոս գնաճ։ Եւ ուրեմն պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե նույն այդ վիճակագրական ծառայությունը արձանագրի 8 տոկոսանոց գնաճ։ Մի խոսքով, գնաճը լինելու է մոտ 8 տոկոս։ Իսկ ի՞նչ է լինելու աշխատավարձի հետ։

Գազի և էլեկտրաէներգիայի թանկացման մասին հանրային բուռն քննարկումների ֆոնին անցած շաբաթ ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում, որով նվազագույն աշխատավարձը գործող 35 հազար դրամից կբարձրանա 10 հազար դրամով և կկազմի 45 հազար դրամ։ Նոր նվազագույն աշխատավարձը կգործի այս տարվա հուլիսի 1-ից։ Հասարակության մեջ այնպիսի կարծիք ստեղծվեց, որ նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամով բարձրացնելու արդյունքում բյուջետային հիմնարկների բոլոր աշխատողների աշխատավարձը ավտոմատ կերպով կբարձրանա 10 հազար դրամով։ Գազի և էլէներգիայի թանկացման ֆոնին կառավարությանը խիստ ձեռնտու էր, որ հանրության լայն խավերի մոտ նման սպասումներ լինեն։ Գուցե սա սառը ցնցուղ լինի, բայց աշխատավարձերը այս փոփոխության արդյունքում նույնիսկ մեկ լումայով չեն բարձրանա։ Ո՞րն է խնդիրը։ Մինչև այս տարվա հունվարի 1– ը, Հայաստանում գործող օրենսդրության համաձայն, աշխատավարձերից իրականացվող պահումները կախված էին նվազագույն աշխատավարձի չափից։ Այսինքն՝ եթե ձեր աշխատավարձը 100 հազար դրամ էր, ապա եկամտահարկը պահելիս այդ աշխատավարձից հանվում էր նվազագույն աշխատավարձի չափը և հարկվում էր մնացած գումարը։ Այս տարվա հունվարի 1– ից գործողության մեջ մտավ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը։ Ըստ այդմ՝ աշխատողից պահվում է նրա ամբողջ աշխատավարձի 24.4 տոկոսը՝ անկախ այն բանից, թե որքան է այդ պահին կազմում պաշտոնապես հայտարարված նվազագույն աշխատավարձը։ Այսինքն՝ եթե ձեր աշխատավարձը կազմում է 100 հազար, ապա դրա 24.4 տոկոսը ավտոմատ կերպով պահվում է, և դուք ստանում եք 75 հազար դրամ։ Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացումը կազդի միայն այն մարդկանց վրա, ովքեր մինչ այդ ստանում էին ամսական մինչև 45 հազար դրամ։ Թե ներկայումս քանի հոգի է Հայաստանում ստանում մինչև 45 հազար դրամ աշխատավարձ՝ մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել։ Ոչ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ոչ էլ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը նման տվյալների չեն տիրապետում։ Բայց կարելի է չկասկածել, որ եթե կառավարությունը գնացել է նվազագույն աշխատավարձի բարձրացմանը, ապա դա բյուջեից լրացուցիչ զգալի միջոցներ չի պահանջել։ Այլապես անհասկանալի է, թե ինչու այդ նույն կառավարությունը ընդամենը 5 ամիս առաջ երկու ոտքը դրել էր մի կոշիկի մեջ ու ոչ մի կերպ չէր համաձայնում բարձրացնել նվազագույն աշխատավարձը։ Հաշվարկեցին-տեսան, որ դա գրեթե ոչ մեկի վրա չի ազդի, լրացուցիչ միջոցների կարիք չի լինի, և բարձրացրին նվազագույն աշխատավարձի չափը։ Աշխատավարձերը դրա արդյունքում չեն բարձրանա, բայց նպատակը հո աշխատավարձ բարձրացնե՞լը չէր։ Նպատակը միայն հանրային թյուր կարծիք ստեղծելն է, թե ինչ-որ տեղ, ինչ որ ձևով 10 հազար դրամ աշխատավարձ է բարձրանալու հուլիսի մեկից։ Չի՛ բարձրանալու։

Եւ ուրեմն՝ ինչ ունենք։ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «…աշխատավարձերի աճը պետք է ավելին լինի, քան գնաճը»՝ այս տարի կիրականանա ամբողջությամբ, բայց ճիշտ հակառակ նշանով՝ գնաճը ավելի բարձր կլինի, քան աշխատավարձերի աճը։ Եւ դա, կարելի է ասել, արդեն ճշգրիտ կանխատեսում է։ Ի դեպ, այդ նույն օրը Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարել էր. «Հայաստանի այն կառավարությունը, որը չապահովի աշխատավարձի առաջանցիկ, այսինքն՝ ավելի մեծ աճ, քան գնաճն է հանրապետությունում՝ պետք է հրաժարական տա»։ Մի քանի ամսից կտեսնենք՝ Սերժ Սարգսյանի ասածը որքանով է հիմնավոր՝ կառավարությունը հրաժարական կտա՞, թե՞ ոչ»:

Նախորդ հոդվածը‘Սամվել Ալեքսանյանին պատկանող դեղատանը ժամկետանց «Նարինե» չի՞ վաճառվում (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու նվազագույն աշխատավարձը տասը հազար դրամով բարձրացնելու նախագծին’