‘Սերժ Սարգսյան. Աշխատել ԼՂ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ’

2090

Այսօր երեկոյան տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում քննարկվել են Ադրբեջանական հանրապետության կողմից 1994թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակը և այլ հարցեր:

Ելույթ ունենալով նիստում, Սերժ Սարգսյանն ասել է, թե իր ամերիկյան հանդիպումներից ընդամենը մի քանի ժամ հետո տեղի ունեցան իրադարձություններ, որ «դեռևս հայտնի չեն, թե ինչի կվերաճեն»:

Սարգսյանը հայտարարել է նաեւ, թե Արտաքին գործերի նախարարությանը անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ:

Ըստ նրա, անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով: «Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, և մենք նաև ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետև ինքներս հանդիսանում ենք 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ»,- ասել է Սարգսյանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Արցախի հանրայինի լուրերի ժամը 20-ի թողարկումը’
Հաջորդ հոդվածը‘Նոր տեղեկություն քաղաքացիական վիրավորների մասին’