‘Սերժ Սարգսյան. Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն — «Առավոտ» ‘

6178

Ութ ամիս առաջ՝ հունվարին Չեխիա կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանը  ՀՀ դեսպանատանը պատասխանել է տեղի հայերի հարցերին այն բանից հետո, երբ դահլիճից դուրս են բերվել տեսաձայնագրող սարքերը: 

«Առավոտ» օրաթերթի՝ Պրահայում բնակվող թղթակից Շուշան Ղազարյանը ձայնագրել է հարցուպատասխանը: Ուշագրավ է, որ Երեւանի կենտրոնի մի շարք մամուլի կրպակներում այսօր կեսօրին մոտ արդեն «Առավոտ» չկար, իսկ Aravot.am կայքը այսօր առավոտվանից չի գործում: Առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանը iLur.am-ին ասաց, որ կայքի աշխատանքի խափանման պատճառը տեխնիկական է: 

Ներկայացնում ենք մի հատված Սերժ Սարգսյանի հետ հարցուպատասխանից.

Լարիսա Գրիգորյանը, մեջբերելով Ազնավուրի հարցազրույցից՝ «Շատ չի անցնի, և Հայաստանը կդառանա մի դատարկ խեցի, ո՞ւմ է դա ձեռնտու, մեծահարուստ ավազակներին, մի քանի մաֆիոզի՞: Ես գիտեմ, որ մենք ունենք մի դժբախտ երկրի փոքր կտոր, որն օրեցօր մահանում է», հարցրել է.

Պարոն նախագահ, եթե համամիտ եք այս կարծիքին, ապա ինչպե՞ս կարելի է կանխել օրեցօր ահագնացող արտագաղթն ու սաստկացող աղքատությունը:

-Ես Ազնավուրին շատ եմ հարգում որպես երաժիշտ, բայց նա շատ հեռու է Հայաստանից և չի տիրապետում իրականությանը (Շառլ Ազնավուրը Սերժ Սարգսյանի հրամանով 2009-ից մինչ օրս զբաղեցնում է Շվեյցարիայում ՀՀ դեսպանի պաշտոնը-iLur.am): Ինչ վերաբերում է ահագնացող արտագաղթին, դուք հայոց լեզվի ուսուցիչ եք, բայց լավ չեք հասկացել ահագնացող բառի իմաստը:

(Եվ նախագահը շարում է թվեր: Այսքան ու այսքան տնտեսական աճ, համախառն արտադրանքի ավելացում, որն էլ հանգեցրել է 2012թ. արտագաղթի տեմպերի նվազմանը): Դուք համաձայն չե՞ք, որ կյանքը ավելի է լավացել, Երևանի փողոցներում ավելի լավ են հագնվում:

Ոչ,- վերջին նստարանից գոռաց Թամարա Մելքոնյանը:- Հայաստանը միայն Երևանը չի, գնացեք գյուղեր ու կտեսնեք ինչ աղքատություն է:

-Ոտքի կանգնեք, տեսնեմ ով եք: Դուք էստեղ նստած որտե՞ղից գիտեք:

Գիտեմ, ինչքան փող էի ուղարկում բարեկամներիս, նույնքան էլ հիմա եմ ուղարկում,- ու նախագահի հետ զուգահեռ խոսում է:

-Թողեք խոսեմ, դուք ձեր բարեկամներին մի հարցրեք, դուք միջազգային թվերին հավատացեք: Միջազգային մոնիթորինգի տվյալներ են: Սրան հավատացեք:

Արմեն Քոլոյան — Պարոն նախագահ ձեր ասած թվերը գումարելհանելով ստացվեց, որ 2012-ին 170 հազար մարդ է լքել երկիրը: Իսկ դա շատ մեծ թիվ է:

-Եկել էստեղ անհանգստանում ե՞ք: Վերադարձեք. Շատ լինենք: 2013-ի թվերը դեռ չի հրապարակել մեր վիճվարչությունը: Կհրապարակի կտեսնենք:

Արսեն, գործարար ԲռնոԵս ուզում եմ խոսել բիզնեսի մոնոպոլիզացիայի մասին: Օրինակ ինչու շաքարը երկրում մեկ մարդ է ներկրում:

-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն:

Ես տրանսպորտի բիզնեսով եմ զբաղվում: Ասում են՝ իբր այդ բիզնեսը օգտավետ չի Հայաստանում: Եթե օգտավետ չի, տվեք ուրիշներին, օրինակ՝ ինձ, ես կլավացնեմ: Ես փորձ ունեմ, ես կարգուկանոն կստեղծեմ:

-Դու արի Հայաստան, դիր բիզնեսդ ու եթե դժվարություն ունենաս, դիմիր ինձ:

Հակոբ Ասատրյան — Հեռուստաալիքների ծրագրերը օգտակար չեն, լեզուն ռուսերեն է, գռեհիկ, մանկական հաղորդումները գիշերն են ցուցադրում:

-Հեռուստաալիքների մեծ մասը մասնավոր են, ես իրավունք չունեմ խառնվելու: Ինչ վերաբերում է «Հ1»-ին, համաձայնեք, որ շատ բան է փոխվել, թարմ հետաքրքիր խորագրեր կան: Կարող է՝ արբանյակայինով ուրիշ բան են հաղորդում, բայց Երևանում շատ լավ է: 

Մանրամասները կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:  

 

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները պատրաստվում են փակել Տիգրան Մեծի պողոտան ‘
Հաջորդ հոդվածը‘Դիմակավորված հատուկջոկատայիններ՝ Կառավարության դիմաց (լուսանկարներ)’