‘Սերժ Սարգսյան. Դեկտեմբերի սկզբին ԼՂ հարցում նոր ցուցումների հիման վրա նոր բանակցային փուլ կսկսվի’

876

Սերժ Սարգսյանը նոյեմբերի 19-ին Վիեննայում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու ցանկություն է տեսել Ադրբեջանի նախագահի մոտ: Այդ մասին, President.am-ի փոխանցմամբ, Սարգսյանը հայտարարել է այսօր մշակույթի նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ:

Նա կրկնել է հանդիպումից հետո տված իր ձեւակերպումը բանակցությունների արդյունքի մասին:

«Իրո՛ք, նորմալ եմ գնահատում: Նորմալ այն առումով, որ փաստորեն այս հանդիպումը նշանակում է, ամենայն հավանականությամբ, բանակցությունների նոր փուլ և նոր սկիզբ. մենք գրեթե երկու տարի չենք ունեցել հանդիպումներ, իսկ դա նշանակում է, որ բանակցությունները բարձր մակարդակով դադարեցված էին: Ես Ադրբեջանի Նախագահի մոտ տեսա խնդիր լուծելու ցանկություն, բայց սա բավարար չէ: Նույն ցանկությունն առկա է նաև մեզ մոտ: Ես անձամբ ցանկանում եմ, որպեսզի խնդիրը լուծվի հնարավորինս սեղմ ժամկետներում, բայց թե ի՞նչ պայմաններով է ցանկանում Ադրբեջանի Նախագահը խնդիրը լուծել, և ես ի՞նչ պայմաններով եմ ցանկանում խնդիրը լուծել, ահա ամբողջ հարցը հենց այստեղ է», — նշել է Սարգսյանը` հիշեցնելով, որ երկու երկրների ԱԳ նախարարներին հանձնարարություն է տրվել  հանձնարարել դեկտեմբեր ամսվա սկզբներին նոր ցուցումների հիման վրա մի բանակցային փուլ սկսել:

«Դեկտեմբերին տարածաշրջան կայցելեն համանախագահները և, երևի թե, մոտակա ժամանակներում հանդիպելու այն պայմանավորվածությունը, որ մենք ձեռք բերեցինք Ադրբեջանի Նախագահի հետ, իրականություն կդառնա նաև այս հանդիպումների արդյունքների հիման վրա», — հավելել է Սարգսյանը:

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինացիները ընդվզում են Եվրաինտեգրման քաղաքականությունը սառեցնելու որոշման դեմ. Տեսանյութեր’
Հաջորդ հոդվածը‘Կայացավ դատավորների ընդհանուր ժողովի նիստը’