‘Սերժ Սարգսյան. Դժվար է Մանդելայի մահվան առիթով ցավակցության խոսքեր ասել’

1140

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահ Յակոբ Զումային՝ Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ:

Այսօր խաղաղությամբ ավանդեց հոգին համաշխարհային պատմության էջերում անջնջելի հետք թողած` համամարդկային ամենավեհ արժեքների անխոնջ առաջամարտիկ, մարդկային արժանապատվության և արդարության խորհրդանիշ Նելսոն Մանդելան:

Ավելի քան քառորդ դար գտնվելով անազատության մեջ՝ նա չդադարեց հավատալ և պայքարել այլոց ազատության համար: Հենց այդ անսահման հավատն էր, որ առաջնորդեց նրա քաղաքական ու մարդասիրական գործունեությունը՝ հանուն ազատության և հավասարության գաղափարների կյանքի կոչման և արմատավորման:

«Մանդելայի ժառանգությունը սփռվում է Հարավային Աֆրիկայի Հանրապետության սահմաններից անդին՝ մարդկությանը պատգամելով սիրո և հանդուրժողականության, ներողամտության և հաշտեցման զորությունը: Նելսոն Մանդելայի գաղափարներն ու անցած ճանապարհը, անշուշտ, ոգեշնչելու և ուղենիշ են լինելու բազմաթիվ սերունդների համար, քանզի նրա որդեգրած արժեքներն ու կենսափիլիսոփայությունը անսպառ են ու մշտակայուն:

Հայ ժողովուրդը համերաշխորեն միանում է աշխարհի առաջադեմ մարդկության աղոթքներին: Դժվար է ցավակցության խոսքեր ասել, քանզի Մանդելա անունն անմահ է: Նա ինքն էր այս ճակատագիրը կանխորոշել իր համար»,- president.am-ի փոխանցմամբ, ցավակցական հեռագրում ասել է Սերժ Սարգսյանը՝ մեջբերելով Նելսոն Մանդելայի խոսքերը.

«Մահն անխուսափելի է: Սակայն երբ մարդն արել է այն, ինչ համարում է իր պարտքը սեփական ժողովրդի և երկրի առջև, կարող է հանգչել խաղաղությամբ: Հավատում եմ, որ ես դա արել եմ, ուստի ես կննջեմ հավերժության մեջ»: 

Նախորդ հոդվածը‘Պետրոս Ղազարյան. Եթե Պուտինը չգար, ԻԻՀ դեսպանը ասուլիս չտար, մենք չէինք իմանա…’
Հաջորդ հոդվածը‘Վիկտոր Յանուկովիչի կողմնակիցները նույնպես ցույցի են դուրս եկել. ժանգոտած պատնեշների ներսում. Ֆոտոշարք’