‘Սերժ Սարգսյան. Երեւանը քննարկում է Ցյուրիխյան արձանագրությունները հետ կանչելու հարցը ‘

1727

Քիչ առաջ Սերժ Սարգսյանն ավարտեց ՄԱԿ-ի Գերագույն վեհաժղովում իր ելույթը:

Նա, մասնավորապես, նշեց, որ 2015-ը աշխարհում բոլոր հայերի համար հատուկ նշանակություն ունի՝ ապրիլի 24-ին մեր ազգի ամենաողբերհգկան իրադարձության 100-ամյա տարելիցն է նշվելու:

Սերժ Սարգսյանը նշեց, որ Ցեղասպանությունը նպատակ ուներ ոչնչացնել հայ ժողովրդին եւ զրկել նրան իր տնից: «Այս վերքը բաց է յուրաքանչյուր հայի համար», — ասաց նա:

Սարգսյանի խոսքով, փաստը, որ այս հանցագործությունը բավարար չափով ճանաչված եւ դատապարտված չէ, հնարավորություն է տվել հետագայում նոր նմանատիպ հանցագործություններ իրագործել տարբեր երկրներում:

Սարգսյանը շնորհակալություն հայտնեց այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը,  ինչպես նաեւ՝  ԱՄՆ-ի, Եվրոպական Միության, շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միավորներին կամ կազմակերպություններին, որոնք «վստահորեն ի լուր աշխարհի իրերն իրենց անունով են կոչում»:

«Դա մեզ համար շատ կարեւոր է, որովհետեւ ժխտողականութունը ցեղասպանության շարունակությունն է», — ասաց նա:

Սարգսյանը նշեց նաեւ, որ աշխարհասփյուռ հայությունը եւ առաջադեմ մարդկությունն արդեն մեկ դար սպասում է, որ Թուրքիան կճանաչի ցեղասպանությունը եւ հաջորդ սերունդներին կազատի այդ հանցանքի բեռից: Փոխարենը, նրա խոսքով, Թուրքիայի իշխանությունները տարօրինակ հայտարարություններ են անում, որոնցում զոհերը եւ նրանց դահիճները նույն հարթության վրա են դրվում:

Սարգսյանը նշեց, որ անկախ ամեն ինչից, Հայաստանն ինքն է սկսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, եւ այդ գործընթացի գագաթնակետը հանդիսացան Ցյուրիխյան արձանագրությունները: Նա հիշեցրեց, որ Թուրքիան չի վավերացնում արձանագրությունները՝ հայտարարելով, որ հյակական կողմը պետք է վերադարձնի ԼՂ-ը եւ Արցախը հանձնի Ադրբեջանին: «Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»», — ասաց Սարգսյանը:

«Մեզ համար հայրենիքի հողը սուրբ է, եւ մենք չենք կարող այն առեւտրի առարկա դարձնել», — ասաց Սարգսյանը: Նա հայտարարեց, որ պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը: 

 

Անդրադարձ եզդիների եւ սիրիահայության խնդիրներին, ԼՂ կարգավորմանը

 

Սերժ Սարգսյանը իր ելույթում անդրադարձավ մի շարք այլ հարցերի եւս.

«Այսօր էլ բոլորիս աչքի առջև են Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, երբ կրոնական և ազգային փոքրամասնությունները դառնում են ատելություն դավանող խմբերի թիրախ: Երկու օր առաջ ահաբեկիչների կողմից ականապատվեց ու պայթեցվեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Նման բարբարոսությունը պարզապես հանցավոր անաստվածություն է, որը որևէ հավատքի հետ կապ ունենալ չի կարող: Սիրիայում և Իրաքի հյուսիսում ստեղծված աղետալի իրավիճակն ահագնանում է օր օրի, և այսօր արդեն ուղղակի վտանգի տակ են հարյուր հազարավոր խաղաղ մարդիկ, այդ թվում նաև` Հալեպի տասնյակ հազարավոր հայերը: Սա հենց այն վտանգավոր իրավիճակներից է, որը պետք է դիտարկվի մարդկության դեմ ուղղված ոճրագործությունները կանխարգելելու մեր համատեղ հանձնառությունների շրջանակում: Հայաստանը բարձրաձայնել է Սիրիայի հայ բնակչության և Իրաքի հյուսիս-արևմուտքում բնակվող եզդի բնակչության պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը, և քաջալերված ենք տեսնելու միջազգային համայնքի միասնական դիրքորոշումն այս հարցում: 

Համաշխարհային խաղաղության և անվտանգության պահպանությունը մեր կազմակերպության ստեղծման և գոյության իմաստն է: Վերջին տարիներին Հայաստանը հետևողականորեն ամրապնդել է իր խաղաղապահ կարողությունները՝ նախապատրաստելով մեր երկրի առավել ընդգրկուն ներգրավումը միջազգային խաղաղության և կայունության ապահովմանը: Շատ մոտ ապագայում հայ խաղաղապահները կտեղակայվեն Լիբանանի հարավում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության շրջանակներում: Դա հնարավոր դարձավ մեր իտալացի գործընկերների հետ սերտ համագործակցության շնորհիվ: Վստահ եմ, որ հայ զինծառայողները արժանապատվորեն և բարձր պրոֆեսիոնա-լիզմով կիրականացնեն իրենց առաքելությունն՝ օգտագործելով նաև արդեն մեկ տասնամյակի ընթացքում Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում ձեռք բերված հարուստ փորձը: 

Արդեն 20 տարուց ավել է, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը վիժեցվում են մեր հարևան պետության ապակառուցողական և առավելապաշտական կեցվածքի պատճառով: Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարություններին ու տարաբնույթ սպառնալիքներին միջազգային պատշաճ գնահատականի բացակայությունը հանգեցրել է այսօրվա ամենաթողությանը. Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդին որակում է որպես «թիվ մեկ թշնամի», իսկ այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում համարվում է հանցագործություն, Ադրբեջանում դիտարկվում է որպես հերոսություն: 

Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է՝ միջազգային հարաբերություններում հետևողականորեն առաջ են մղվում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ժողովուրդների ազատ կամարտահայտությունն ու ինքնորոշումը: Օրեր առաջ Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեն կրկին ապացուցեց, որ հենց հանրաքվեի ինստիտուտն է ներկայում հետևողականորեն դառնում էթնիկ խնդիրների խաղաղ կարգավորման կարևորագույն իրավական գործիքներից մեկը: Եվ պատահական չէ, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման հիմնասյունը ևս հանրաքվեի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է: 

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ՄԱԿ-ի ԱԽ կողմից պատերազմի տարիներին ընդունած 4 բանաձևերին, որոնք պարբերաբար շահարկվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ որպես իրենց ապակառուցողական քաղաքականության հիմնավորում: 

Խոսքն այն բոլոր չորս բանաձևերի մասին է, որտեղ որպես առաջնային և անվերապահ պահանջ նշվում էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը, ինչը չիրականացվեց Ադրբեջանի կողմից: Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջները չկատարելու հետևանքով էր, որ անհնարին դարձավ դրանց ամբողջական իրականացումը: Բանաձևերում կոչ էր արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում էր ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ չտարբերակելով երեխաների, կանանց, մեծահասակների միջև՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական և բարոյական նորմերը: 

Եվ այսօր Ադրբեջանն առանց ամաչելու հղում է կատարում այդ բանաձևերին՝ ընտրողաբար, համատեքստից կտրված մեկնաբանում դրանք՝ որպես խնդրի կարգավորման նախապայման: ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի համարժեք մեկնաբանումն անհնար է առանց դրանցում ամրագրված պահանջների աստիճանակարգի ճիշտ ընկալման: 

Բանաձևերում ամրագրված պահանջներից են նաև՝ տարածաշրջանում տնտեսական, հաղորդակցության ուղիների և էներգետիկ կապերի վերականգնումն է (853 բանաձև), հաղորդակցության ուղիների վերականգնման խոչընդոտների վերացումը (874 բանաձև): Գաղտնիք չէ, որ հակամարտության հենց սկզբից Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառում են շրջափակում: Ադրբեջանի Նախագահն իր ելույթներում նույնիսկ հպարտանում է դրանով՝ սեփական հանրությանը խոստանալով, որ այդ ուղղությունը մնալու է Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: 

Անվտանգության խորհրդի նշված բանաձևերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում ԼՂ հետ, որն, ի դեպ, 1994թ. հրադադարի և մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլև թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդեպ, որին իբր թե ցանկանում է տեսնել իր պետության կազմում: 

Ոչ մի բանաձևում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա (853, 884) հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, և դրա շնորհիվ 1994թ. կնքվել է զինադադար: Բոլոր բանաձևերում ԼՂ-ն հստակորեն ճանաչվում է հակամարտող կողմ: 

Վերոնշյալից ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի իշխանություններն են, որ չեն իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ հիմնարար պահանջները՝ այդ թվում նաև մարդասիրական նորմերի իրագործումն ու պահպանումը: Ի դեպ՝ այս պահանջը ևս պարբերաբար և կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից, երբ գերեվարված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում: Թեև, կարծում եմ, զարմանալն ավելորդ է. չէ՞ որ խոսքը մի պետության մասին է, որտեղ սեփական ժողովուրդն ինքն է ենթարկվում ճնշումների ու անմարդկային վերաբերմունքի: Դրա վառ վկայությունն էր օրեր առաջ ՄԱԿ-ի Կտտանքների դեմ ենթակոմիտեի առաքելության աշխատանքի ընդհատումը` պաշտոնական Բաքվի կողմից դրսևորված վարքագծի հետևանքով: 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ մասնագիտացված կառույցն է, որ երկու տասնամյակ է, ինչ զբաղվում է ղարաբաղյան հիմնախնդրով՝ միջազգային հանրության կողմից ստացված մանդատով: Ադրբեջանը, քաջ գիտակցելով, որ անհնար է խաբել կամ թյուր տեղեկատվություն հրամցնել խնդրի էության մեջ խորացած Մինսկի խմբին, ջանում է խնդրի կարգավորումը տեղա-փոխել այլ հարթակներ՝ փորձելով խնդրին հաղորդել տարածքային վեճի բնույթ կամ շահարկելով կրոնական համերաշխության գործոնը: Դրանք կատարյալ անհեթեթություններ են: Իսկ Հայաստանն ավանդաբար ջերմ հարաբերություններ է ունեցել իսլամ դավանող ժողովուրդների հետ՝ ի դեմս արաբական աշխարհի կամ օրինակ՝ մեր անմիջական հարևան Իրանի: 

Նախորդ հոդվածը‘Վատիկան. Ձերբակալվել է մանկապղծության մեջ մեղադրվող արքեպիսկոպոսը’
Հաջորդ հոդվածը‘Անհայտ ահաբեկչական խմբավորումը սպառնում է ԻՊ-ի դեմ դաշինքի մասնակից եվրոպական պետություններին’