‘Սերժ Սարգսյան. Իտալիայի բարոյական սատարման կարիքն ունենք մեր կարևորագույն մարտահրավերների առումով ‘

1165

«Երևան-Հայաստանը վերագտնում է Եվրոպան, Իտալիայի օժանդակությունը հայցելով, հենց այն օրերին, երբ խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել է «Հին Մայրցամաքին»» վերնագրով հոդվածում իտալական Quotidiano Nazionale հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Հայաստանին և հարցազրույց անցկացրել Սերժ Սարգսյանի հետ:

Ներկայացնում ենք հարցազրույցը ամբողջովին՝ Panorama.am-ի թարգմանությամբ.

Մինչ Գարեգին 2-րդ կաթողիկոսը մեր պատգամավորական մի խմբի հետ հանդիպման ժամանակ (որի մաս էին կազմում նաև Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբի անդամները` Սանդռա Ձամպայի գլխավորությամբ), մեզ իրազեկում է Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդ-ի` դեպի Արարատի լանջեր կանխատեսվող այցի մասին, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը լայն բացում է երկրի դռները “Made in Italy”-ի առջև, Սևանի ափի իր նստավայրում` Quotidiano Nazionale-ին տրված բացառիկ հարցազրույցի ընթացքում: 

Նախագահ Սարգսյանը, որը ծնվել է Լեռնային Ղարաբաղում՝ հայկական անկլավ Ադրբեջանում, որը հանդիսանում է ադրբեջանցիների հետ խորը հակամարտության առարկա, նաև լեզվաբան է և հմուտ շախմատիստ: Նա նաև ֆուտբոլի սիրահար է և մեր հանդիպման սկզբին մեզ անմիջապես շնորհավորեց Իտալիայի ազգային հավաքականի վերջին հաղթանակի առիթով, որը խաղում էր հենց Հայաստանի ազգային հավաքականի հետ: Միակ թերությունը՝ նա զղջում է լրագրող չդառնալու համար…

-Պարոն նախագահ, համաշխարհային շախմատի տախտակի վրա ի՞նչ է նշանակում Հայաստանի համար Եվրոպային հանձնված խաղաղության Նոբելյան մրցանակը:

-Դա մի մեծագույն ճանաչում է բոլորիս համար, քանի որ մենք ինքներս մեզ համարում ենք Եվրոպայի բաղկացուցիչ մաս: Ունենք ընդհանուր պատմություն և միշտ եղել ենք ձեզ հարևան, եթե ոչ սահմանակից: Բավական է դիտել Հռոմի Կոլիզեի աշխարհի քարտեզները: Ունենք նույն քրիստոնեական արժեքները և այս տարիների ընթացքում կարողացել ենք վերագտնել ժողովրդավարության, հանդուրժողականության և խոսքի ազատության այն իդեալները, որոնք դարերի ընթացքում խավարել էին: Մենք մեզ զգում ենք եվրոպացիներ և ցանկանում ենք լինել եվրոպայի քաղաքացիներ՝ մի Եվրոպա, որը հիմնվում է ընտանիքի գաղափարի և սահմանադրության վրա հիմնվող օրենքի գերակայության վրա: Առանց կուռքեր ստեղծելու, դավանում ենք այն արժեքներին, որոնք նայում են դեպի ապագան` մեր անցյալի կենսունակ ուժով: Պիտի ընդունեք, որ նույնիսկ եթե այսօր քննադատում են ճգնաժամից խոցված Եվրոպան, Եվրոպան մնում է մարդկության գործունեության լավագույն փորձառությունը: Դեպի Եվրոպա մեր մերձեցման գործընթացն իրականություն է դառնում նաև ԵՄ-ի հետ ընթացող ասոցացման պայմանագրի և Եվրոպական շուկայի հետ ազատ առևտրի գոտու բանակցություններով:

-Բայց պատմության ինչ-որ շրջանում Հայաստանը մոլորվել էր ճիշտ ուղուց…

-Պատմությունը մեզ սովորեցնում է, որ առաջընթացի ճանապարհը միշտ պահանջել է զոհաբերություններ: Այդպես էր նաև իտալական Վերածննդի ժամանակաշրջանում, որն իրականություն դարձավ միայն հասունացման, ձախողված փորձերի և մթագնության մի երկար ճանապարհի արդյունքում: Մենք ձեզնից ավելի երկար ենք եղել մթագնության մեջ: Այսօր կարիքն ունենք ձեր փորձի, որպեսզի չուշանանք պատմության գնացքից: 

-Ի՞նչ կարող է անել հատկապես Իտալիան:

-Մեր ընդհանուր պատմությունը դյուրացնում է երկխոսությունը: Պարզ զուգադիպություն չէ, որ Իտալիայում մինչ օրս գործում են ակտիվ հայկական համայնքներ Միլանից մինչև Ռավեննա, առանց անդրադառնալու ամենակարևոր հայկական հետքերին, ինչպիսիք են Վենետիկի հայկական միաբանությունը կամ Նապոլիի Սրբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցին: Ինչ վերաբերում է ընթացիկ մերձեցմանը, ապա դա կարող է արտահայտվել երկու ձևով. մի կողմից ձեր բարոյական սատարման կարիքն ունենք մեր կարևորագույն մարտահրավերների առումով, ինչպիսիք են առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանական կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության միջազգային ճանաչումը և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, մյուս կողմից ակնկալում ենք իտալական կապիտալի ներդրումը մեր երկրում:

-Պրն նախագահ, սկսենք առաջին կետից…

-Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ մի մոռացված արհավիրք: Եթե այլևս հրեական ցեղասպանության մասին արդարորեն գիտենք ամեն ինչ, մի հաստ վարագույր է քաշված հայոց բնաջնջման վրա: Դա այն է, ինչ ես անվանում եմ երկակի չափանիշ, այսինքն երկու տարբեր ձևեր` որակավորելու նմանատիպ քաղաքական իրավիճակներ: Գրեթե հարյուր տարի առաջ կոտորվել են 1.5 միլիոն հայեր: Եվրոպայում և առհասարակ աշխարհում որքան են նրանք, ովքեր իրականում ճանաչում են այս իրականությունը: Արդեն 1939-ին, երբ Հիտլերը պատասխանում էր իր գեներալների հարցին, թե ինչպիսին կլինի նացիստական Գերմանիայի վարկանիշն աշխարհում հրեական Հոլոքոստն իրագործելուց հետո, նա պատասխանում է՝ «Ո՞վ է այսօր հիշում հայոց բնաջնջման մասին»: Լռությունը մեր ցեղասպանության մասին այլևս դարձել է խլացուցիչ մի լռություն համայն մարդկության համար: Հատկապես, քանի որ Եվրոպան հաղթել է խաղաղության Նոբելյան մրցանակը, այժմ պիտի իր ձայնը լսելի դարձնի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք գտանք խիզախություն Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման կարևորագույն գործնթացը սկսելու համար, սակայն Անկարան գործընթացը պայմանավորեց անընդունելի պայմաններով: Այսօր ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին մենք սպասում ենք, որ Թուրքիան փոխի իր դիրքորոշումը:

-Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում լավատեսության տեղիք չի տալիս, հատկապես որովհետև այստեղ կա մի տնտեսական հիպոտեկ` Ադրբեջանի նավթը:

-Սա երկակի չափանիշների ևս մի օրինակ է: Կոսովոյի հարցը, որը նախկին Յուգոսլավիայում ինքնորոշմանը ձգտող ալբանական մի անկլավ էր, լուծվեց անգամ միջազգային ռազմական միջամտությամբ, մինչդեռ Ղարաբաղի դեպքում կարծես տիրում է գրեթե կատարյալ մի մոռացություն: Ճիշտ է, ինչպես Դուք եք ասում, նավթը կարող է շահավետ լինել ադրբեջանական դիրքորոշումներին, բայց արդյոք վստահ ենք, որ այս տնտեսական հիպոտեկը կգերակայի հավերժ մյուս հարցերի նկատմամբ: Վերջին օրերի նորություն է, որ ադրբեջանցիները հակադրում են BP-ի ներկայությանը իրենց երկրում չնայած նրան, որ անգլիական ընկերությունը միշտ ունեցել է կաևոր դեր այդ երկրում: Ակնհայտորեն Բաքուն կարծում է, որ կարող է ձերբազատվել անգլիացիներից. հետևաբար բոլոր հավասարակշռությունները կարող են փոփոխական լինել: Հետևաբար, ես լավատես եմ, այն պայմանով, որ Ադրբեջանը չպնդի ֆանատիզմի, անհանդուրժողականության և այլատյածության դիրքորոշումներով, ֆանատիզմ, որ ադրբեջանցիներին դրդեց հերոսի պես ընդունել Հունգարիայից էքստրադիցիայի ենթարկված իրենց ազգակցին, որը կացնահարելով սպանել էր մի հայ սպայի սոսկ նրա հայ լինելու համար: Մեր դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ –ի դիրքորոշման հետ, որը պահանջում է դիվանագիտական լուծում` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի վերջնական ակտի վրա, այն է` ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք:

-Ի՞նչ հեռանկարներ կան Հայաստանում իտալական ձեռնարկությունների համար, և հատկապես ի՞նչ բնույթի ձեռնարկություններ կարող են հետաքրքրված լինել:

— Շահագրգռված ենք աշխատել այն բոլոր ձեռնարկությունների հետ, որոնք զբաղվում են Հայաստանում դեռևս չտարածված նորարարական արտադրությամբ: Հայաստանը տրամադրում է հատուկ հարկային առավելություններ այն բոլոր արտասահմանյան ձեռնարկություններին, որոնք իրենց գործունեությունն են ծավալում երկրում առկա 2 ազատ տնտեսական գոտիներում, բայց նաև այլուր: Հատկապես միջուկային էներգիայի ոլորտում ապահովում ենք ներդրված կապիտալի ամբողջական վերադարձը մի քանի տարվա ընթացքում և պետական երաշխիքներ` գնելու ամբողջ արտադրված էլեկտրաէներգիան: Պիտի վստահեք Հայաստանին. նրանք, ովքեր արդեն ներդրումներ են կատարել մեր երկրում ինչպես Պեզարոյի ՌԵՆԿՈ ընկերությունը, որը մեր երկրում զբաղվում է շինարարությամբ և հյուրանոցային գործով, անմիջապես ունեցել են նշանակալի շահույթներ:

-Չնայած սովետական սահմանափակումներին` հայ առաքելական եկեղեցին միշտ ունեցել է կարևոր դեր Ձեր երկրում, որը շրջապատված է մուսուլմաններով, և այդ պատճառով միշտ կղզիացման վտանգի տակ է գտնվել: 50 տարի առաջ մի հայ կաթոլիկ կարդինալ` Պիետրո Աղաջանյանը, Հովհաննես XXIII պապի օրոք ծայրահեղ կարևոր դեր է խաղացել Վատիկանի երկրորդ համաժողովի ընթացքում: Իտալիայի հետ երկխոսության առանցքը ներգրավու՞մ է արդյոք Վատիկանը:

-Ցանկանում ենք ամրացնել մեր կամուրջը իտալացիներ հետ նաև այն պատճառով, որ Դուք սերտորեն կապված եք եկեղեցու հետ: Հետևաբար, որդեգրելու ենք զուգահեռ մոտեցում: Կարծում եք սրանք սոսկ խոսքե՞ր են: Չեմ կարծում… շուտով կհրապարակենք նորություններ Հռոմի և Վատիկանի հետ մեր հարաբերությունների մասին:

Նախորդ հոդվածը‘Հունվարից եկամտային հարկի հաշվետվությունները ներկայացվելու են էլեկտրոնային կարգով ‘
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հրանտ Բագրատյանի նախագծին ‘