‘Սերժ Սարգսյան. Իրավունք չունենք արգելելու Ռուսաստանին` զենք վաճառել Ադրբեջանին’

984

Մենք իրավունք եւ հնարավորություն չունենք արգելելու Ռուսաստանին` ռազմական համագործակցություն ծավալելու Ադրբեջանի հետ,հայտարարել է պետական այցով Պրահայում գտնվող Սերժ Սարգսյանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին` ի՞նչն է Հայաստանին ստիպում առանձնակի ջանասիրություն դրսեւորել Մաքսային միությանն անդամակցելու հարցում այն դեպքում, եթե հենց այդ միությունը նախաձեռնող երկիր Ռուսաստանն անտարբերությամբ հետևում է, թե ինչպես են ՀՀ սահմանամերձ շրջաններն ամեն օր գնդակոծվում Ադրբեջանի կողմից, և եթե ՌԴ-ն Հայաստանի դաշնակիցն է ՀԱՊՀ-ի շրջանակներում: Լրագրողը նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանը հսկակայական քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին:

Եթե մենք Մաքսային միությանը միանալու որոշում ենք կայացրել, ապա պետք է դա անենք հնարավորինս արագ:  Ինչո՞ւ դանդաղեցնենք: Եթե մեր որոշման հիմքում ընկած է մեր ազգային շահը, ապա այդ որոշումը պետք է օր առաջ իրականություն դարձնել: Սա մեկ, երկրորդ` ուզում եմ հիշեցնել, որ Մաքսային միությունն առաջին հերթին տնտեսական կառույց է և ոչ` ռազմական: Եվ բնավ պետք չէ կասկածի տակ դնել հայ-ռուսական ռազմնավարական համագործակցությունը: Այո՛, ռուսական կողմը, Ռուսաստանի կառավարությունը համագործակցում է նաև Ադրբեջանի հետ, բայց դա չի նշանակում, որ մենք իրավունք և հնարավորություն ունենք ռուսական կողմին արգելելու համագործակցությունը Ադրբեջանի հետ», — ասել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով վերջերս տեղի ունեցած սահմանային միջադեպերի մասին, որոնց հետեւանքով երկու հայ զնծառայող զոհվեց, Սարգսյանն օգտագործել է առիթը ու եւս մեկ անգամ հիշեցրել, որ  սահմանների պաշտպանությունն իրականացվում է Ռուսաստանի ջանքերով:  

«Իրավիճակը ամբողջովին վերահսկվում է մեր կողմից, մենք ունենք բոլոր հնարավորությունները պաշտպանելու մեր տարածքների ամբողջականությունը, մեր սահմանների անառիկությունը: Եվ, իմիջիայլոց, պետք է ասեմ, որ մեր այդ կարողությունները ձևավորվել և հիմա էլ համալրվում են ՌԴ ջանքերով», — նշել է նա:

Ի դեպ, մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացնելով Չեխիայի նախագահ Զեմանի հետ հանդիպման մանրամասները, Սարգսյանը խոսել է ԼՂ կարգավորման գործընթացի մասին: Այս համատեքստում նա հերթապահ հայտարարություններ է արել` նշելով որ կարգավորման գործընթացին խոչընդոտում է Ադրբեջանը` իր ռազմական հռետորաբանությամբ եւ սադրանքներով: Ընդ որում, Սերժ Սարգսյանը հարկ չի համարել նշել, որ Ադրբեջանի գործողությունների հետեւանքով տասն օրվա մեջ երկու հայ զինվորներ են զոհվել, մի քանիսը վիրավորվել են: 

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ի զոհերի հարազատներն ու Կոնգրեսի ներկայացուցիչները այցելել են Տիգրան Խաչատրյանի գերեզմանին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մաքսատուրքերի վերացումը ԱՊՀ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթություններից կլինի’