‘Սերժ Սարգսյան. «Վերեւն Աստված կա»’

1239

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ վերջին օրերին հնչեցրած նախընտրական ճառերն ավելի շատ կրոնական քարոզչի, քան քաղաքական գործչի ելույթ են հիշեցնում:

«Մեկ ու կես տարի առաջ Արտաշատի կենտրոնական հիվանդանոցում ողջ գիշեր մահվան դեմ մաքառող բժիշկները փրկեցին չորսամյա Կարենի կյանքը: Դուք եք փրկել նրա կյանքը՝ ողջ երկրում որակյալ առողջապահությունը մատչելի դարձնելու ձեր պահանջով, — նախօրեին Աշտարակում ասել է Սարգսյանը: — …Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի երիտասարդ ուսանողուհին «Հայաստան» համահայկական հիմնադրամին իր տատիկի կողմից նվիրաբերել է 100 ԱՄՆ դոլար` աջակցելու Հայաստանի որևէ մանկատան: Նրանք՝ այդ տատն ու թոռը, ինձ հույս են տալիս:

…Մի քանի օր առաջ մի խումբ երիտասարդների սրտի ջերմությունը կյանք վերադարձրեց, կրթության դուռ բացեց ու ապահով կյանքի հույս տվեց մի հրաշք մանչուկի: Գուցե հասուն տարիքում վիրաբույժի նրա ոսկե ձեռքերը հարյուրավոր կյանքեր կփրկեն ու կվերադարձնեն հարազատներին: Սա միանգամայն հնարավոր է, քանի որ ձեր ձայնին հլու, շատ շուտով կսկսի գործել անապահով ընտանիքների երեխաների մասնագիտական կրթության ապահովման ծրագիրը: Այն հնարավոր դարձավ բացառապես ձեր շնորհիվ, ձեր կարիքներն ու կարծիքները բարձրաձայնելու արդյունքում:

…Աչքիս առաջ է պատանի զինվորի պայծառ դեմքը, ով երազում էր, որ զորացրվելուց հետո պիտի շարունակի ուսումն ու Տիգրանակերտի գաղտնիքները հատիկ-հատիկ բացահայտի իր ու մեզ համար: Նա է իմ հույսը:

Նրանք ինձ վերահաստատում են առաքյալի հավերժական իմաստնությունը, թե՝ «մնում են հավատը, հույսը, սերը, սրանք՝ երեքը, և սրանցից մեծը սերն է…» Սերը, որը երբեք չի սպառվումԵվ եթե դուք ունեք նույն հավատը, որ ունեմ ես, եթե ունեք նույն հույսը, որ ունեմ ես, ապա, այս ժամին մեծագույն սիրով խնդրում եմ ձեզ, իմ բոլոր հայրենակիցներին, ձեր ձայնը վստահեք ինձ…», — ասել է թեկնածուն:

Թե ինչու՞ է հինգ տարի երկրի տնտեսությունը, արտաքին ու ներքին քաղաքականությունը ղեկավարած անձը, ամենազանգվածայինը համարվող, քաղաքական համարվող ուժի ղեկավարը կոնկրետ ծրագրերին նախընտրում կրոնական բովանդակության տեքստերը, դժվար չէ կռահել: Երբ երկրի ղեկավարն իր կառավարման տարիներին կատարված ու մոտ ապագայում կատարվելիք տնտեսական շատ թե քիչ խոշոր ծրագիր չունի ներկայացնելու (Երեւանի բակերում նրա մասնակցությամբ բացվող պուրակները հաշվի մեջ չեն), երբ քաղաքական գործիչը, որը չի կարողանում վկայակոչել արտաքին քաղաքականության մեջ ունեցած հաջողությունները («նախաձեռնողական» ֆուտբոլային դիվանագիտության պտուղները, հակառակ Շարմազանով&co ջանքերի, միեւնույն է՝ դառն են), երբ նա, որպես երկրի ժողովրդավարացմանն ուղղված քայլ է ներկայացնում իր իսկ հրամանով բանտերը նետված հարյուրավոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, իսկ իրավական բարեփոխումների մասին հավաստիացումը սահմանափակում է Մարտի 1-ի զոհերի սպանությունները բացահայտելու խոստումներով, նախագահի թեկնածուին, իհարկե, մնում է մեջբերումներ անել Սուրբ գրերից եւ մարդկանց գութը շարժող հուզիչ պատմություններ հիշել:

Եթե դրան գումարենք ամենաընդդիմադիր բառապաշարով կոչերը, («եթե մերժում եք այն կարծիքը, թե մեր ժողովրդի վաստակը քչերինն է, հնչեցրեք ձեր ձայնն այս ընտրություններում, եթե մերժում եք այն միտքը, թե մեր իշխանությունն այլևս պատանդ է մի քանի հարուստների ձեռքին, պիտի մասնակցեք այս ընտրություններին…»), որը Սարգսյանն անձամբ է հնչեցնում վերջին օրերին, իսկ նրա շրջապատը՝ արդեն ամիսներ ի վեր, պատկերը կամբողջանա: 

Մնում է քարոզչության վերջին օրը փոխել կարգախոսը, ավելի ճիշտ՝ երկու օրով փոխ առնել իր «բախտակից» գործընկերոջից՝ «Վերեւն Աստված կա»:

Հակոբ Կարապետյան

                

Նախորդ հոդվածը‘Մազալու մրցարշավ, կամ` բոլոր թեկնածուները նախապես գիտեն, որ այս անգամ էլ է Սերժիկը զավթելու նախագահի աթոռը’
Հաջորդ հոդվածը‘Իսկական ՀՀԿ-ական. Գալուստ Սահակյանը մի անգամ է դեմ քվեարկել ‘