‘Սերժ Սարգսյան. ՏԻՄ ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում’

1072

Սերժ Սարգսյանն այսօր կայացած Անվտանգության խորհրդի նիստում իր գոհունակությունն է արտահայտել հանրապետության մի շարք համայնքներում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքի վերաբերյալ:

«Ընտրություններն անցել են կազմակերպված, առանց լուրջ միջադեպերի, մրցակցային պայմաններում, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է արդյունքները»,  — նախագահի աշխատակազմի մամլո ծառայության փոխանցմամբ՝ նշել է Սերժ Սարգսյանը:

Նա նկատել է, որ ինը համայնքներում եղել են վերահաշվարկման պահանջով բողոքարկումներ:

«Շահագրգիռ կողմերի ներկայությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնակցությամբ տեղի է ունեցել վերահաշվարկ, և որևէ շեղում չի հայտնաբերվել: Ընդ որում, ստուգվել են նաև ներկայացված այն մարդկանց ցուցակները, ովքեր Հայաստանի Հանրապետությունից բացակայում են, բայց, չգիտես ինչու, իբր մասնակցել են քվեարկությանը: Այդպիսի գեթ մեկ դեպք չի հայտնաբերվել», — ասել է հանրապետության ղեկավարը:

Ի դեպ, Սարգսյանը հարկ է համարել նաեւ խոսել նիստին ԱԽ մի շարք անդամների բացակայության պատճառների մասին:

«Ցանկանում եմ նշել նաև, որ Անվտանգության խորհրդի այն անդամները, ովքեր այսօր ներկա չեն նիստին, գտնվում են գործուղման մեջ: Սա ասում եմ նրա համար, որպեսզի վաղվանից կամ այսօր երեկոյից սկսած ավելորդ շահարկումներ չլինեն»,-ասել է նա:

Նշենք, որ ԱԽ այսօրվա նիստին, մասնավորապես, ներկա չէր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանը:

Նախորդ հոդվածը‘Սաֆարովի վերաբերյալ ԵՄ Խորհրդարանի բանաձեւի երկրորդ նախագիծը’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի ձախերը պահանջում են բանտ վերադարձնել Սաֆարովին’