‘Սերժ Սարգսյան. Քանի՞ անգամ է Վարդանյանը ասել` երեխե’ք, մեծացեք, որ ինձ նման մարդ դառնաք’

1259

Սերժ Սարգսյանն այսօր հերթական խորհրդակցությունն է անցկացրել, այս անգամ` Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում:

Նա նախարարության աշխատակիցներին հորդորել է օգտագործել նախարար Յուրի Վարդանյանի անունը` «որպես կենդանի լեգենդ»:

«Ես կարծում եմ, որ գիտեք՝ ձեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի Յուրի Վարդանյան լեգենդի օգտագործումը: Բոլորիդ եմ ասում, թող որևէ մեկին չթվա, թե ես հաշվի եմ առել Յուրի Վարդանյանի կազմակերպչական մեծ ունակությունները, որ առաջարկել եմ դառնալ նախարար: Ես առաջարկել եմ, որ այս մարդը, ով կենդանի լեգենդ է, դառնա նախարար, որպեսզի նրան որպես այդպիսին նաև ի ցույց դնենք: Ձեզնից քանի՞սն են այս մարդու հետ գնացել մի դպրոց: Քանի՞ անգամ է անցած մեկ տարվա ընթացքում այս մարդը հանդիպել երիտասարդների հետ: Քանի՞ անգամ է դուրս եկել, գնացել մի բակ և ասել՝ երեխե՛ք, պարապեք, պարապե՛ք, որ ինձ նման դառնաք: Ո՞վ պետք է անի դա: Դուք պետք է անեք՝ փոխնախարարներ, աշխատակազմի ղեկավար, ովքեր նախարարի աշխատակարգն են կազմում: Եթե դուք հինգ տեղեկանք պակաս գրեք, ես դա թերություն չեմ համարի, բայց եթե դուք ձեռքից բաց թողնեք այն երիտասարդներին, այն երեխաներին, ովքեր կարող են Յուրի Վարդանյանի ճանապարհով գնալ, ա՛յ, դա մեծ թերություն կլինի: Դուք պետք է ակտիվ լինեք»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Սարգսյանն իր խոսքում նախարարության ղեկավար անձնակազմին նաև կոչ է արել արդյունավետ համագործակցություն ծավալել ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ՝ ի նպաստ մեր երկրում սպորտի զարգացման: «Ձեր ելույթներում պետք է ասեիք՝ ի՞նչ աշխատանք եք տարել ընդհանրապես ֆեդերացիաների, մնացած հասարակական կազմակերպությունների հետ: Ես դեմ չեմ որևէ օրենսդրական անդրադարձի՝ լինի դա խստացման, թե թուլացման առումով, բայց բերել եք նախարարին ի՞նչ եք ցույց տալիս, որ՝ հավաստագրեր տանք, այսինքն՝ հասարակական կազմակերպություններին դնենք ինչ-որ շրջանակների մեջ: Մի ֆեդերացիայի նախագահ էլ ես եմ: Պե՛տք չի մեզ դնել ռամկաների մեջ, այլ պետք է մեր պոտենցիալն օգտագործել: Որևէ մեկն ինձ չի պարտադրել 15 տարի առաջ և ավելի ընկղմվել այդ ֆեդերացիայի աշխատանքների մեջ: Պետք է այդպիսի մարդկանց հնարավորություններն օգտագործել, ոչ թե կռվել ֆեդերացիաների հետ, ոչ թե նրանց փորձել ինչ-որ բան պարտադրել, այլ փորձել նրանց օժանդակել, ներուժն օգտագործել»,- President.am-ի փոխանցմամբ ասել է Սարգսյանը:

 

Նախորդ հոդվածը‘Արարատում ջուր չի լինի մինչեւ փետրվարի 23-ը ‘
Հաջորդ հոդվածը‘Ո՞ւր է անհետանում երեխաների համար նախատեսված անվճար դեղորայքը. Medialab’