‘Սերոբ Բոզոյան. Ես չգիտեմ, էդ Աստված գիտի, մեկ էլ՝ վերաքննիչը’

1239

«Փուչիկների գործով» միակ մեղադրյալ Սերոբ Բոզոյանը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում է, նրա առողջական վիճակը նորմալ է: Այս մասին iLur.am-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց ինքը՝ Բոզոյանը:

«Ցավդ տանեմ, հիմա պառկած եմ, անալիզներ են անում: Դե ոչինչ, նորմալ ա, փառք Աստծո, բայց հիմա իրանք պետք ա անալիզներն անեն, նոր հետո ասեն՝ երբ ա վիրահատությունը»,- ասաց Բոզոյանը՝ հավելելով, որ դեռ կոնկրետ չեն ասել՝ երբ է լինելու վիրահատությունը:

Բոզոյանի դատապաշտպան Կարեն Մանուչարյանն էլ iLur.am-ին հայտնեց, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի կայացրած վճիռն արդեն իսկ բողոքարկել է, սակայն դժվարացավ կանխատեսել, թե վերաքննիչն ինչ որոշում կկայացնի: Սերոբ Բոզոյանից հետաքրքրվեցինք՝ ակնկալո՞ւմ է, որ վերաքննիչ դատարանը կմեղմացնի նրա պատիժը:

«Եսիմ, ինչ ասեմ, ցավդ տանեմ, ես չգիտեմ, էդ Աստված գիտի, մեկ էլ՝ վերաքննիչը: Շնորհակալ եմ, ապեր ջան, որ հետաքրքրվում եք»,- եզրափակեց Բոզոյանը:

Հիշեցնենք, որ դատարանը Սերոբ Բոզոյանին մեղավոր էր ճանաչել ու դատապարտել մեկ տարվա ազատազրկման:

Նախորդ հոդվածը‘«Մթնշաղ» սագայի վերջին սերիայի ցուցադրությունը Երևանում հետաձգվում է (թրեյլեր)’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Մուկուչյան. ԿԸՀ-ն կնիքների նոր փորձանմուշներ կստանա’