Սեւակ Արամազդ. Եւ կրկին՝ աբսուրդի եւ ցավի մասին

1342

                                                                     Գէօրգի Կուբատեանի յիշատակին

Երբ վերջին անգամ հանդիպեցի Գէօրգի Կուբատեանին, խօսակցութեան ժամանակ նա ասաց, որ ինքը չի պատկերացնում իր կեանքը Հայաստանից դուրս, եւ իր վճիտ աչքերի շիտակ ու աներկմիտ հայեացքը յառեց դէմքիս։ Ես զգացի, որ նրա այդ աներկբայ համոզումը որեւէ առնչութիւն չունի հայոց մէջ այնքա՜ն տարածուած համքարային-տնայնագործական հայրենասիրութեան հետ, այլապէս նա գուցէ վաղուց լքած կլինէր Հայաստանը։ Դա պայմանաւորուած չէր նաեւ իր միջավայրով, քանի որ, իմ տպաւորութեամբ, ինչպէս բոլոր ճշմարտասէր-ըմբոստ հոգիները, նա միայնակ մարդ էր։ Եւ ոչ էլ դա աղերսուած էր գրողի իր կեցութեանը, որովհետեւ արտերկրի գրական ու ընթերցողական շրջանակներում նա շատ աւելի մեծ համարում ունէր, քան հարազատ երկրում։ Դրանով նա չէր ակնարկում նաեւ իմ դրսում ապրելու հանգամանքը, քանզի, առանց այլեւայլութեան, իրեն յատուկ շիտակութեամբ այդ մասին ուղիղ կասէր ճակատիս։  

Ակամայ կախելով գլուխս՝ ես, այնուամենայնիւ, նկատեցի, որ, որքան էլ տարօրինակ է, տարագրութիւնը փրկել է հայ մշակոյթն ուծացումից, այլապէս այն կլինէր խանձուած ընկալումների մի տօթախեղդ անապատ։ Նա ըմբռնումով ժպտաց, եւ մենք ջերմօրէն հրաժեշտ տալով միմեանց՝ հեռացանք տարբեր ուղղութիւններով՝ տարրալուծուելու երեւանեան այդ մթնող օրուայ խառնիճաղանջ աղմուկներում․․․

Երեկ առաւօտեան բացելով աչքերս՝ չգիտես ինչու, յանկարծ յիշեցի իմ «Արմէն» վէպի ռուսերէն հրատարակութեան առթիւ տարիներ առաջ «Դրուժբա նարօդով» ամսագրում Գէօրգի Կուբատեանի տպագրած քննադատական յօդուածը՝ «Աբսուրդի եւ ցաւի մասին» խորագրով։ Անցեալի այդ անակնկալ այցելութիւնն ինձ տագնապ պատճառեց, եւ ես առաջին անգամ ամբողջ սրութեամբ զգացի այդ երկու իրողութիւնների՝ աբսուրդի եւ ցաւի, ճակատագրական խորութիւնը՝ իբրեւ մի չարագուշակ կանխազգացում, որը ես ամբողջ օրուայ ընթացքում ապարդիւն փորձում էի հեռու վանել ինձնից։ Երեկոյեան պայթեց Գէօրգի Կուբատեանի մահուան բօթը․․․

Առաջին պահին մահը միշտ ծնում է անհեթեթութեան զգացում, մինչեւ վրայ է հասնում ցաւը եւ իմաստ հաղորդում  նրան։ Դրա շնորհիւ է միայն գիտակցւում մարդու կորուստը։ Ես այժմ հասկանում եմ Գէօրգի Կուբատեանին։

Հայաստանը նրա համար ոչ թէ հայրենիք էր, այլ, բառիս բուն առումով, կեանքի իմաստ։ Ամբողջ կեանքում նա զբաղուած էր կամուրջ կապելով՝ հայ մշակոյթից դէպի մէկ այլ մշակոյթ։ Դրա համար անխուսափելիօրէն անհրաժեշտ էր ոտքի տակ ունենալ մի անփոփոխ յենակէտ, որպիսին կարող էր լինել միայն այն հողը, որ ծնել էր այդ մշակոյթը։ Ահա թէ ինչու, նոյնիսկ ամենամեծ ցանկութեան դէպքում նա չէր կարող ապրել այդ հողից դուրս։

Տարիներ-տասնամեակներ շարունակ Գէօրգի Կուբատեանը կառուցեց այդ կամուրջը, որի սիւները հայ գրականութեան մեծ ստեղծագործութիւններն են, շաղախը՝ իր բարձրարուեստ փայլուն թարգմանութիւնները, անցուղին՝ իր բանաստեղծութիւնները, բազրիքները՝ իր գրականագիտական-մշակութաբանական յօդուածներն ու ակնարկները։

Եւ ինչպէս հնում կամուրջների ամրութիւնը ստուգելիս՝ այժմ նա, իբրեւ մի վերջին փորձութիւն, յոգնած ու ուժասպառ պառկեց կամրջի կամարի տակ եւ խաղաղ փակեց աչքերը՝ այն հաստատ համոզումով, որ ո՛չ մի հեղեղ, ո՛չ մի փոթորիկ երբեւէ չեն զօրի քանդել այդ կամուրջը, որ ձգւում է հորիզոնից հորիզոն։

01․09․2021թ․

Նախորդ հոդվածըՀայտնաբերվել է ևս 1 աճյուն
Հաջորդ հոդվածըԳերմանիա — Հայաստան հանդիպման մրցավարները