‘Սեֆիլյանը հաղթել է Եվրադատարանում’

1267

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ԵԴ) վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության և հօգուտ Ժիրայր Սեֆիլյանի, ով 2006 թվականի դեկտեմբերին ձերբակալվել էր սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով և մինչև 2008-ի հունիսը մնացել էր անազատության մեջ:

ԵԴ-ն արձանագրել է, որ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի անձնական հեռախոսազրույցները 2006 թվականի ամռանից ամիսներ շարունակ գաղտնալսելու, այնուհետև նրան ազատազրկելու և շուրջ 8 ամիս նախնական կալանքի տակ պահելու գործընթացներն իրականացվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներով, որի 5-րդ հոդվածով երաշխավորված է անձի ազատության իրավունքը, իսկ 8-րդ հոդվածը պետությանը պարտավորեցնում է առանց բավարար իրավական հիմքերի չմիջամտել մարդու անձնական կյանքին, հեռահաղորդակցությանն ու նամակագրությանը: Այդ խախտումների դիմաց Հայաստանի Հանրապետությունը պետք է Ժիրայր Սեֆիլյանին վճարի 6000 եվրոյին համարժեք փոխհատուցում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սեֆիլյանի շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը, ԵԴ-ն արձանագրել է, որ իր պաշտպանյալին կալանավորելու և կալանքի ժամկետը շարունակաբար երկարաձգելու համար ներկայացված չեն եղել բավարար հիմքեր, և դատարանի որոշումները կայացվել են «ստերեոտիպային» հիմնավորումներով:

«Բացի այդ կալանքի մասին որոշումներն անհիմն էին նաև այն պատճառով, որ Ժիրայրին ձերբակալել էին պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված կոչեր անելու մեղադրանքով, սակայն հետագայում հենց իրենց իսկ գրպանի դատարանը Ժիրայրին արդարացրեց այդ հոդվածով: Մինչդեռ կալանքի բոլոր որոշումներում որպես հիմնավոր կասկած նշվում էր հենց 301 հոդվածը», — ասաց Գրիգորյանը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դատաքննության արդյունքում, հիշեցնենք, 2007 թվականի օգոստոսի 8-ին վճռեց Ժիրայր Սեֆիլյանին արդարացնել 301 հոդվածով և մեղավոր ճանաչել միայն ապօրինի զենք և զինամթերք պահելու մեջ` նրան դատապարտելով 1.5 տարվա ազատազրկման:

Փաստաբանը նաև ընդգծեց, որ Ժիրայր Սեֆիլյանի դեմ քրեական գործ հարուցվել էր այն ապօրինի գաղտնալսումների նյութերի հիման վրա, որի իրավունքը Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) փաստորեն չի ունեցել, սակայն դատարանը, այս հանգամանքը հաշվի չառնելով, նրա ձերբակալությունից 4 ամիս առաջ` 2006-ի օգոստոսի գաղտնի որոշմամբ ԱԱԾ-ին գաղտնալսումների թույլտվություն էր տվել:

 «Այսինքն այստեղ բացահայտ կամայականություն է եղել և ԱԱԾ մարմինների կողմից, և դատարանի կողմից, որ այդ որոշումը կայացրել էր: Նա պրոֆեսիոնալ դատավոր էր և անհնար էր, որ չիմանար, որ օրենք չկար, և գաղտնալսման որոշում չէր կարող կայացնել», — շեշտում է Գրիգորյանը:

«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի աղմկահարույց ձերբակալությունը կապված էր Պարարվեստի ուսումնարանի դահլիճում կառույցի 2006-ի դեկտեմբերի 2-ին հավաքի ժամանակ նրա ելույթի հետ: ԱԱԾ-ն եզրակացրել էր, որ այսպիսով նախաձեռնությունը նպատակ էր հետապնդում «2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքը ուղղորդել՝ դիմելով ծայրահեղական գործողությունների»:

«Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է ընտանեկան, ընկերական միջավայրում, ռեստորանում մի իրադարձություն նշելիս, շատ ցինիկ և անվայել կերպով, օրենքի բազմաթիվ խախտումներով: Իբր Ժիրայրն իրենից այնպիսի մի վտանգ էր ներկայացնում, որ հատուկ նշանակության ջոկատայինների մի մեծ խումբ է նրա ձերբակալությանն ուղղվել, մեծ աղմուկ-աղաղակ անելով, անցորդներին, այցելուներին աղմուկ-աղաղակով տեղեկացնելով, թե ինչ «ազգային անվտանգության օպերացիա է տեղի ունենում»: Ու ձերբակալության արդյունքում այնպիսի խախտումներ են արել, այնպիսի խայտառակ բացթողումներ են թույլ տվել, որ եթե պատկերացնենք, որ մեր հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալիզը սա է, բավական աղետալի է մեր վիճակը», — ասաց Գրիգորյանը:

Փաստաբանը հայտարարեց, որ առաջիկայում սկսելու են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «քաղաքական պատվերը» կատարած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու գործընթացը:

«Սա քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարի առաջին փորձերն էին, որոնք հետագայում ավելի զարգացան և լայնորեն կիրառվեցին 2008-ի մարտի 1-ի դեպքերի մասնակիցների նկատմամբ: Պատվիրատու Ռոբերտ Քոչարյանը պետք է կրի քաղաքական պատասխանատվություն, բայց պետք է պատժվեն նաև պատվեր կատարողները, քանի որ եթե պատվիրատուն իմանա, որ պատվերը չեն կատարի, չի պատվիրի», — ասաց Գրիգորյանը, հավելելով, որ   Ժիրայր Սեֆիլյանի գործի վերաբերյալ ԵԴ-ի որոշման հիմքերով ԱԱԾ-ի համապատասխան պաշտոնյաներին, պատասխանատու քննիչներին, դատավորներին պատասխանատվության ենթարկելու հարցով դիմելու են Գլխավոր դատախազությանը, Արդարադատության խորհրդին և Հայաստանի նախագահին:

«Եթե նրանք պատասխանատվություն չեն կրելու, ուրեմն դատաիրավական բարեփոխումների մասին խոսողներն ուղղակի դատարկաբանությամբ են զբաղված և նախընտրական շրջանին հատուկ հռետորիկա են բանեցնում», — համոզված է Գրիգորյանը:

Նախորդ հոդվածը‘«Հայկական Ժամանակ». Տներն էժանացել են’
Հաջորդ հոդվածը‘Եվրադատարանի վճիռ. Գրիշա Վիրաբյանին կառավարությունը 25 հազար եվրո պետք է վճարի’