‘ՍԹԱՐ-ը սնանկացման գործընթաց է սկսելու’

1076

ՍԹԱՐ մանրածախ առևտրի ցանցն առաջիկայում դատական կարգով սնանկության գործընթաց կսկսի: Այս մասին հաղորդում է «ԱրմԻնֆո» գործակալությունը՝ վկայակոչելով իր արժանահավատ աղբյուրները: Ժամանակին խոշորագույնը հանդիսացող ռիթեյլերի վերակազմավորումը, ըստ աղբյուրի, ավարտվել է, և ցանցը կվերածվի առանձին պարենային խանութների:

Ավելի վաղ ՍԹԱՐ-ից «ԱրմԻնֆո»-ին տեղեկացրել էին, որ ցանցը ներդրել է մանրածախ բիզնեսի նոր մոդել, որը թույլ կտա առավելագույն օգուտով լուծել ցանցի ընթացիկ պրոբլեմները: Ցանցի ղեկավար Թեոդորա Տիչերիչը հերքել էր լուրերն այն մասին, որ եվրոպական «Ինտերմաքս Լիմիթեդ» ընկերությունը նախատեսում է դառնալ ցանցի ներդրումային գործընկերը՝ միաժամանակ հաստատելով նորությունն այն մասին, որ ընկերությունը բանակցում է օտարերկրյա ներդրողների հետ:

Ցանցի գործադիր տնօրենը ճշգրտել էր, որ կախված նոր մատակարարների հետ համագործակցության կոմերցիոն նոր հնարավորություններից ու պատրաստակամությունից՝ նախկին մատակարարների հանդեպ պարտքերը կմարվեն փուլերով` 2013-2014 թվականների ընթացքում: «Մեր ջանքերի առաջին արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա 6-9 ամիսներին»,- հավաստել էր Տիչերիչը: Նա նաև հաղորդել էր, որ ՍԹԱՐ-ը իրականացվող բարեփոխումների շրջանակում նախատեսում է փոխել դիստրիբուցիայի համակարգը, ինչի արդյունքում կփոխվի նաև քաղաքականությունը և ցանցի տեսականին:

2011 թ. օգոստոսին ՍԹԱՐ-ը փոխեց իր բաժնետերերին: Այժմ ցանցի խոշորագույն բաժնետերն է Viest Assets Ltd-ն, որը գրանցված է օֆշորային Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Նույն տարվա սեպտեմբերին «Սթար Դիվայդ» ընկերությունը գնեց «Ֆրեշ» սուպերմերկետների ցանցը և «Քեթրին» խանութները՝ 30 խանութներով դառնալով Հայաստանի խոշորագույն մանրածախ ցանցը: 2012 թ. կեսերին փոխվեց ցանցի ղեկավար կազմը, և նոր գործադիր տնօրեն դարձավ Թեոդորա Տիչերիչը (Սերբիա):

Նախորդ հոդվածը‘Տանիքից ընկած երեխան հիվանդանոցում մահացել է’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտում է հայ-թուրքական սահմանին «անհամաչափ ուժի կիրառումը»’