Սիմետրիկ քարոզչական մոտեցում. «Առավոտ»

568

Լեւոն Ջավախյանի գործերից մեկում մի մարդ մոտենում է պատմվածքի հերոսին եւ, ցույց տալով նրա գրքի ուղղությամբ, հարցնում է. «Նիկոլի կողմի՞ց ես գրում, թե՞ նրանց»՝ նկատի ունենալով, հավանաբար, «ատելի նախկիններին»: Մեր հիմնական խնդիրներից մեկն էլ հենց այն է, որ մարդիկ չեն հավատում, թե որեւէ մեկը կարող է գրել «իր կողմից», եւ մեծամասնության կարծիքով, պետք է գրել այնպես, ինչպես «ժողովուրդն է ուզում» (եթե հղում անենք նույն պատմվածքին): Եթե անգամ մենք 100%-ով գիտենք, թե ում կարելի է «ժողովուրդ» անվանել, եւ ինչ է նա ուզում, ամենեւին պարտադիր չէ նրան անպայման հաճոյանալ:

Օրինակ, «ժողովուրդն» ուզում էր, որ ես «հերոսություն» եւ «ապստամբություն» համարեմ ոստիկանական գնդի վրա զինված հարձակումն ու մարդասպանությունը: Ես ժողովրդի ուզածով չվարվեցի, եւ, ի դեպ, հետաքրքիրն այն է, որ նրանք, ովքեր ողջունել էին այդ արյունահեղությունը, հիմա դարձել են «խիստ օրինապաշտ», եւ ցասումով են լցված այն մարդկանց հանդեպ, ովքեր ապօրինի ապրում էին ՊՆ նախկին շենքում:

Ընդհանրապես մարդասպանության հանդեպ օգտապաշտական (ուտիլիտարիստական) վերաբերմունքը ինձ միշտ զարմացրել է: Վերջերս 15-ամյա տարելիցն առիթ դարձավ կրկին քննարկելու Մարտի 1-ի իրադարձությունները: Եվ ահա, Քոչարյանի կողմնակիցները գտել են արյունահեղությունն արդարացնելու «փայլուն» ձեւակերպումը. պարզվում է, որ տասը մարդու սպանությունը «փրկել է հայոց պետականությունը» եւ «տասը տարով հետաձգել է դրա կործանումը»: Ուրեմն՝ ընտրություններ կեղծելը, դրա դեմ բողոքողների վրա հարձակվելը, եւ, ի վերջո, բողոքն արյամբ ճնշելը պետությունը փրկող գործողություննե՞ր էին:

Այստեղ ես որոշակի սիմետրիա եմ տեսնում ներկաների եւ նախկինների քարոզչական մոտեցումների մեջ: Այսօրվաններն իրենց ապիկարությունն ու աղետաբար տապալումներն արդարացնում են «բա որ նրանց վախտ» հղումներով: Իսկ երեկվանները՝ Մարտի 1- ի հանցագործությունն արդարացնում են նրանով, որ դրանից տասը տարի հետո իշխանության եկան մարդիկ, որոնք երկիրը տարան դեպի պարտության՝ «բա լա՞վ եղավ, որ սրանք եկան»: Ո՛չ, լավ չեղավ: Բայց դա որեւէ ձեւով Մարտի 1-ին թափված արյունը չի մաքրում:

Մարդ սպանելն արդարացում չունի՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել դրանից առաջ եւ դրանից հետո:

Արամ Աբրահամյան

aravot.am

Նախորդ հոդվածըԲրիտանիայում ռուսաստանցիների դեմ կատարվող հանցագործությունների թիվն աճել է
Հաջորդ հոդվածըԵԱ․ Հայաստանի 8 շախմատիստ մեկնարկեց հաղթանակով