‘Սիրիական բանակը ծանր կորուստներ է կրել ‘

991

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, սիրիական բանակն ամենամեծ կորուստներն է կրել պատերազմի սկզբից ի վեր, հայտնում է Lenta.ru-ն: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը՝ իրավապաշտպանների գնահատականներով՝ մեկ օրվա ընթացքում զոհվել է 87 զինվոր, 64 ապստամբ և 59 խաղաղ բնակիչ: Զոհված զինվորականներից 36-ը սպանվել են երկրի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում, որտեղ արդեն երեք ամիս է՝ կատաղի մարտեր են ընթանում կառավարական զորքերի և ապստամբների միջև: Հոկտեմբերի 9-ին ապստամբների վերահսկողության տակ էր անցել Դամասկոսի և Հալեպի միջև գտնվող Մահարեթ ալ-Նուման քաղաքը՝ դրանով իսկ կտրելով հաղորդակցությունը Սիրիայի երկու խոշոր քաղաքների միջև: Երեք օրվա ընթացքում, ապստամբների խոսքերով, քաղաքում զոհվել էր 300 մարդ:

France-Presse-ի աղբյուրի տվյալների համաձայն՝ կառավարական զորքերը, քաղաքը լքելուց առաջ, մահապատժի էին ենթարկել 65 կալանավորների: Գործակալության թղթակիցը բանտախցերում, որտեղ պահվում էին ապստամբներին համակրող կալանավորները, արյուն և արնոտված հագուստներ էր տեսել:

Նախորդ հոդվածը‘Ռայանը Օբամային մեղադրել է արտաքին քաղաքականության մեջ «երկակի ստանդարտներ» կիրառելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘«Արագ արձագանքման խմբի» բացահայտումները ‘