‘Սիրիական ընդդիմությունը Ռուսաստանի ԱԳՆ-ին մեղադրել է ապատեղեկատվության մեջ’

761

Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարությունն այն մասին, թե ընդդիմության առաջնորդ Մուազա ալ-Խաթիբը պատրաստ է բանակցությունների նպատակով ժամանել Մոսկվա՝ չի համապատասխանում իրականությանը, փոխանցում է Росбалт-ը: Խաթիբի գրասենյակից The Guardian-ի խմբագրությանը հասցեագրված նամակում  նշվում է, որ նա իր համաձայնությունը չի տվել՝ այցելելու Ռուսաստանի մայրաքաղաք, ինչպես այդ մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: «Պարոն Բոգդանովի հետ ոչ ոք նման խոսակցություն չի վարել, ոչ մի այց նախատեսված չէ ոչ առաջիկա շաբաթներին, ոչ էլ  տեսանելի ապագայում»,- պարզաբանել է  Խաթիբի օգնականը: Նախօրեին Բոգդանովը ոչ միայն հայտարարել էր, թե Խաթիբը մտադիր է այցելել Մոսկվա, այլև ընդգծել էր, թե սիրիական ընդդիմությունը «շահագրգռված է այդ այցով», և որ նրանց Մոսկվա է հրավիրել Սերգեյ Լավրովը: Նախկինում Խաթիբը և իր զինակիցները բազմիցս հայտարարել են, թե ռուսաստանյան իշխանությունների հետ բանակցությունները հնարավոր են միայն այն բանից հետո, երբ Մոսկվան վճռականորեն կդատապարտի սիրիական գործող վարչակարգը: Մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները հրաժարվում են դա անել, և ընդդիմության հետ երկխոսությունն այդպես էլ  տեղի չի ունենում, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘River Island-ի կանացի հանդերձարանը նկարող սարք չկա’
Հաջորդ հոդվածը‘Ջանլուկա Վիալի. «Յուվենտուսը» կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում’