‘Սիրիահայերը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի միջոցով ուղերձ են հղել Եվրոպայի ղեկավարներին’

1332

«Մեզ համար համեմատաբար նորություն էր, որ Հայաստանում 7-11 հազար սիրիահայ փախստականներ են ապաստանել», — այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսը:

Հանձնակատար նախօրեին հանդիպել է Հայաստանում հանգրվանած սիրիահայերի ներկայացուցիչների հետ եւ հաճելիորեն զարմացած է, որ նրանք գոհ են Հայաստանի ընդունելությունից: «Ի տարբերություն այն ընդունելության, որ նրանց արժանացրել են եվրոպական մի շարք այլ երկրներում», — հավելեց հանձնակատարը:

Նա նշեց, որ իր հետ հանդիպման ընթացքում սիրիահայերը դժգոհել են, որ Հայաստանում չեն կարողանում սեփական մասնագիտությամբ աշխատանք գտնել: Սիրիահայերը նաեւ խնդրել են հանձնակատարին` Եվրոպայի առաջնորդներին փոխանցել, որպեսզի նրանք ավելի շատ ուշադրություն հատկացնեն սիրիական ճգնաժամից տուժաց մարդկանց խնդիրներին:  «Ժամանակն է, որպեսզի Եվրոպան ավելի խորությամբ գիտակցի մարդկանց համար սիրիական ճգնաժամի առաջացրած խնդիրները», — ասաց Նիլս Մուիժնիեկսը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր կողմից նշեց, որ Հայաստանում ապաստանած սիրիացի փախստականների խնդիրները նույնն են, ինչ մնացած հայաստանցիներինը` արժանապատիվ աշխատանքի բացակայությունը:

 

Նախորդ հոդվածը‘Օրենքի խախտմամբ անջատել են Լեւոն Զուրաբյանի խոսափողը ‘
Հաջորդ հոդվածը‘Աջեմօղլուն բացահայտում է աղքատ երկրների գաղտնիքը. Այն քաղաքական է ‘