‘Սիրիահայերին արեւելահայերենի հետ զուգահեռ անվճար ռուսերեն կսովորեցնեն’

718

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում մասնակցել է «Սիրիահայերի համար արևելահայերենի և ռուսերենի անվճար դասընթացներ» ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (UNHCR) ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Մարկ Անդրեի Կալինինը, արևելահայերենի և ռուսերենի ուսուցիչներ, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի անդամներ և այլք:

Իր խոսքում նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ տարբեր ծրագրերով սիրիահայերը ինտեգրվել են հայաստանյան կյանքին, սակայն կարևոր է լեզվի իմացությունը, հատկապես արևելահայերենի:

Նախարարի խոսքով՝ Հայաստանում ապրելով ու աշխատելով՝ անհրաժեշտ է իմանալ նաև ռուսերենը, քանի որ դա կարևոր է շփումների և ԱՊՀ տարածքի հայերի հետ համագործակցության համար:

ՀՀ սփյուռքի նախարարությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ արդեն դասընթացների նպատակով ներգրավել է արևելահայերենի 53 և ռուսերենի դասընթացներին մասնակցող 60 սիրիահայերի՝ առանց տարիքային սահմանափակման:

Ծրագրի բովանդակային մասն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ, ֆինանսավորումն ապահովում է UNHCR-ը:

Հետագայում նախատեսվում է կազմակերպել նաև անգլերենի դասընթացներ 200 սիրիահայերի համար:

 

Նախորդ հոդվածը‘Աղբյուր. Իշխան Զաքարյանը կշարունակի պաշտոնավարել’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիական կրկեսից առեւանգել են Սերժ անունով արու լամային (տեսանյութ)’