‘Սիրիահայերին ծեծի ենթարկելու համար յոթ հոգու մեղադրանք է առաջադրվել’

1138

Ոստիկանությունը յոթ հոգու մեղադրանք է առաջադրել սիրիահայ ընտանիքին՝ հորը և երկու որդիներին ծեծի ենթարկելու համար։

Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին «Ազատությանը» փոխանցել են Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 113 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար։ Ոստիկանությունը չի մանրամասնում, թե ովքեր են այդ յոթ անձինք, ովքեր, ըստ քրեական գործի, մեղադրվում են սիրիահայ Բրուտյանների ընտանիքի անդամներին ծեծելու համար։

Հիշեցնենք, որ Սիրիայից յոթ տարի առաջ հայրենիք տեղափոխված, մայրաքաղաքում հաստատված Բրուտյանների ընտանիքը ավտոտեխսպասարկման և պահեստամասերի վաճառքի գործ է ձեռնարկել։ Դեպքի առիթ է դարձել պահեստամասի գնի շուրջ անհամաձայնությունը։ «Մանանդ» տաքսի ծառայության սեփականատիրոջ որդիները՝ Արթուր և Ռազմիկ Կարապետյաններն ու նրանց ընկերները ներխուժել են վաճառքի կետ ու ծեծել այնտեղ գտնվող Արմենակ Բրուտյանին ու նրա երկու որդիներին՝ Մանուկին և Քրիստին։

«Մանանդ» տաքսի ծառայության սեփականատեր Քաջիկ Կարապետյանի լիազոր ներկայացուցիչ Միսաք Արշակյանը «Ազատությանը» փոխանցել է, որ Կարապետյանի երկու որդիներին՝ Արթուր և Ռազմիկ Կարապետյանին ևս մեղադրանք է առաջադրվել։ Հենց նրանք են իրենց ընկերների խմբով անցած տարեվերջին ծեծկռտուք սարքել սիրիահայերի վաճառքի կետում։

Երեկ «Մանանդի» սեփականատիրոջ կողմից իրենց մոտ մարդ է եկել՝ հաշտություն առաջարկելու։ Ինչպես պատմում է միջնեկ որդին, Սարգիս Բրուտյանը, առաջարկվել է բարոյական ու նյութական օգնություն, այդ թվում և Քրիստի տեսողությունը արտերկրում վերականգնելու համար։ Ընտանիքը, սակայն, համաձայնություն չի տվել։ Նրանք շարունակում են արդարություն պահանջել։

Սիրիահայերի հետ երեկ հանդիպողը Կարապետյանի բարեկամ, լիազոր ներկայացուցիչ Միսաք Արշակյանն էր։ Նա նշում է, որ պատրաստ են ամեն ինչ անել սիրիահայ բարեկամներին աջակցելու համար։

«Տհաճ բան է տեղի ունեցել, և կփորձենք այնպիսի քայլեր անենք, որ իրենց բարոյական վնասը հարթվի, և իրենք իմանան, որ իրենց բարեկամների մոտ են ապրում, որևէ խնդիր չունեն»,- ասաց Արշակյանը։

«Մանանդի» սեփականատերն «Ազատության» հետ զրույցում ցավ ու ափսոսանք էր հայտնել կատարվածի համար՝ որդիների արարքը «սխալ» որակելով։

Նախորդ հոդվածը‘Մինասի «Հայկական հովվերգություն» որմնանկարը հայտնվել է ֆինանսական խնդիրների ճիրաններում’
Հաջորդ հոդվածը‘Վիկտոր Խրիստենկո. 2014 թ. Հայաստանը պատրաստ կլինի ՄՄ-ին միացման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը ‘