‘Սիրիահայ եղբայրների կյանքը Վանաձորում’

942

Սիրիահայ Ապրահամը եւ Դիկրանը 5 ամսից ավելի է, հորաքրոջ հետ բնակվում են Վանաձորում: «Որ պատերազմը սկսեց, պայթյուններ էին լինում քաղաքի մեջ: Ծնողքս ասին, որ գանք: Ես չէի ուզի գալ: Մի քանի անգամ ասի՝ ոչ: Բայց վերջը եկանք»,- պատմում է Ապրահամը:

Սիրիայում են մնացել տղաների ծնողներն ու քույրը: «Քրոջս նշանածն էլ եկավ Հայաստան, քույրս ու ծնողքս չկարեցան գալ»,- ասում են երիտասարդները:

Փաստաթղթային խնդիրների պատճառով Սիրիայում մնացած հարազատների հետ տղաները հաճախակի չեն կարողանում կապվել:«Հեռախոսով չենք կարող խոսել: Ինտերնետ կապն էլ շատ տկար է: Մի շաբաթ առաջ ենք վերջին անգամ սկայպով խոսել»,- նշում է Ապրահամը:

Երիտասարդը Հալեպի համալսարանում կիսատ է թողել ուսումը: «Մի քննություն էր մնում, որ ավարտեի: Չհասցրի»,- ասում է նա:

Նախ մտածել են հաստատվել Երեւանում, բայց հետո, ինչպես իրենք են ասում, տեսնելով, որ Երեւանում բնակարանների վարձը շատ թանկ է, եկել են Վանաձոր:«Եկանք Վանաձոր, մանավանդ որ էստեղ բարեկամներ ունենք»,- նշում է Ապրահամը:

Հենց բարեկամների աջակցությամբ էլ Ապրահամն ու հորաքույրը աշխատանքի են տեղավորվել Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում՝ որպես կարող: Յուրաքանչյուրը մոտ 60.000 դրամ աշխատավարձ է ստանում: «Շատ ցածր է աշխատավարձը, գներն ու ստացած գումարը իրար չեն բռնի,- ասում է տղաների հորաքույրը՝ Ազնիվը,- մեզ մոտ կարողները 400-500 դոլար կստանան, գներն էլ շատ էժան են»:

Աշխատած գումարով հազիվ են կարողանում բնակարանի վարձը տալ ու հոգալ ամենաանհրաժեշտ ծախսերը: Դիկրանը Վանաձորում աշխատանք չի կարողանում գտնել: Անգլերենի ուսուցիչ է, տիրապետում է նաեւ արաբերենին: «Գնացի ավիոկասաներ, առաջարկեցի, որ իրենց համար թարգմանություններ անեմ, ասացին, որ կզանգեն»:

Ու սպասում է երիտասարդը: Պատրաստ է նաեւ այլ աշխատանք կատարել: Ասում է. «Սուպերմարկետում լինի, մի ուրիշ տեղ լինի, կաշխատեմ»:

Վանաձորում, ու ընդհանրապես Հաաստանում տղաներին տխրեցրել է հայի ապրելակերպը: Ասում են. «Շատ խեղճ կապրին էստեղ, ժողովուրդը շատ ընկճված է»:

Հինգ ամիսներր ընթացքում հասցրել են սիրել Վանաձորը: «Որ նոր էինք եկել, որ խանութի վրա տեսնում էի անունը հայերեն է գրված, մտածում էի՝ ուրեմն սա հայի խանութ է: Հետո հասկացա, որ էստեղ բոլորը հայ են»,- ժպտալով պատմում է Ապրահամը:

Վանաձորում հաջորդ դուր եկածը աղջիկներն են: «Էստեղ աղջիկները, կանայք շատ լավն են,  կաշխատեն, ամուսիններին թեւ-թիկունք կեղնեն: Մեր մոտ կանայք մի քիչ ծույլ են, հիմականում տղամարդիկ կաշխատեն»,- ասում է Ապրահամը:

Երիտասարդները թաքուն ցանկություն էլ ունեն. ամուսնանալ վանաձորցի աղջիկների հետ,  հետագայում, երբ ամեն ինչ կխաղաղվի, Սիրիա վերադառնալու պայմանով:

Գայանե Սարգսյան

www.asparez.am

 

Նախորդ հոդվածը‘Իր կեցվածքով Օբաման վիրավորանք է հասցրել Ամերիկային և Իսրայելին’
Հաջորդ հոդվածը‘Ակցիա դատախազության մոտ. Թարմացված. Ռեժիմը կորցնում է ինքնատիրապետումը. Տեսանյութ’