‘Սիրիահայ համայնքում հերքում են հայերին գլխատելու մասին լուրերը’

975

Սիրիայի հայկական համայնքում հերքում են սիրիացի զինյալների կողմից հայերի նկատմամբ բռնություն կիրառելու մասին լուրերը:

Սիրիայի հայկական համայնքում Մեդիամաքս-ի զրուցակիցը, ով ցանկացել է անանուն մնալ անվտանգության նկատառումներով, հայտնել է, որ այդ լուրերը ապատեղեկատվություն են:

«Ոչ մի հավաստի աղբյուր այդ տեղեկատվությունը չի հաստատում: Սա ապատեղեկատվություն է, չկան փաստեր բռնության ենթարկված անձանց մասին, թե ո՞վքեր են նրանք եւ արդյո՞ք հայեր են: Բացի այդ, Հալեպի այն արվարձանում, որտեղ իբրեւ թե տեղի է ունեցել այդ միջադեպը, հայեր չեն բնակվել ոչ նախկինում, ոչ էլ հիմա: Դրանք ոչ հավաստի լուրեր են»,- ասել է աղբյուրը:

 Նրա խոսքերով, եթե հայերի հանդեպ նման բռնություններ կիրառված լինեին, ապա այդ մասին տեղյակ կլինեին թե՛ հայ համայնքի մյուս անդամները, թե՛ Հալեպի ազգային առաջնորդարանը: «Մինչդեռ անհայտ կորած անձանց մասին լուրեր համայնքում չկան»,- ասել է նա:

Աղբյուրի փոխանցմամբ, սիրիահայերի հանդեպ բռնության կամ հետապնդումների մասին խոսելն անհիմն է:

«Այո՛, չի կարելի հերքել, որ իսլամական ծայրահեղականների կողմից որոշ գործողություններ իրականացվում են քրիստոնյաների` արաբ քրիստոնյաների, ասորիների դեմ, բայց մենք` հայերս, այդ քրիստոնյա հատվածի շատ փոքր տոկոս ենք կազմում»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր ստացվել, որ իսլամ ընդունելը մերժելու հետեւանքով Սիրիայում սպանվել է Մինաս անունով մի հայ, իսկ մի քանի օր առաջ ապստամբների ճամբարից փախած մի խումբ քրդեր պատմել էին, թե ինչպես են զինյալները գլխատել իրենց հետ գերի ընկած երկու հայերին: Քրդերի խոսքերով, հայերից մեկի գլուխը թխվածքաբլիթի տուփի մեջ հրամցրել են մյուս գերիներին:  

Նախորդ հոդվածը‘Հունվարի 9-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 407.88 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Հայացք Մոսկվայից. Նազարբաևի հայտարարությունը հերթական անգամ հարցականի տակ դրեց ինտեգրացիոն, հետխորհրդային միավորումների հեռանկարները’