‘Սիրիահայ հայրենադարձ. Աղքատ ըլլամ, հարուստ ըլլամ՝ հայրենիքս է’

994

Ինչո՞ւ է Քաշաթաղում մթերքը ավելի թանկ, քան Երեւանում, տարակուսում է հայրենադարձ սիրիահայը

Շուրջ մեկ տարի առաջ էր, որ 35-ամյա Սերոբ Պողոսը Սիրիայի Ղամշլի քաղաքից եկավ Հայաստան: Երկու գիշեր Երևանում անցկացնելուց հետո անմիջապես բնակեցվեց Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում, գրում է «Հետքը»:

Երբ Սերոբին հարցրի, թե որտեղ է ապրում, կատակով մոտեցավ հարցիս. «Ինձի շուներու կյանք կապրեցնեն»,- ասաց ու ծիծաղեց: Հետո պատմեց, որ ապրում է ցորենի, երկաթի, ցեմետնի պահեստի պահակակետում, որտեղ ոչ զուգարան կա, ոչ լոգարան: Սերոբը լողանում է դրսում սառը ջրով: «Սառը ջուրը արյունի համար լավ է,- կատակով շարունակում է  նա: -Ամեն երկու օրը մեկ անգամ ջուրը գուքա, եթե այնտեղ եմ, կվերցնեմ շիշերով, եթե այնտեղ չեմ, առանց ջուրի մնացի մինչև հաջորդ գալը: Ատկե զատ, այս հարցերով չեմ ջղայնացած, որովհետև հայրենիքս է: Աղքատ ըլլամ, հարուստ ըլլամ՝ հայրենիքս է»:

Սերոբը պատերազմից առաջ էլ է ցանկացել Հայաստան գալ, բայց ձևն ու ճանապարհը չի իմացել, թե, օրինակ, ՀՀ քաղաքացիություն ինչպես կարող է ստանալ: Իսկ երբ սկսվել է պատերազմը, քաղաքացիության տրամադրումը դյուրին է դարձել, պատերազմն էլ ստիպել է զբաղվել այդ հարցով: Հիմա Սերոբը երկու քաղաքացիություն ունի՝ թե ՀՀ, թե ԼՂՀ:

Միայն թե Սերոբ Պողոսի երազանքներից մեկը հայկական ազգանվան վերջին «յանը» կրելն է եղել, որը նույնիսկ հայրենիքում չի իրականացել: Անձնագիր ստանալիս խնդրել է իր Պողոս ազգանունը Պողոսյան դարձնել, բայց չեն արել. «Երազեցինք մեր ազգանունը «յան» ունենանք, Հայաստան եկանք, Հայաստանը ականջի ետև թափեցին: Չեմ գիտեր՝ ինչի չավելացրին: Մենք այնտեղ ալ կուզեինք, այնտեղ ալ շատ թանկ էր, պետք է վկաներ բերեինք, փող վճարեինք, տետրակներ փոխեին և այլն»,- պատմում է Սերոբը:

Սերոբը էլեկտրիկ  է, Սիրիայում էլ էլեկտրիկ է աշխատել: Ասում է՝  «օր մը գործ կար, 10 օր չկար»: Հիմա Սերոբն աշխատում է Բերձորի էլեկտրացանցում, իսկ կեսօրից հետո այգիներն է ջրում: «Աշխատավարձը կհարմարացնենք, բայց քիչ է»,- ասում է Սերոբը: Երկու գործի համար 100 հազար դրամ է ստանում, բայց հասկանում է, որ եթե ուզենա լավ ապրել, չի կարողանա: «Հիմա եղավ մեկ ամիս, միս գնեցի, ադ ալ երեկ էր»,- ասում է Սերոբը:

Սերոբը մինչ օրս չի հասկանում, թե ինչու Բերձորում աշխատավարձն ավելի ցածր է Երևանից, բայց մթերքն ու ապրանքն ավելի թանկ են, քան Երևանում է: Նա կարծում է, որ կառավարությունը պետք է «ձևով մը օգնե, ճար գտնի», որպեսզի մթերքն ու ապրանքը հասնեն Քաշաթաղ ավելի էժան, կառավարությունը պետք է կազմակերպի այդ առևտուրը»:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ 

 

 

Նախորդ հոդվածը’14 պտույտ Երկրագնդի շուրջ՝ մեծ քաղաքում կայանատեղի որոնելիս’
Հաջորդ հոդվածը‘Շրջադարձ, կամ՝ ինչի՞ համար է ներվելու Սերժը’