‘Սիրիայի ապստամբները գրավել են Դամասկոսի մերձակա ՌՕՈՒ կայանը’

872

Սիրիացի ապստամբները հայտարարել են, որ գրավել են Դամասկոսից հարավ գտնվող կառավարական զորքերի ՌՕՈւ բազան: Նոյեմբերի 19-ին  Reuters-ը հաղորդել է, որ սա սիրիական հակամարտության ողջ ընթացքում  առաջին դեպքն է, երբ ապստամբներին հաջողվել է ամրանալ մայրաքաղաքին անմիջականորեն մոտ գտնվող ռազմական օբյեկտում: Ապստամբների խոսքերով՝ ռազմակայանի համար մղվող մարտերը շարունակվել են չորս օր: Բաշար Ասադի հակառակորդները հրապարակել են մի տեսաերիզ, որում նրանք պատկերված են ոչնչացված ՀՕՊ կայքերի ֆոնին, իսկ նրանց հրամանատարը ռացիայով զեկուցում է «զորամասը լիակատար վերահսկողության տակ վերցնելու» մասին: Կառավարական զորքերի և ապստամբների կողմից զոհերի մասին ոչինչ չի հայտնվում: Reuters-ը նաև հաղորդում է, որ անկախ աղբյուրների կողմից առայժմ չի հաջողվել ստանալ ռազմակայանը գրավելու փաստի հաստատումը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին ապստամբների անջատ խմբերը միավորվեցին միասնական դաշինքի մեջ՝ Ասադի կառավարական զորքերի դեմ իրենց գործողությունները համակարգելու նպատակով: Պարսից ծոցի երկրները, ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Թուրքիան արդեն դաշինքը ճանաչել են որպես սիրիացի ժողովրդի օրինական ներկայացուցիչ, իսկ Ֆրանսիան ընդդիմադիր դաշինքը ճանաչել է որպես  երկրի միակ օրինական մարմինը:

Սիրիայի հակամարտությունը շարունակվում է 2011 թ. գարնանից: Այդ ընթացքում, իրավապաշտպանների տվյալներով, հակամարտության զոհ է դարձել 38 հազար մարդ, հարյուր հազարավոր սիրիացիներ ստիպված են եղել հեռանալ երկրից: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանն անհանգստացած է Գազայի հատվածում աճող լարվածությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Հրայր Թովմասյան. Բանտերում ինքնախեղումների պատմությունները հաշվվում են դարերով’