‘Սիրիայի գծով ՄԱԿ-ի բանագնացը չգիտի՝ ինչ անել Սիրիայի հետ’

909

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքային առաջին օրվա գլխավոր թեմաներից մեկը Սիրիան էր: Անվտանգության խորհուրդը փակ դռների ետևում քննարկում էր այդ երկրում ընթացող  քաղաքացիական պատերազմը: Սիրիայի գծով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր առաջին ելույթով հանդես եկավ Լահդար Բրահիմին:

Հանդիպումից հետո նա լրագրողներին խոստովանեց, որ ինքը որևէ ծրագիր չունի, թե ինչպես կարելի է դադարեցնել բռնությունները Սիրիայում: «Կարծում եմ՝ բոլորն են համաձայն, որ Սիրիայում իրավիճակը չափազանց բարդ է և օր օրի ավելի է բարդանում: Այն վտանգ է սպառնում տարածաշրջանին, ինչպես նաև կայունությանը ողջ աշխարհում»:

ՄԱԿ-ի տվյալներով՝ իշխանությունների և ընդդիմության միջև մեկուկես տարի ձգվող հակամարտության ընթացքում, որը վերաճել է քաղաքացիական պատերազմի, զոհվել է ավելի քան 20 հազար մարդ: 250 հազար սիրիացիներ պատերազմի պատճառով փախել են հարևան երկրներ:

Արևմուտքը պնդում է, որ  նախագահ Բաշար Ասադը պետք է անհապաղ հեռանա իշխանությունից: Պաշտոնական Դամասկոսն էլ պնդում է, որ մարտնչում է ոչ թե ընդդիմության, այլ ահաբեկիչների դեմ , որոնք օգնություն են ստանում արտասահմանից: 

Նախորդ հոդվածը‘Գլդանի բանտի ողբերգությունն օգտագործվել է նոր «օրենքով գող» թագադրելու համար’
Հաջորդ հոդվածը‘Վթարի հետևքանով 1 զինվոր մահացել է, իսկ 9-ը՝ վիրավորվել ‘