‘Սիրիայի վերաբերյալ քննարկումներ G20-ում. ամեն մեկը մնաց իր կարծիքին’

920

Երեկ երեկոյան G20 գագաթնաժողովի մասնակիցները մասնակցել են Պետերգոֆում տրված ընթրիքին, որտեղ քննարկվող հիմնական թեման եղել է Սիրիայի իրավիճակը: Սակայն քննարկումների արդյունքում որևէ ընդհանուր կարծիքի ձևավորման մասին չի հայտարարվել: Ընթրիքի տոնական մթնոլորտը չի օգնել, որպեսզի գագաթնաժողովի մասնակիցները փոխեն իրենց գնահատականը Ասադի վարչակարգի կամ էլ Սիրիային հարված հասցնելու նպատակահարմարության վերաբերյալ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ի տարբերություն մյուս ղեկավարների, միջոցառմանը ներկայացել է գրեթե մեկ ժամ ուշացումով և չի մասնակցել ընթրիքից առաջ Պուտինի կազմակերպած զբոսանքին Պետերգոֆի պուրակում՝ դրանով իսկ հասկացնելով, որ առանձնապես հույսեր չի կապում, թե կարող է որևէ կերպ փոխել Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի հարցում, այն է՝ սիրիական հակամարտությանը ռազմական միջամտության  մասին օրինական որոշում կարող է կայացնել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Դեռևս պարզ չէ, թե արդյոք Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները առանձին հանդիպում կունենան: Գագաթնաժողովի մասնակիցների դիմավորման արարողությանը Օբաման ու Պուտինը փոխադարձաբար ժպտացել են իրար, սեղմել միմյանց ձեռք և մի երկու նախադասություն փոխանակել: Պաշտոնական տվյալներով՝ Օբաման, նախկինի պես, Պետերբուրգում մտադիր է հանդիպել ոչ թե Պուտինի, այլ իրավապաշտպանների և ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների հետ: Իսկ ռուսական կողմը շարունակում է պնդել, որ նախագահների առանձին հանդիպումը չի բացառվում, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է Ֆյուլեին’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ. Աշխատավարձերի նախատեսվող միջինացված աճը կազմելու է 20 տոկոս’