‘Սիրիայում եւ Իրաքում ոչնչացվել են «Իսլամական պետության» 7 հազար ահաբեկիչ’

1029

Միջազգային կոալիցիայի Սիրիայում եւ Իրաքում իրականացված գործողության արդյունքում վերջին մի քանի շաբաթների ընթացքում վերացվել են «Իսլամական պետություն» խմբավորման առնվազն 7 հազար ահաբեկիչ:  

Associated Press-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հորդանանի ռազմա-օդային ուժերի հրամանատար գեներալ Մանսուր Սալեհ ալ-Ջուբուրը:

«Մենք ոչնչացրել ենք լոգիստիկ կենտրոններ, զինապահեստներ եւ ահաբեկիչների ապաստանները»,- հայտարարել է նա: Ալ-Ջուբուրի խոսքերով՝ գործողության սկզբից, ընդհանուր առմամբ, ինքնաթիռների ավելի քան 5 հազար ռազմական թռիչք է իրականացվել: Ինչպես ընդգծել է ալ-Ջուբուրը, վերջնական նպատակը մնում է ջնջել «Իսլամական պետությունը» երկրի երեսից: Հորդանանյան բանակի տվյալներով, կոալիցիային արդեն հաջողվել է ոչնչացնել խմբավորման ռազմական կարողության շուրջ 20 տոկոսը:

Ավելի վաղ «Իսլամական պետության» կողմնակիցները տարածել էին 5 լուսանկար եւ տեսագրություն, որոնց վրա իբր պատկերված էր ահաբեկիչների կողմից գերեւարված  հորդանանյան օդաչու Մոազա ալ-Քասսաբեխի կենդանի այրումը: Ի պատասխան, հորդանանյան կողմը փետրվարի 5-ին եւ 6-ին կատարել է 56 օդային հարված խմբավորման ռազմավարական կենտրոնների վրա՝ Սիրիայում եւ Իրաքում:

Հորդանանը՝ միջազգային կոալիցիայի մասնակից-պետությունների կազմում է, որի ուժերը 2014թ օգոստոսից հարվածում է ահաբեկիչների դիրքերին Իրաքում, սեպտեմբերից՝ Սիրիայում:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ակտիվացել էր 2014-ի ամռան սկզբին եւ գրավել էր Սիրիայի եւ Իրաքի զգալի մասը: Հունիսի 29-ին վերահսկվող տարածքներում հռչակվել էր խալիֆայության ստեղծումը:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները կհանդիպեն Մինսկում’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում են տեղումներ’