‘Սիրիայում օրեր առաջ վիրավորված հայազգի երիտասարդը մահացել է ‘

832

Թուրքիային սահմանակից սիրիական Հասաքե քաղաքում օրեր առաջ վիրավորված հայազգի երիտասարդ Յուսեֆ Պաչորան մահացել է: Այդ մասին«Արմենպրես»-ին տեղեկացրել է Հասաքեում բնակվող մեր հայրենակիցը: Դեկտեմբերի սկզբին տեղեկություններ էին ստացվել, որ Հասաքե քաղաքում զինյալների կողմից հայ տղամարդ էր սպանվել, վիրավորվել էր նրա որդին: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զինյալները փորձել են առեւանգել հայ երիտասարդին: Տեղեկությունների համաձայն` զոհվածն Աբդ ալ Ահադ Պաչորան է: 

Հալեպում տիրող իրավիճակի վերաբերյալ Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը տեղեկացրել է, որ Հալեպում մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Միակ դրական փոփոխությունը երեկվա համեմատ Հալեպում այսօր փոքր-ինչ երկար տրված էլեկտրականությունն է եղել: Այժմ, սակայն, քաղաքը կրին խավարի մեջ է, եւ մերթ ընդ մերթ լսվում են կրակոցների ու պայթյունների ձայներ:

Դամասկոսից տեղեկացրել են, որ մայրաքաղաքի օդանավակայանի ճանապարհին օրեր շարունակ շարունակվող թեժ մարտերից հետո իրավիճակն ավելի հանգիստ է: Կառավարական ուժերը մեծ վնասներ են հասցրել զինյալներին: Ըստ աղբյուրի, մայրաքաղաքում եւս հացի խնդիր է առաջացել, քանի որ տարբեր գյուղերից եւ քաղաքներից Դամասկոս են տեղափոխվել հազարավոր բնակիչներ, եւ մայրաքաղաքի բնակչությունը բավական աճել է: Այդ իսկ պատճառով հացի փռերը չեն հասցնում հաց մատակարարել արդեն իսկ բավական մեծ թվով բնակչություն ունեցող Դամասկոսին:

Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ: Հայ զոհերի թիվը գերազանցել է 4 տասնյակը:

 

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Աշոտ Ադամյան. Մի ամբողջ ժողովուրդ չի կարող անգրագետ լինել ‘
Հաջորդ հոդվածը‘Միձեռնանի մարզիկը հաղթում է խառը մենամարտերում. տեսանյութ’