‘Սիրիան մեծ պատերազմի նախօրեին’

1220

Շեքսպիրի Օթելլոն ինքնասպան լինելուց առաջ հիշում է, թե ինչպես է Հալեպում հաշվեհարդար տեսել «փաթթոցավոր չարագործ տաճիկի» հետ ընդամենը այն բանի համար, որ նա ծեծել է մի վենետիկցու: Եթե խեղճ մավրն իմանար, թե այդ «տաճիկի» հետնորդներն հիմա ինչ ոճիրներ են գործում այդ քաղաքում և ողջ երկրում, հավանաբար շուռ կգար գերեզմանում…

Այն, ինչը երկու տարուց ավելի մտահոգում էր մարդկանց, իսկ մեզ` հայերիս, անգամ վախեցնում, կարծես թե դառնում է իրողություն:

Ամերիկան և նրա դաշնակիցները, որոնք երկար ժամանակ սպառնում էին Բաշար Ասադին, կարծես թե անցնում են սիրիական Ռուբիկոնը: Նրանք հայտարարել են, որ օգոստոսի 29-ին (հինգշաբթի) սկսում են զանգվածային ռազմական գործողություններ Սիրիայի կառավարական զորքերի դեմ:

Իսկ ինչու՞ հենց հիմա, երբ ռազմական գործողությունների պլաններ արևմտյան երկրների շտաբներում կազմվել էին դեռևս կես տարի առաջ:

Նախ, այն պատճառով, որ Ասադի զորքերը հաջողություններ արձանագրեցին արմատական իսլամիստների հետ կռվում, և Արևմուտքն սկսեց անհանգստանալ:

Այնուհետև ծրագրավորված, մի գուցե և չծրագրավորված, Օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի զոհ դարձավ 1300 մարդ, որը Սպիտակ տունը գնահատեց որպես Ասադի զորքերի կողմից խաղաղ բնակչության զանգվածային կոտորած:

Այսպիսով, Սիրիայի նախագահը խախտեց Վաշինգտոնի սահմանած «կարմիր գիծը», որի համար, Սպիտակ տան որոշմամբ, «նա պետք է պատասխան տա անպաշտպան մարդկանց դեմ քիմիական զենք կիրառելու համար»:

Մազաչափ անգամ չկասկածելով, որ զարին գազն օգտագործել են սիրիական կառավարական զորքերը, ամերիկացիները չեն էլ սպասում այդ խնդիրն ուսումնասիրող ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի եզրակացությանը, ինչպես նաև գտնում են, որ կարելի է հարվածել Սիրիային` առանց ունենալու Անվտանգության Խորհրդի որոշումը, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և կրկնում է Իրաքի պատմությունը:

Կասկածից վեր է, որ այդ ինստիտուտի մշտական անդամներ Ռուսաստանն ու Չինաստանը երբեք չեն քվեարկի ամերիկյան բանաձևի օգտին: Ավելին, Մոսկվան Լավրովի բերանով հայտարարում է, որ քիմիական զենքն օգտագործել է ոչ թե բանակը, այլ ընդդիմությունը: Այս վարկածը ևս գոյության իրավունք ունի, եթե հաշվի առնելու լինենք, որ Սիրիայում իրար դեմ կռվող ուժերը համառ կերպով դիմացինին են մեղադրում քիմիական զենք օգտագործելու մեջ:

Օբամայի համար ուժեղ փաստարկ է սիրիական իշխանությունների հեռախոսային խոսակցության լսումները ամերիկյան հետախուզության կողմից: Ասադի սխալներից մեկն էլ այն է, որ նա երկար ժամանակ չէր թողնում միջազգային մասնագետներին՝ հետազոտելու զենքի առկայության փաստը, որը համարվում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում և օգտագործվեց նրա դեմ Արևմուտքի կողմից:

Բոլոր դեպքերում այն տպավորությունն է ստեղծվում, որ Վաշինգտոնը պարզապես առիթ է փնտրում պատերազմելու համար, առանց մինչև վերջ ջոկելու թացը չորից:

Սպիտակ տունը չի ուզում հաշվի նստել այն փաստի հետ, որ քիմիական զենքի օգտագործման մեղքը շատերը կապում են Ասադի կրտսեր եղբոր` Մահեր Ասադի հետ:

Քաջատեղյակ աղբուրների համաձայն, լինելով Հանրապետական գվարդիայի և զրահատանկային Չորրորդ դիվիզիայի հրամանատարը, նա է հրամայել օգտագործել մահաբեր զենքը Դամասկոսի արվարձան Հարավային Գուտայում` առանց եղբոր՝ Բաշարի հետ համաձայնեցնելու: Ասում են, որ երկու եղբայների հարաբերությունները բարդ են ու լարված:

Ասադ-կրտսերին բնութագրում են որպես դաժան, կամակոր, անհաշտ և կոռումպացված անձնավորություն, որի խղճին է 2011 թվականին Սիրիայում տեղի ունեցած բախման և սպանված ապստամբների արյունը, ինչպես նաև բազմաթիվ սպանություններ: Նա մի քանի անգամ փորձել է երկրի իշխանությունը վերցնել իր ձեռքը:

Մահար Ասադն ունի իր անվտանգության համակարգը, սեփական բանտը և չի ենթարկվում ավագ եղբորը: Բայց համաձայնեք, որ նախագահն այնքան էլ պատասխանատու չէ անբարիշտ եղբոր վարքագծի համար:

Այդ ամենով հանդերձ, Ասադների գլխին այսօր մահացու վտանգ է կախված:

Գործի է դրված ՆԱՏՕ-ի ռազմական մեքենան: Ըստ վերջին հաղորդագրությունների՝ զանգվածային կետային հարվածներ կիրականացվեն սիրիական ռազմական, հրամանատարական և ինֆրաստրուկտուրային օբյեկտներին: Դրանք կկատարվեն «Տամագավկ» և «Տրաֆալգար» հրթիռների օգնությամբ առափնյա ջրերում լողացող ամերիկյան չորս ռազմանավերից ու բրիտանական սուզանավից:

Նախատեսվում է հարվածը հասցնել հինգշաբթի՝ 29.08.2013թ., գիշերը:

Ժամանակն ընտրված է այն հաշվով, որպեսզի ռազմական օբյեկտների «քաղաքացիական ծառայողները գտնվեն տանը, անկողիններում, որը կպակասեցնի կորուսների թիվը»: Եթե ամեն ինչ ընթանա ինչպես պլանավորվում է, ապա հրթիռները կխոցեն թիրախները մի քանի մետրի ճշգրտությամբ:

Ամերիկան հավաստիացնում է, որ ցամաքային զորքերի մասնակցությունը ռազմական գործողություններին բացառվում է: Սա բացատրվում է նրանով, որ ամերիկացիների 60%-ը դեմ է պատերազմին, ինչը միլիարդներ կարող է նստել իրենց վրա: Հետո Օբաման վախենում է զոհեր տալուց, ինչը կատարվեց իրաքյան և աֆղանական կամպանիաների ժամանակ:

Օդային հարվածները կարող են ուղեկցվել հատուկ ջոկատայինների կողմից ներխուժումով, որոնք կգործեն Թուրքիայի և Հորդանանի տարածքներից:

Մենք խոսում ենք հիմնականում ԱՄՆ-ի պլանների մասին: Իսկ ինչպե՞ս են դրանց վերաբերվում նրա զինակիցները: Միանգամայն դրական, անգամ խանդավառությամբ: Ես նկատի ունեմ առաջին հերթին Անգլիան և Ֆրանսիան: Նույնիսկ հեռավոր Ավստրալիան պատրաստակամություն է հայտնում միանալ մեծ եղբորը: Մատնաչափ Կիպրոսն էլ կմասնակցի ռազմական գործողություններին, քանի որ այնտեղ է տեղավորված Մեծ Բրիտանիայի միջերկրածովյան ամենամեծ ռազմածովային բազան:

Արաբական երկրները հաճախ են խոսում համազգային համերաշխության և միասնության մասին, որը հեռու է իրականությունից: Ներկա իրավիճակը բացառություն չի կազմելու, իսկ տուժել կարող են բոլոր արաբական պետությունները և առաջին հերթին Լիբանանը: Եթե Սիրիայում դրությունը չշտկվի, Լիբանանում կարող են տեղի ունենալ լուրջ իրադարձություններ, որոնց կիզակետում հայտնվելու է նաև հայկական համայնքը:

Անջատել Իրանը սիրիական ճգնաժամից, մենք իրավունք չունենք:

Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցների հիմնական նպատակը ոչ թե Սիրիան է, այլ Իրանը: Ահա թե այդ կապակցությամբ ինչ է ասում Ռուսաստանի Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին. «Պարզ է՝ որոշում է կայացված հարված հասցնել Իրանին` կապված իրանական միջուկային զենքի ծրագրի «կարմիր գծի» հետ: Փորձագետների կարծիքով՝ Թեհրանը պետք է միջուկային զենք ունենա ոչ ուշ, քան 2014-ի ամռանը: Մինչ այդ, ռազմական գիտության բոլոր օրենքներով անհրաժեշտ է ջախջախել Իրանի Միջերկրական ծովի միակ դաշնակցին` Սիրիային: Եթե այդպիսի որոշումը կայացված է, որևէ բան անելն անհնար է»: Մեկնաբանություններն ավելորդ են:

Իրանական իշխանությունները զգուշացրին, որ Դամասկոսի դեմ արևմտյան կոալիցիայի գործողությունների դեպքում ինքն իրավունք կվերապահի ձեռնարկել համապատասխան քայլեր: Իմ կարծիքով, այստեղ, լավագույն դեպքում, Իրանը կարող է «Հըզբոլլայի» միջոցով պարտիզանական գործողություններ ծավալել, ինչ որ անում է ներկայումս:

Գանք Թուրքիային: Հավատարիմ իր վաղուց որդեգրած դիվանագիտությանը` շագանակները կրակից հանել ուրիշի ձեռքերով, մնալ կույս և հաճույք ստանալ, Անկարան կարծես թե Սիրիայի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալելու առաջամարտիկներից է: Սա պարզապես բլեֆ է: Երբ քննարկվում է ՆԱՏՕ-ի ռազմական խոշոր խմբավորումներն իր տարածքում տեղակայելու հարցը, նա խուսափում է ֆինանսական և անվտանգության նկատառումներով: Օրերս Թուրքիան հայտարարեց, որ կոալիցիայի շրջանակում կարող է իր վրա վերցնել մարտավարական բնույթի պարտականություններ, մեկ էլ զբաղվել հումանիտար խնդիրներով: Ընդամենը:

Չինաստանը երբեք անմիջական մասնակցություն չի ցուցաբերի Մերձավոր Արևելքի իրադարձություններին: Լավագույն դեպքում նա կգործի միջազգային կազմակերպությունների շրջանակում: Պեկինը մշտապես հավատարիմ է իր սկզբունքին. «նստել լեռան կատարին և հետևել վագրերի կռվին»:

Սիրիայում հնարավոր մեծ պատերազմի դեպքում վճռորոշ է Ռուսաստանի դերը: Լավրովն ուժի կիրառումն այստեղ համարում է սխալ, որը կարող է «բերել իրադրության վատթարացման»:

Խոսելով սիրիական կոնֆլիկտի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման մասին՝ նախարարն անում է հետևյալ հայտարարությունը. «Մոսկվան ոչ մեկի հետ չի պատրաստվում կռվել»:

Միանշանակ մեկնաբանել Լավրովի հայտարությունը դժվար է: Նմանօրինակ իրադրությունում Խորհրդային Միությունը հիմնականում հանդես էր գալիս կտրուկ և առարկություն չընդունող դիրքերից՝ երբեմն հավասարակշռելով պատերազմի եզրին: Փոխվել են ժամանակները, և ուժերի հարաբերակցությունն ուրիշ է:

Իհարկե, Լավրովի հայտարարությունը խոհեմ դիվանագիտության և պատերազմից խուսանավելու քաղաքականության դասական օրինակ է: Սակայն չի կարելի չնկատել, որ այն նկատելիորեն տարբերվում է սիրիական կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ մինչ օրս Մոսկվայի ունեցած դիրքորոշումից: Թե որքանով այն կազդի ամերիկյան կողմի վրա, ցույց կտա դեպքերի զարգացումը: Վաշինգտոնը հազիվ թե փոխի իր քաղաքական գիծը: Ընդհակառակը, բացառված չէ, որ նա այն ավելի կկարծրացնի: Սա ընդամենը անձնական կարծիք է:

(Ինձ հետաքրքրում է մեկ այլ բան: Ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի ռեակցիան, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա):

…Երևանյան շենքում, ուր ես եմ ապրում, մի քանի հալեպահայեր բնակարաններ են վարձակալում: Բարեհամբույր, հաղորդակից մարդիկ են, աչքերում` թախիծ: Ամեն անգամ վերելակում հանդիպելիս ասում են. «շուտով ետ պիտի երթանք»:

Իրոք, հույսը վերջինն է մեռնում:

Արման Նավասարդյան
Արտակարգ և լիազոր դեսպան

Diplomat.am

Նախորդ հոդվածը‘Տղամարդը ընկել է վերելակի հորանը և մահացել’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանական խորհրդարանը դեմ է քվեարկել Սիրիա ներխուժելու բանաձեւին’